Երեկ մամուլը ողողված էր Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական քաղաքագիտական վերլուծությամբ: Նա տվել է գնահատականներ և որակումներ, որոնք հիմնականում համապատասխանում են իրականությանը: Ավելի քան բնորոշիչ են նրա տված գնահատականները՝ վարչապետի հետ կապված: Սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է Հայաստանում խնամիներից մեկի հետ համագործակցել, իսկ մյուսին այնպես դեմ լինել, որ նրա արտահայտություններն անվանել, ոչ ավել ոչ պակաս, ԻԴԻՈՏԻԶՄ: Կներեք, բայց հենց Տեր-Պետրոսյանի գործողությունների մեջ ենք ԻԴԻՈՏԻԶՄԻ տարրեր տեսնում: Այն, ինչ-որ ասել է վարչապետին, 100-տոկոսանոց ճշմարտություններ են: Սակայն Տեր-Պետրոսյանի գործողությունները պայմանավորված խաղի տպավորություն են թողնում: Սկսենք այնտեղից, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալու մեջ մեծ դերակատարում ունի հենց Տեր -Պետրոսյանն ու իր ղեկավարած ՀԱԿ-ը, ովքեր քառյակի ֆորմատով պարզապես լծվեցին նախկին վարչապետի դեմ ԲՀԿ-ի արշավին և նպաստեցին վարչապետի պաշտոնում ԲՀԿ-ի թեկնածուի, այն է` Հովիկ Աբրահամյանի նշանակմանը: Այսօր համագործակցելով ԲՀԿ-ի հետ, նշանակում է համագործակցել Հովիկ Աբրահամյանի հետ և, որպեսզի այս հանգամանքը հնարավորինս քողարկված մնա, անհրաժեշտ էր նման մի հոդված Հովիկ Աբրահամյանի դեմ` կասկածներ չհարուցելու համար: Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին ու իր առաջնորդին համարում էր ավազակապետության հիմնասյուններից մեկը, իսկ այժմ նրա մտերիմ դաշնակիցն է: Խաղը շարունակվում է, սակայն այս անգամ մյուս խնամու հետ:
Հ.Գ. Մարդիկ կարող են հարցնել, թե ինչպես կարող է Տեր-Պետրոսյանը պայմանավորված խաղալ ու նման կերպ արտահայտվել Հովիկ Աբրահամյանի հասցեին: Պատասխանը շատ պարզ է. պարզապես Լեր-Պետրոսյանը շարժվում է գեբելսյան հայտնի մեթոդներով, որ զանգվածները փոքր ստերին չեն հավատում, որպեսզի հավատան, քեզ պետք է մեծ ստեր ասել: Իսկ այս դեպքում ԼՏՊ-ն ստում է, թե իբր Հովիկ Աբրահամյանը իր համար անընդունելի վարչապետ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել