Այսօր համայն հայությունը նշում է Առաջին հանրապետության ծննդյան տոնը` Անկախության տոնը: Ցավոք, նշում է, չի տոնում: Սա տոն չէ...հեռուստատեսության էկրաններից մի քանի շնորհավորանքներ բարձրաստիճան հանրապետականների ու հոգևորականների կողմից և վերջ... Մայրաքաղաքի հասարակ ժողովուրդն անհաղորդ է այս ամենին: Անհաղորդ է` քանզի իրենը չի համարում: Կարծես մեր պապերի ձեռքբերումը չէ սա:
Ի դեպ, պետական մակարդակով էլ այս տոնը նշում են ձևական, իմիջիայլոց...
Հանրապետության հրապարակում համերգ էր, որին ունկնդրում էին մի քանի հազար անձինք սոսկ: Այլ ժամանակ, երբ նույն ամբիոնից ՙՄամա Լյուբա՚ էր հնչում և երկրի ղեկավարությունն ու կաթողիկոսը ծափահարում էին այդ այլանդակությանը` ասեղ գցելու տեղ չկար հրապարակում: Անկախության տոնին քաղաքի կենտրոնում մեկ եռագույն դրոշ չկար ծածանվող, բացառությամբ թերևս Հաղթանակի կամրջի դրոշները: Բուն համերգին, բեմի վրա կային ամեն անկյունում չորս դրոշներ, իսկ հանդիսատեսների ձեռքին` ՀՅԴ երկու տասնյակ դրոշներ, մի քանի եռագույն և...Սիրիայի դրոշը... 
Համեմատության եզրեր չկան անգամ մեր ոսոխ երկրի հետ... Թուրքիայում անգամ հանրային գերեզմանոցներում թուրքական դրոշներ են ծածանվում, ամեն բնակավայրում, սարերի գլխին, ամեն մի հաստատության մեջ... թուրք պաշտոնյան իր քաղաքացուն հայրենիքի պաշտամունք է քարոզում...
Ամեն ինչ մեր իրականության մեջ աբսուրդի է հասել: Հանրապետության նախագահը արտաքսմամբ սպառնում է ազատամարտիկին` ով կոչ է անում պաշտպանել քեսաբահայերի կյանքի իրավունքը, փոխարենը մեդալներ է շռայլում...հայոց բանակում չծառայած կուսակիցներին:
Հայաստանի առաջին հանրապետության ծնունդի համար առաջին հերթին պարտական ենք Արամ Մանուկյանին, Դրոյին, Նժդեհին... մյուս հերոսներին... անմահ հերոսներ, որոնց սերունդները արժանի չհամարեցին արձան կանգնեցնելու: Բայց դրա փոխարեն իշխող կուսակցությունը միայն իրեն հայտնի տրամաբանությամբ մայրաքաղաքի կենտրոնում ուզում է մեծագույն ստահակի, շնացյալ ու անբարո սրիկայի արձանը կանգնեցնել... Արամի տունը քաղաքի կենտրոնում քանդված ու ավերված է, կարծես թուրքի կամ ոսոխի տուն լինի...տասնյակ տարիներ չի վերանորոգվում, փոխարենը օրեկան մեկ եկեղեցի ենք բացում:
Չէ, մենք իսկապես բողոքելու տեղ չունենք. Մենք չենք կարողանում գնահատել իրական արժեքները, իրական հերոսներին... Մեր սերունդը արժանի չէ մայիսի 28-ին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել