Արցախի Ճարտարապետական դպրոց

«Արևելից կողմանց Հայաստանը» կամ պատական Արցախը, որի կենտրոնական մասն այժմ կազմում է Լեռնային Ղարաբաղը, առատ է շինարար հայ ժողովրդի քարակերտ մեծագործություններով: Տարբեր ժամանակաշրջաններում կառուցված այդ բազմաբնույթ հուշարձանները՝ եկեղեցիներն ու վանքերը, անառիկ ամրոցներն ու իշխանական ապարանք- ամարաթները և արտադրական տարբեր կառույցները՝ հնձաններ, ջրաղացներ, արցախյան աշխարհի մշտաբնակ հայերի բազմադարյան շինարարական գործունեության արդյունքն են:
Բազմաշերտ է Արցախ աշխարհի մշակույթը, առաջանալով վաղնջական ժամանակներում, առավելապես հարուստ դրսևորումներ է ունեցել ֆեոդալական հասարակության պայմաններում, նրա զարգացման վաղմիջնադարյան, միջնադարյան և ուշմիջնադարյան փուլերում և հասել մինչև նոր ժամանակները: Այդ բազմաշերտ մշակույթի բաղկացուցիչ և առավել հարուստ մասը կազմող ճարտարապետության ուսումնասիրությունը ակնառու կերպով ապացուցում է, որ այդ ժառանգությունն անառարկելիորեն հանդիսանում է միջնադարյան հայկական ճարտարապետության անբաժանելի մասը:
Տեղի պայմաններով թելադրված որոշ առանձնահատկություններ ունենալով հանդերձ իր զարգացման բոլոր փուլերում ճարտարապետության արցախյան դպրոցը սերտորեն է միահյուսված հայոց աշխարհի ճարտարապետության հետ՝ դրսևորելով անվիճելի ընդհանրություններ: Այդ ընդհանրություններն արտահայտվում են ամեն ինչում. Շինարվեստի, ավանդական շինույթի՝ քարի գործադրության հնարքներում, կառույցային համակարգերում, զարդարվեստի մոտիվներում, շենքերի հատակագծային և ծավալատարածական հորինվածքներում, դրանց միջև ժառանգական կապի ու ներդաշնակության օրինաչափություններում և այլն:
Այդ ամենն ապացույցն է այն բանի, որ «Արևելից կողմանց Հայաստանի» կամ պատմական Արցախի ճարտարապետությունն ու արվեստը մշտական կապերի մեջ են գտնվել Կենտրոնական Հայաստանի ճարտարապետության ու արվեստի հետ:
Միջնադարյան Արցախի եկեղեցական ճարտարապետությունը բնորոշվում ե Կենտրոնական Հայաստանի եկեղեցական ճարտարապետության հետ ընդգծված ընդհանրություններով (ինչպես հատակագծային ու ծավալատարածական հորինվածքի, այնպես էլ ճարտարապետագեղարվեստական):
Նույնը կարելի է ասել գավիթ-ժամատների հատակագծային հորինվածքների մասին, որոնք Կենտրոնական Հայաստանում մեծ մասամբ պատկանում են քառասյուն տիպին ու սերված են հայկական ժողովրդական բնակելի տան՝ գլխատան հորինվածքային գաղափարից:
Հ.Գ.1 Ահա թե ինչու պատմական ու գիտական հիմքերից զուրկ են և մերժելի Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական հարուստ ժառանգությունն իր ստեղծող ժողովրդից անջատելու և կողոպտելու ամեն տեսակի փորձերը:
Հ.Գ.2Բագրատ Ուլուբաբյանը անդրադառնալով Արցախի մշակույթին` նշել է. «Խաչենի մշակույթը չի կարելի պատկերացնել հայկական ընդհանուր կյանքից մեկուսի: Այն հանուր հայության մշակույթի մի օղակն է, հետևապես սնունդ է առել նրա բազմադարյան ավանդներից և իր նպաստն է բերել համազգային մշակույթի գանձարանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել