1993-ի վերջն էր` ծանր ձմեռ: Ես երրորդ կուրսում էի: Դեկտեմբերյան մի ցուրտ օր իմացանք, որ մեզ այցելելու է Արկադի Իվանիչը: Հավաքվեցինք Թաթուլ Կրպեյանի անվան լսարանում, որտեղ էլ տեղի ունեցավ հանդիպումը: Այսօրվա պես հիշում եմ Կոմանդոսի արտաքինը. բարձրահասակ, ամուր և ձիգ քայլքով, վճռական ու բարի աչքերով, իսկ հագի նատովկան նրան շատ էր սազում: Պատմում էր պատերազմի, հերոս-տղերքի, բանակի ու հաղթանակի մասին: Իր մասին ոչ մի բառ չասաց: Մենք մոռացել էինք ցուրտն էլ, մութն էլ, դժվարությունն էլ...
Դրանից հետո Արկադի Իվանիչին հանդիպել եմ մի քանի անգամ: Նրա նման համեստ ու շիտակ մարդ հազվադեպ է պատահում. երբեք չեմ զգացել, որ զրուցում եմ գեներալի հետ, այն էլ Շուշին ազատագրած գեներալի:
Մենք պարտավոր ենք պատկառանքով վերաբերվել այդ մարդկանց հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել