Ինչո՞վ ա տարբերվում Աֆրիկյանների ակումբի դեպքը: Նրանով, որ բացի վատով հասարակական կարծիքի վրա թքելուց ու էշը առաջ քշելուց, աշխատում է նաեւ լավով համոզելու եղանակը: Վերջի օրերին հայտնվել են բազմաթիվ «համոզիչ» ու համոզող հրապարակումներ եւ ելույթներ, օրինակ՝ սա կամ Նարեկ Սարգսյանի անձնական պատասխանատվության խոստումը: Իհարկե, էս փաստարկներն էլ դեռ շատ վիճելի են. նախ, համաձայն ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (անպայման կարդացեք, շատ հետաքրքիր է) ՝ յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Այս դեպքում, իրավասու մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի` հարմար վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման համար: Հիմա, իհարկե, չի բացառվում, որ իրոք կան պատճառներ տվյալ կառույցը տեղափոխելու համար, չնայած անձամբ ես դեռ չեմ լսել բավարար հիմնավորումներ, բացի փողոցի լայնքից, որը կարելի է ուրիշ կերպ լուծել, ասենք, շարժումը այդ հատվածումմ միակողմանի դարձնելով ու փողոցում կայանելը արգելելուց, վերջիվերջո, շատ ավելի նեղ փողոցներ կան ամբողջ աշխարհում, որ նորմալ աշխատում են եւ հազար ու մի ուրիշ կառույցներ կան Երեւանում, որոնք խանգարում են, բայց որոնց ձեռ չեն տալիս (դե տերերը շատ կռուտոյ են): Ու մի կողմ դնենք, որ փաստաթղթային բազան շատ կասկածելի ա, հայտնի չի նաեւ որ կազմակերպությունը պետք է իրականացնի, որն է վերակառուցելու համար հատկացված տարածքը): Նարեկը ասեց. «Շատ մոտիկ տեղ», լավ ա չերդվեց):

Բայց ասածս դա չէ, կարեւորը, որ քանի դեռ որեւէ խայտառակ ճչացող քաղաքաշինական հանցագործության համար որեւէ մեկը չի պատժվել եւ վնասները որեւէ ձեւով քաղաքին չեն հատուցվել, նման քննարկումները ընդհանրապես անտեղի են: Ինչպ՞ես կարելի է խոսել լրջագույն քաղաքաշինական միջամտության-վիրահատության մասին, եթե ո՛չ գլխավոր ճարտարապետները (նախկին, թե ներկայիս), ո՛չ քաղաքապետը՝ իր չինովնիկներով, ո՛չ մշնախը, ո՛չ քաղաքաշինության նախարարները) առաջվա եւ հիմիկվա (չեն կանխել եւ չեն արձագանքել, չեն դիմել իրավապահ մարմիններին ո՛չ Սեւան հյուրանոցի, ո՛չ Փակ շուկայի, ո՛չ սառցակոմբինատի, ո՛չ շաբաթներ առաջ ապօրինի քանդված Աճարյանի անվ. դպրոցի համար: Էլ չեմ ասում, որ աչքերիս առաջ կարծես թե օրինական քանդեցին հուշարձան շենքերը Շահումյանի հրապարակի վրա՝ ցինիկաբար ծածկելով «Կառուցենք պահպանելով» պաստառը, բայց մինչ օրս հասարակությունը այդպես էլ չտեսավ, թե ի՞նչ են կառուցում այդտեղ, եւ տենց էլ մարդ չհասկացավ՝ ո՞վ ա թույլ տվել քանդել շենքերը: Իհարկե, սրանք բոլորը չեն, ուղղակի էսքանը հերիք ա, որ հասկանաք, որ իշխանությունները չունեն ոչ մի իրավունք խոստումներ տալու. պատասխանատվության մասին խոսքերը դատարկ փուչիկ են, վստահության պաշարն էլ զրոական ա:

Հիմա ամփոփեմ. մինչեւ էս դեպքերի իրավական ու բարոյական պատասխանները չտրվեն իշխանության կողմից, որեւէ քննարկում Աֆրիկյանների շենքի ճակատագրի մասին անհնար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել