Հայաստանի հավաքականի հերթական անորակ խաղը, խայտառակ հաշվով պարտությունը և հերթական փայլուն ֆուտբոլային վերլուծությունը «հանճարեղ» պարոն Շալանդի կողմից: Հիմա արդեն դժվար է ասել՝ էս մարդը մարզի՞չ է, թե ֆուտբոլային վերլուծաբան: Իսկ եթե մարզիչ է, ապա ՀՖՖ-ի և վերջինիս նախագահի այն պնդումները, թե «շվեյցարացի Կլոպը» բարձրակարգ մարզիչ է, առնվազն ծիծաղելի են: Համենայն դեպս, մեր հավաքականի այս երկարատև հավաքից և ընկերական խաղերից հետո Շալանդից մարզչի՝ առավել ևս բարձրակարգ մարզչի «համ ու հոտ» չեկավ: Ընկերական 3 խաղերից ոչ մեկում չերևաց Շալանդ մարզչի հավաքականը, կար միայն Մինասյանի հավաքականի թույլ իներցիան, որը եթե ԱՄԷ-ի հետ խաղում բավարարեց մի կերպ հաղթելու համար, ապա մյուս երկու խաղերում ուղղակիորեն սպառվեց ճիշտ այնպես, ինչպես Շալանդի՝ խաղին որևէ կերպ միջամտելու մարզչական ընդունակությունը: Բոլոր խաղերում և մասնավորապես Գերմանիայի հետ խաղում, երբ մեր պաշտպանությունը՝ հատկապես աջ եզրը, ուղղակիորեն տեռորի էր ենթարկվում մրցակցի կողմից, Շալանդը ոչ միայն չմիջամտեց, այլև համառորեն մինչև վերջ աջ եզրում «տանջամահ» արեց Հարոյանին, մինչդեռ առանձնահատուկ մարզչական տաղանդ պետք չեր հասկանալու համար, որ մի բան պետք է փոխել պաշտպանությունում՝ թեկուզ սխալվելու հավանականությամբ: Ընդհանուր առմամբ չերևաց, չնշմարվեց որևէ տեսակի մարզչական աշխատանքի ոճ, խաղային որևէ փիլիսոփայություն և հստակ խաղային ձեռագիր: Որպես հետևանք՝ 3 խաղում բաց թողած 12 գնդակ, ընդ որում՝ այդ 12-ից 5-ը՝ Գերմանիայից, ընդամենը 17 րոպեի ընթացքում: Անգամ ամենաանփառունակ տարիներին մեր հավաքականից նման արդյունքներ չէինք սպասի: Ցավալի է, բայց սա է առայժմ մեր նորաթուխ մարզչի վաստակը: Գուցե շտապում ենք, գուցե չափից շատ ենք այս օրերին քննադատում ու դեռևս կքննադատենք Շալանդին, բայց, կարծում եմ՝ դա նորմալ երևույթ է: Իսկ եթե Շալանդը իրոք բարձրակարգ մարզիչ է, ապա դա պետք է ապացուցել լավ աշխատանքով ու լավ արդյունքներով, ոչ թե մամուլի ասուլիսներին հրաշալի վերլուծություններ անելով: 
Հ.Գ. Կազոնիների և Վիսմանների ժամանակաշրջանը վաղուց մեր հավաքականում ավարտվել է: Հիմա չենք էլ ուզում մտածել, որ շվեյցարացի ծերուկը կարող է հավակնել նրանց ճակատագրին ու լրացնել նրանց շարքերը… Մենք մեծ Երազանք ունենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել