Այսօր ընկերներով որոշեցինք այցելել մայիսի 28-ի գիշերը տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավորված մեր 4 զինվորներին, ովքեր հիմա բուժվում են Մուրացանի կայազորային հոսպիտալում: Մեզ միացավ ևս մեկ տասնյակ մարդ, ու մենք երեկոյան այցելեցինք տղաներին: Ի դեպ, հատուկ շնորհակալություն ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով ինչպես միշտ, պատրաստակամություն դրսևորեց ու հնարավոր դարձրեց, որ մենք երեկոյան ժամով տեսնենք տղաներին:

Տղաների հետ մի կես բերան շփվելուց մեջդ կուտակված հիասթափությունն ու դժգոհությունը շեշտակի նվազում է: Չէ, տերմինատորներ չէին, գեղեցկադեմ դյութազուններ չէին՝ 2-մետրանոց բոյով արյունարբու հայացքներով: Սովորական 19 տարեկան հայ տղաներ էին, բայց ինչպես տեսնում ենք, անգամ 19 տարեկան հայ զինվորը ԶԻՆՎՈՐ է, ում համար սարսափելի չէ ոչ մի հակառակորդ՝ լինի դա իր պես 19 տարեկան մեկը, թե արդեն հասուն տարիքում ու հատուկ պատրաստություն անցած ասկյար հատուկ ջոկատային (ինչպես գիտենք, մեր տղերքը 3 հատ այդպիսի ասկյարի լեշ են փռել այդ մարտում): Ասենք, շատ խորհրդանշական կազմ էր, իրոք: Կարծես թուրքերը հատուկ ընտրած լինեին այս ստորաբաժանումը, որը կարծես հայ ազգի մարմնավորումը լիներ, ու ասեմ՝ ինչու...

Լուսահոգի Էրիկը, ով քաջաբար զոհվել էր մարտու, Ստեփանակերտից էր, Ռուզվելտը՝ ռուսաստանաբնակ ընտանիքի զավակ է՝ բժշկականի 3-րդ կուրսից եկել էր ծառայելու, Արայիկը (ինքը չի սիրում, որ իրեն այդպես են ասում, ասեց՝ Արո ասենք) Աշտարակից էր, Տարոնը՝ Կռասնոսելսկից, դե Գևորգն էլ՝ Աղի լճից. Արցախի հայ, Սփյուռքի հայ, ՀՀ-ի հայեր:

Բոլորն էլ վիրավորված էին, իսկ Ռուզվելտի վիճակը, ցավոք, դեռ կայուն ծանր է, սակայն շատ հուզիչ էր, երբ մենք վերակենդանացման բաժնում նրա կողքին էինք, նա ուշքի եկավ ու թեև չէր կարողանում խոսեր ու մինչև երեկ արհեստական շնչառության ապարատին էր միացված, մեր այն հարցին, թե ոնց ես, բազմաթիվ բեկորների վերքերի մեջ կորած ձեռքով բութ մատը վերև բարձրացրեց ու գլխով արեց:

Արոն հարաբերականորեն թեթև էր պրծել՝ երկու բեկոր գլուխն էր մտել, մեկն էլ մատի մեջ, բայց չէր բողոքում, պատարստակամությամբ շփվում էր ու պատմում էր, որ երբ մարտը սկսվել է, իր հանգստի ժամն է եղել, ու հենց այդպես, առանց սաղավարտի, զենքը վերցրել է ու նետվել է ընկերներին օգնելու: Չգիտի, թե թուրք սպանել է, թե չէ, բայց բոլ-բոլ կրակել է:

Տարոնը՝ ամենահամեստն էր երևի, անգամ չուզեցավ նկարվի: Տարոնը համ հրազենային վնասվածք էր ստացել (ԱԿՄ-ի փամփուշտը ծակել-անցել է ուսի միջով), համ բազմաթիվ բեկորային: Մեզ հետ եկած ազատամարտիկ Աղասի Կարապետյանը պատահաբար պարզեց, որ նա իր մարտական ընկերոջ թոռն էր:

Գևորգը՝ գեղեցիկ ժպիտով ու դրական այյս պատանին էլ հրազենային ու բեկորային վնասվածքներ էր ստացել ոտքերի շրջանում: Ընդ որում, ինչը ցնցեց մեզ. առաջին գնդակը մտել էր նրա ոտքի մեջ, երբ նա քնած էր եղել, բայց նա անտեսելով վերքը, միանգամից զենքն առել էր ձեռքն ու արնաքամ լինելով մտել էր մարտի մեջ, որտեղ կրկին բեկորային վնասվածք էր ստացել, բայց ողջ մարտի ընթացքում չէր դադարել կրակել ու միայն մարտի ավարտից հետո էր ուշագնաց եղել...

Ի՞նչ կարող ես ասել այս տղաների մասին, երբ անգամ գրելուց հուզվում ես: Նրանք բոլորն էլ տարբեր էին, բայց նրանց բոլորին մի բան էր միանշանակորեն միավորում՝ չկար վախ: Հասկանո՞ւմ եք, ոչ թե դիվանային հայրենասիրության մասին է խոսքը, ոչ էլ հետմարտային բռավադայի:

Տղաները իրոք չեն վախեցել մարտի ժամանակ, չէին վախենում մարտից հետո էլ, ու նրանց երբ պատմում էինք, որ ադրբեջանցի հատուկ ջոկատի են հետ շպրտել, այնպես անտարբեր էին ընդունում այդ լուրը, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ ու այլ կերպ լինել չէր էլ կարող: Ընդ որում, օրինակ, Արոն պարզորեն պատասխանեց մեր հարցին, որ թուրքը եկել էր իրենց սպանելու, իսկ իրենք դա թույլ չտտվեցին: Այսինքն, մարդիկ գիտակցում էին, որ սա պատականություն չէր, սա թյուրիմացություն չէր, բայց խուճապի նշույլ անգամ չկար:

Գիտե՞ք, տեսնելով այս տղաներին, ես հերթական անգամ համոզվում եմ, որ մենք իրոք փառահեղ մարդիկ ունենք, ովքեր փառահեղ որդիներ են դաստիարակում, որոնք հետո զինվորական համազգեստ հագնելով, դառնում են փառահեղ զինվորներ: Այսպիսի զինվորներ ունեցող բանակն ու ազգը պարտվել պարզապես չի կարող:

Առողջություն մեր տղաներին, առողջություն ու բարի ծառայություն բոլոր մեր տղերքին, ովքեր սահման են պահում ու հավերժ փառք նրանց, ովքեր իրենց կյանքի գնով են մեզ համար խաղաղություն երաշխավորում:

Հ.Գ. Այս այցի ևս մի սենտիմենտալ շտրիխ, որ ցայտուն խոսում է մեր տղաների ոչ միայն քաջության ու անձնազոհության մասին, այլև պարզ մարդկային վեհության ու տղամարդկության մասին: Մեր Անին էլ մեզ հետ էր, ու ամեն անգամ երբ մտնում էինք հիվանդասենյակ, տղաները, չնայած իրենց վերքերին, փորձում էին նստել կամ ոտքի կանգնել՝ ի նշան հարգանքի դեպի աղջիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել