Այսօր Հայաստանում դիսկուրսներ են տեղի ունենում սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ և ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե մեր խնդիրների խնդիրը սահմանադրության մեջ է, որ, եթե անցում կատարենք կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին, ապա կլուծվեն բոլոր խնդիրները, որոնք առկա են: Սա, իհարկե, թյուր կարծիք է և ոչ մի քննադատության չի դիմանում, քանզի կառավարման ձևի յուրաքանչյուր տարբերակ այս կամ այն երկրում ունի և՛ իր դրական, և՛ բացասական կողմերը: Արդյո՞ք մեր գործող սահմանադրության մեջ գրված է, որ պետք է ընտրություններ կեղծվեն, ընտրակաշառքներ բաժանվեն, տնտեսությունը օլիգարխների մեջ բաժանեն, դատարաններում անարդար որոշուներ կայացվեն և այլն: Ակնհայտ է, որ ցանկացած սահմանադրության կատարման հարցում առաջնային է այդ սահմանադրությունը իրականացնողների դերը: Մեզ անհրաժեշտ է կատարելագործել այն ինստիտուտը, որը թույլ է տալիս մեր սահմանադրության և, մեծ հաշվով, պետության գլխին կանգնեն այնպիսի մարդիկ, որոնց համար սահմանադրության դրույթները մեկնաբանվում են անձնական շահերի տեսանկյունից: Իսկ ո՞րն է այն ինստիտուտը, որը թույլ է տալիս նման մարդկանց հայտնվել պետության գլխին: Առանց երկմտանքի ու հաստատապես պետք է պնդել, որ այդ ինստիտուտը ընտրական համակարգն է: Այսօր պետք է ոչ թե կառավարման համակարգ, այլ ընտրական համակարգ փոխել: Պետք է բացառել պատահական մարդկանց մուտքը քաղաքական որոշումների կայացման ինստիտուտ, միայն մարդկանց փոփոխությամբ է հնարավոր սահմանադրությունը ծառայեցնել պետության ու հասարակության շահերին: Այդ փոփոխությունը հնարավոր է միայն ընտրական համակարգի բարեփոխմամբ ու, որպես առաջին քայլ, 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի անցմամբ:
Հ.Գ. Պետք չէ այսօր հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից շեղել երկրորդականների վրա: Հասարակությունը այսօր պետք է համախմբվի այն ուժերի ու անհատների շուրջ, ովքեր իրենց քաղաքական օրակարգի համար առաջին նպատակ են համարում ընտրական համակարգի փոփոխությունները և դրանք իրականացնելու համար գործնական քայլեր են ձեռնարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել