Կան հարցեր, որոնց շուրջ չի կարելի առօրյա քաղաքական շահարկումներ թույլ տալ: Այդպիսի հարցերից է մեծ ջանքերի գնով ձեռք բերված մեր ռազմական հաղթնակը, այդ թվում Շուշիի ազատագրումը: Ժամանակն է, որ ազատվենք ֆոլկլորային մտածողությունից եւ հասկանանք, որ անկախ մեր քաղաքական նախասիրություններից ռազմական հաղթանակի արձանագրման գործում իրենց վճռորոշ ավանդ են ունեցել ոչ միայն զուտ ռազմական գործիչները, այլեւ քաղաքական ղեկավարները: Առանց քաղաքական ռազմավարության առհասարակ չի լինում ռազմական ստրատեգիա եւ ռազմական հաղթանակ՝ սա ռազմական տեսության աքսիոմներից է: Հաղթնակի կերտման խնդրում իրենց դերն ունեցել են այդ թվում մեր երեք նախագահները՝ յուրաքանչյուրն այն ժամանկվա իր տեղում: Եվ սա անկախ նրանից, թե մեզնից ում, այդ երեքից ո՛ր մեկն է դուր գալիս, եթե ա՛ռհասարակ որեւէ մեկը դուր է գալիս: Եվ անկախ նրանից, թե այլ հարցերում, կամ հետագայում նրանցից ո՛ր մեկն ինչպե՛ս է դրսեւորել իրեն: Քաղաքական փոփոխական վերադասավորումները չպետք է իրենց ազդեցությունն ունենան այս հարցում: Իսկ սպան, որն իր նախկին գերագույն հրամանատարին թիկունքից հարվածում է՝ ինքն է իր իսկ պատվի հետ առաջին խաղացողը:



