Կարծում եմ, որ բացի ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի «վկաներից», բոլորն արդեն հասկացան, թե ինչ եղավ երեկ, և թե ինչ ֆունդամենտալ ապտակ ստացավ Հայաստանը Նազարբաևի հայտարարությունից: 
Ակնհայտ է, որ Հայաստանին ճնշում են և ստիպում հողեր հանձնել, բայց այդ ճնշումների պատճառը գտնվում է ոչ թե Աստանայում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, և ոչ էլ նույնիսկ Անկարայում կամ Բաքվում: Այդ ճնշումների պատճառը գտնվում է Երևանում, իսկ ավելի կոնկրետ` Բաղրամյան 26-ում: 
Մեր երկրի բոլոր խնդիրները, արտաքին և ներքին քաղաքականությունում գրանցած ձախողումները կապված են անձամբ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ: 
Սերժ Սարգսյանը բառիս բուն իմաստով փլատակների վերածեց մեր երկիրը, ռուսների համար մեզ դարձրեց խիստ անվստահելի գործընկեր, Արևմուտքի համար մենք ընդհանրապես գոյություն չունենք, այդ ֆոնին էլ Ադրբեջանը շարունակում է հզորացնել իր ռազմական մեքենան, և այդ ամենի արդյունքում պարզ է, որ մեզ նաև պետք է ճնշեին և ստիպեին հողեր հանձնել: 
Իսկ այս ամենի մեջ ամենազզվելին, նողկալին ու անընդունելին այն է, որ այս բոլոր ձախողումներից հետո Սերժ Սարգսյանը դեռ մի բան էլ հանդգնում է Սահմանադրություն փոխել և հիմքեր ստեղծել սեփական հավերժ վերարտադրությունը ապահովելու համար: 
Մեր հասարակությունը վերջապես պետք է զարթնի և Սերժ Սարգսյանին հեռացնի իշխանությունից, քանզի այլ պարագայում մենք ուղղակի կդադարենք գոյություն ունենալ որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններ: 
Քաղաքական ուժերն էլ արդեն արժե, որ մի կողմ դնեն բոլոր ձևականությունները և լուրջ գործընթաց ձեռնարկեն երկրում իշխանությունը փոխելու համար: Այլ պարագայում ուղղակի կարող է ուշ լինել, և մենք մինչև 2017թ. ուղղակի չենք ձգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել