Հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերի, հատկապես, ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչների մոտ, կարծես ընդհանուր քաղաքական մոտեցում է ձևավորվել այն հարցի շուրջ, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անձերի խնդիր չի դրվում: Այսինքն, այդ ուժերի համար այդքան էլ էական չէ, թե ով կղեկավարի, ասենք, կառավարությունը, Ազգային ժողովը, արտգործնախարարությունը և այլն: Նման մոտեցումը ոչ միայն հակասում է այդ ուժերի` նախկինում արված հայտարարություններին և գործողություններին, այլև իրավիճակի սխալ ընկալում է և մոլորություն:

Հայաստանը չունի այն քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական կայացած համակարգերը և ինստիտուտները, որոնց առկայության պարագայում անհատի, անձի ով լինելը այդքան նշանակություն չէր ունենա երկրի զարգացման, խնդիրների լուծման գործում: Հետևաբար, Հայաստանի նման երկրներում ոչ միայն էական է, այլև չափազանց կարևոր է, թե ինչ սկզբունքների ու արժեքների տեր անձն է զբաղեցնում այս կամ այն պետական բարձրագույն պաշտոնը, քանզի համակարգի ինստիտուցիոնալ չկայացվածության բացը լրացվում է այդ պաշտոնյաի անձնական որակներով և արժեհամակարգով: Ինձ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չափազանց կարևոր է անձի ով լինելը նրան պաշտոնում նշանակելու պարագայում, քանզի համոզված եմ, որ այսօրվա քաղաքական և իրավական համակարգը չունի այն զսպող մեխանիզմը, որ ստիպի քրեաօլիգարխիկ կլանից ծնված պաշտոնյաին գործել հանուն պետության և հասարակության շահի:

Հ.Գ. Քաղաքական ուժերի տեսակետը, թե մեր պայքարը հանուն անձերի չէ սին և հասարակությանը մոլորեցնող տեսակետ է: Եվ իզուր, որ անձերի խնդիր չի դրվում, քանզի, ցավոք սրտի, այսօր հենց անձերից է կախված, թե մեր պետությունը զարգացման ինչ ուղի կորդեգրի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել