Իրանի նախագահ Ռոուհանին պաշտոնական այցով գտնվում է Անկարայում, ուստի հետաքրքիր է անդրադառնալ թուրք-իրանական տնտեսական ոլորտում համագործակցության որոշ փաստերի: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 15 մլրդ դոլար, սակայն վերջին տարիներին էականորեն մեծացել են իրանական ներդրումները Թուրքիայում՝ չնայած Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային տնտեսական էմբարգոյին: Թուրքիան էմբարգոյի ազդեցության տակ էլ սերտորեն համագործակցել է Իրանի հետ տնտեսական ոլորտում՝ նույնիսկ շատ անգամ խախտելով միջազգային պատժամիջոցները, ինչի հետ կապված մի քանի անգամ բարձրաձայնվել է: Հետաքրքիր է, որ Թուրքիայում իրանական ներդրումներն ու իրանական ընկերությունների թիվն էականորեն աճել է հատկապես Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների խստացման ժամանակաշրջանում: Ըստ այդմ՝ միայն 2010 թ. Թուրքիայում հիմնվել է 400-ից ավել իրանական ընկերություն, իսկ վերջին 4 տարիների ընթացքում՝ մոտ 800: Վերջին շրջանում նկատվում են նաև իրանական ներդրումները Դուբայից դեպի Թուրքիա ուղղելու միտումներ: Հիմնական ներդրումները կատարվում են Թուրքիայի արևմտյան շրջաններում: Վերջին 3 տարիների ընթացքում միայն Իզմիրում շուրջ 50 իրանական ընկերություն է ներդրում կատարել, որոնց մի մասը՝ Դուբայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել