Հուշերիս տունը...Որքա՜ն վաղուց չէի բացել դուռդ:
Վախից, հուզմունքից, ցավից, զզվանքից, ափսոսանքից, հրճվանքից... Միշտ կարծել եմ, որ իմ աշխարհում` կյանքիս մայրաքաղաքում, սեփականություն ունեմ՝ հուշերիս տունը: Ուրեմն ես սեփականատեր եմ, գուցե սեփականությունը կորցրած...բայց չէ՛, հուշերիս բանտել եմ այնտեղ: Ձեռքս դրեցի դռան կողպեքին, այնքան սառն էր ու անտարբեր. տիրոջը չճանաչեց: Իսկ ո՞ւր մնաց ուրախություններիս ջերմությունը: Մտածեցի ավելի լավ է միանգամից բանալին գործի դնեմ: Իսկ ո՞ւր է մետաղի այդ կտորը, գրպանո՞ւմ: Ո՛չ... ուղեղիս մի անկյունում այն քնած է, ասես հավերժի քնով, բայց երբ արթնացնեմ, մետաղը կդառնա դոնդող` երերուն, հուզվող, հուշերի քամուց տատանվող դոնդող: Ու քանի դեռ բանալին քնաթաթախ էր, բացեցի դուռը, հուշերիս տան դուռը: Եվ ի՜նչ պատկեր... սարսուռ, կսկիծ, ցավ, կարեկցանք, հուզմունք, թախիծ: Այս ի՜նչ օրն են ընկել հուշերս: Ու նրանցից ոչ մեկը գիրկս չընկավ, ինչպես առաջներում էր, սիրտս չշարժեց այնչափ, որքան որ ծարավել էր այն: Հուշերիս տան 70 մ2-ում օդը ծանրացած էր, խոնավ, հին օրերից խոնավացած: Հուշերս քաղցած էին, պատրաստ հարձակվելու զոհի վրա, բայց այնքան թուլացած, նվաղած, մերկացած: Տան ամեն մի մ2-ին ուներ իր տերն ու տիրականը: Բայց երբ աչքերով վազվզում էի տան անկյուններով, փնտրում «ժպիտ» հուշերս, նրանց չգտա: Այնքան անուշադիր եմ եղել, որ երես եմ տվել միայն «ցավ» հուշերիս, իսկ սրանք էլ պատին են սեղմել «ջերմ» հուշերիս, անգամ պատնեշ դրել: Հուշերիս վերադաստիարակել, վերադասավորել է պետք: Մի հուշ ունեի, որին շատ էի սիրում, տաքացնում գրկումս, այդ գրկախառնությունից աչքերս էին լցվում, միտքս էր լցվում հազար ու մի տառով, բառով, ժպիտով, հայացքով, շնչով...հազար ու ՄԻ... Ու երբ տեսա այդ հուշիս գետնին ընկած, սատկած, տարօրինակ ափսոսանք զգացի: Խղճացի թե ինձ, թե հուշիս...Չէ՛, հուշերիս այս տունը շատ է փոշոտ ու կեղտոտ, մռայլության գարշահոտը փակում է շնչուղիներս: Ավելի լավ է վաճառեմ այս դառնադեմ առանձնատունը ու մի նոր դղյակ կառուցեմ, ուր կտեղավորեմ բոլոր հուշերս, ուր նրանցից ոչ մեկը զոհ չի  դառնա ու պատի տակ դիակ չի  բուրի: ՎԱՃԱՌՎՈՒՄ Է 70 մ2 - ՈՑ ՀՈՒՇԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ...
Հ.Գ. Վաճառում եմ առանց ներսի հնացած հուշերի:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել