Քո երկնագույն մաշկը ոտքերիս տակից փախչող հողի պես անհարթ է,
ու լի նույնքան մեծ ու կոպիտ քարերով, որ քերծում են կոշիկներիս ծայրերը:

քո մետաքսե, խաչաձև մարմնի մասին ինձ պատմել են,
ու հիմա  փնտրում եմ մեկին, ում կպատմեմ, կխոսեմ քո մասին ու երկուսով կսիրենք քեզ:
քո փոշու  մասին ես կարդացել եմ,
բայց լրիվ ուրիշ բաներ եմ տեսնում ու լսում, և ուզում գրել, որ հետո մարդիկ կարդան:

ոսկեգույն եռանկյունիների  մասին խոսելիս ինչպե՞ս խամաճիկների մոլախոտե պսակները մատնացույց անեմ,
և պայքարի օրինակներ բերելիս ո՞ւմ  արթնացնեմ քնից:
ես ի՞նչ հեքիաթ պատմեմ,
որ մարդիկ իրականությունը տեսնելով ինձ հավատան,
և  ինչպե՞ս հավատամ ինքս ինձ,
և ի՞նչ ստերով լցնեմ ներսս,
ու ինչպե՞ս անգույն  ճշմարտության դրոշակ կարեմ քեզ համար:

ես քեզ ինչպե՞ս գրկեմ, որ արմունկներիցս չհոսես,
ու ինչպե՞ս սեղմվեմ քեզ, որ ոչ մի ցավ չզգաս:

ու ինչպե՞ս լռեմ, որ ուզես խոսել,
ու ինչպե՞ս անբառ խոսքդ հասկանամ:

քո երկնագույն շերտավոր մաշկը դեղին բծերով է պատվել,
ու կարմիր պուտերը խանգարում են, որ մտածեմ, թե երկնքի խաղաղ տեսարան է,
ու արնահոսում է հոգնությունից կոշտացած մաշկդ,
ու առանց տիրոջ լողում են համբերությանդ վերջին սպիտակ հատիկները` կարմիրի միջով:

քեզ գրկող չկա,
խնամող չկա,
իմ լքված, իմ սիրուն, իմ տաք, իմ անուշ,
քեզ ո՞նց հիշեցնեմ, թե ոնց են սիրում,
ու ո՞նց համոզեմ, որ նորից սիրես:

քո անմշակ ու քարե մարմնի վրա սիրուն-սիրուն պաստառներ չեմ գցի,
ու ավելի բարեկարգ քաղաք էլ չեմ խոստանա,
քեզ կծածկեմ, որ չմրսես.
ու ամբողջ գիշեր կնստեմ ու կնայեմ քեզ,
որովհետև գիշերներն ավելի ես սիրունանում:

քեզ չեմ քնեցնի,
ու չեմ խոստանա, թե արթնանալուդ պես վարդագույն կդառնաս,
իմ կապույտ կղզի,
դու երազներ չես տեսնում, որովհետև վախենում ես քնել,
և չես քնում, որովհետև արթուն մղձավանջի մեջ ես:

ես կերգեմ քեզ համար,
ու կգրեմ քո մասին,
բայց այնպես, որ միայն դու լսես ինձ,
ու միայն դու կարդաս իմ սև ու սպիտակ  բանաստեղխությունները,
որ գրում եմ քո գույների մասին:

ես ինչպե՞ս հասնեմ քո կապույտ երկնքին
ու ինչպե՞ս համոզեմ, որ բոլոր կապտուկներն էլ մի օր լավանում են,
ինչպե՞ս կարմիր պուտերիցդ կակաչներ տնկեմ,
ու ինչպե՞ս ետ բերեմ քեզնից ծնված ագռավաճայերին:

ես քեզ ո՞նց սիրեմ, որ դու էլ ինձ սիրես,
մենք ո՞նց սիրենք իրար, որ դու էլ մեզ սիրես:

իմ կապույտ կղզի,
իմ փոքր ու սիրուն,
դու ինձ գրկես, ես` քեզ,
ես քեզ չլքեմ,
դու էլ լինես, դառնաս, ու մնաս իմ միակ տունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել