Այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման կապակցությամբ տեղի ունեցող համաժողովը այդ կառույցին Հայաստանի անդամակցության հետ կապված հետաքրքիր և, ինչ-որ առումով, անակնկալ զարգացումներ է արձանագրել: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, նույնիսկ Հայաստանի նախագահի համար անսպասելի և զարմանալի հայտարարություն արեց, նշելով, որ Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը միայն առանց Լեռնային Ղարաբաղի. «Եթե բոլոր առևտրական հարցերը լուծվում են, ապա անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը որոշի մեկ հարց. որ Մաքսային միությանը պետք է անդամակցել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով»: Նազարբաևը նշել է նաև, որ իրենք ստացել են Ադրբեջանի նախագահի նամակը, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանը անդամակցել է վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում: 
Սրանով, ըստ էության, Նազարբաևը բարձրացնում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում սահմանների հստակ ֆիքսման և Հայաստանից Ղարաբաղի հստակ տարանջատում հարցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չի կարող Հայաստանի և Ղարաբաղի միջև լինեն մաքսակետեր և առևտրատնտեսական հարաբերությունների որևէ խոչընդոտներ, ապա Ղազախստանի նախագահի հայտարարությունից հետո Հայաստանի` այդ կառույցին լիիրավ անդամակցելու հեռանկարները կարող է խորտակվել, քանզի Նազարբաևի հայտարարությամբ, ըստ էության, Հայաստանն ու Ղարաբաղը դիտարկվում են, կամ կարող են դիտարկվել որպես առանձին տնտեսական միավորներ և գոտիներ:
Հ.Գ Իսկ ,միգուցե, Նազարբաևը այդ կառույցում անդամակցելու հարցում հետագայում բարձրացնի նաև Ռուսաստանի` ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ընդունված սահմանների հարցը: Գիտենք, որ վերջերս Ռուսաստանը Ղրիմը միացրեց իր տարածքին, իսկ ՄԱԿ-ը ճանաչում է Ռուսաստանի սահմանները առանց Ղրիմի, ուստի հարց է առաջանում, արդյոք Ռուսաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ճանաչված սահմաններով, այսինքն` առանց Ղրիմի, թե Ղրիմի հետ միասին և, եթե Ղրիմի հետ միասին, ապա Նազարբաևի «տրամաբանությամբ» հաջորդ քայլը կլինի Եվրասիական տնտեսական միությունում Ռուսաստանի սահմանների հստակ ֆիքսումը` առանց Ղրիմի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել