Չեմ հասկացել ու չեմ հասկանում մեր այդ հիվանդագին մոլուցքը դեպի այդ թղթի կտորը, այդ ԴԻՊԼՈՄ կոչվածը, որը հիմա իրոք որ դարձել է մի անպետք թղթի կտոր: Ես շատ ծանոթներ ունեմ, որոնք ոչ հեշտ, կարելի է ասել անմարդկային նեղությունների միջով անցնելով, փորձում են իրենց երեխային դարձնել այդ թղթի կտորի տերը: Բարեկամներս, հասկացեք, դրա փոխարեն պետք է ամեն ինչ ներդնել երկիր կառուցելու համար: Մեր երկիրը բավարար չափով աշխատատեղեր չունի ու եթե այսպես թողնեք՝ երբևիցե չի էլ ունենա: Էլ ու՞մ համար եք կրթություն տալիս ձեր երեխաներին, այն էլ այդպիսի մեծ դժվարությամբ: Ազնվորեն եմ ասում, արդեն բազում այդպիսի դեպքերի ականատեսն եմ եղել, երբ երեխան վերջացնում է ուսումը, վերցնում է այդքան մեզ համար «թանկ դիպլոմը» ու հայդա արտերկիր: Իր ոչ գրագետ բարեկամը, որը ռուսաստաններում արդեն «լավ գործերի ա», կանչում է նրան իր մոտ խոպան, որ մի քիչ փող աշխատի: Աբսուրդ է: Ի՞նչ է, առանց այդ ստից դիպլոմի նրան այդ խոպան չէի՞ն ընդունի: Հարգելիներս, շանսը, որ ձեր երեխան կարող է կրթություն ստանալ ու իրեն ապահովվող աշխատանք գտնել մեզ մոտ, հավասար է լոտոյով «ջեկ փոթ» շահելուն: Այսինքն գրեթե անհնար, եթե իհարկե մի ոչ գրագետ բարեկամ կամ ազգական չունեք ներկայիս կերակրատաշտին մի քիչ մոտ կանգնած, որն էլ՝ կարող է օգնել ու նրան էլ մոտեցնել այդ լակամանին: Այնպես որ պետք է ձեր այդ ջանքերը ուղղեք դեպի երկրի զարգացումը: Դուք ստեղծեք այն երկիրը, որտեղ նրանք կարող են հանգիստ կառուցել իրենց ապագան: Սա է կարևորը: Սա են ուզում մեզանից մեր երեխաները: Թե չէ, այդ թղթի կտորը նրանց ոչ մի բանով չի օգնելու, հավատացեք: Կա՞ թե՞ ոչ, միևնույն հաշիվն է: Ուշքի եկեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել