Հեպատիտների դեմ պայքարի միջազգային օրը (World Hepatitis Day) նշվում էր մայիսի 19-ին, սակայն արդեն երկրորդ տարին է` Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ն է հայտարարել որպես հեպատիտների դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է. «Սա հեպատիտն է, այն ավելի մոտ է, քան դու կարծում ես»:

Այս կապակցությամբ Պաթոլոգիական ֆորումը, «Պրոմ-Տեստ» լաբարատորիայի հետ համատեղ, կազմակերպել էր ակցիա, որի շրջանակներում քաղաքացիները հնարավորություն էին ստացել՝ հեպատիտ C-ի ախտորոշման համար անվճար արյուն հանձնել:

Ակցիային միացել էր «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային կապի օպերատորը, որը դրանից 2 օր առաջ կարճ հաղորդագրություններ էր ուղարկել իր բաժանորդներին` իրազեկելով օրվա եւ ակցիայի մասին, ինչպես նաեւ` «Աշտարակ կաթ» ընկերությունը, որն անվճար պաղպաղակներ էր բաժանում` արյունը հանձնելու իրենց հերթին սպասող քաղաքացիներին:

Այդ օրը շուրջ 250 մարդ էր եկել օրվա կապակցությամբ անվճար արյուն հանձնելու:

Հատկանշական էր, որ այս իրադարձությունը եւ ոչ մի ԶԼՄ լուսաբանելու չէր եկել:

«Առհասարակ, ես չեմ կարծում, թե ավելի կարեւոր միջոցառումներ են նկարահանվում կամ լուսաբանվում: Սա շատ կարեւոր միջոցառում էր, սակայն, ինչպես տեսնում եք, ԶԼՄ-ները բացակայում են»,- ինձ հետ զրույցում նշեց Արմենիկում բժշկական կենտրոնի բժշկական ծառայության ղեկավար, վարակաբան Վիլոլետա Ալբերտովնա Սարգսյանը:

Եւ իսկապես, ինձ համար տարօրինակ է, թե ինչո՞ւ այս իրադարձությունն այդպես էլ որեւէ կերպ չլուսաբանվեց: Չէ որ հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն էր, որի նպատակը հենց վիրուսային հեպատիտի բնույթի եւ նրանից առաջացող հիվանդությունների մասին իրազեկման բարձրացումն էր: Ինչեւէ, կարծում եմ եւ ոչ մեկի համար արդեն վաղուց գաղտնիք չէ մեր հայկական ԶԼՄ-ների գործելաոճը եւ նրանց լուսաբանած «հույժ կարեւոր» լուրերը:

Եկեք վերադառնանք օրվա խորհրդին եւ հասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում հեպոտիտ C-ն:

Այսպես, հեպոտիտ C-ն վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է լյարդի երկարատեւ ախտահարմամբ, նրա ֆունկցիայի խանգարմամբ` հանգեցնելով լյարդի ցեռոզի եւ լյարդի քաղցկեղի: Ամբողջ աշխարհում այս վիրուսով վարակված է շուրջ 180 միլիոն մարդ:

Հեպատիտ C-ն հայտնի է նաեւ «քնքուշ մարդասպան» անվամբ, քանզի այն երկար տարիներ ընթանւում է առանց որեւէ ախտանիշների կամ տարբեր հիվանդությունների «դիմակի» տակ եւ հաճախ մնում է չախտորոշված (70% դեպքերում):

Հեպատիտ C-ով կարելի է վարակվել չախտահանված բժշկական գործիքների միջոցով, վարակված արյան կամ արյան բաղադրամասերի փոխներարկմամբ, ուրիշի եղունգների հարդարման կամ սափրվելու պարագաները, ատամի խոզանակներն օգտագործելիս, պիրսինգի կամ դաջվածքի պարագաների միջոցով, սեռական ճանապարհով` վարակված անձի հետ կենակցելիս, այն անցնում է նաեւ վարակված մորից նորածին երեխային` ծննդաբերության ընթացքում:

Այն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով, սննդամթերքի միջոցով, կենցաղային շփման միջոցով:

Առավելապես վտանգված են ներարկային թմրամոլները (նարկոմանները), հիվանդների արյան հետ առնչվող բուժաշխատողները (վիրաբույժնեերը, ատամնաբույժները, մանկաբարձները, բուժքույրերը, լաբորանտները եւ այլն), արյան կամ արյան բաղադրամասերի փոխներարկում երբեւէ ստացած անձինք, վարակակիր մորից ծնված երեխաները, վարակակրի հետ անպաշտպան սեռական շփում ունեցած անձինք:

Եկեք տեսնենք, թե ինչպես է ընթանում այս հիվանդությունը:

6-8 շաբաթ միջին տեւողությամբ գաղտնի շրջանից հետո միայն 15-20 % դեպքերում են ի հայտ գալիս հիվանդության նշաններ` թույլ արտահայտված դեղնուկ, լյարդի մեծացում, ցավեր աջ թուլակողում, տենդ, ախորժակի անկում, մեզի  գույնի մգացում եւ այլ: 75-80% դեպքերում հիվանդությունն ի սկզբանե ստանում է թաքնված քրոնիկ ընթացք: Հիվանդը տարիներ շարունակ մնում է անտեղյակ իր հիվանդության մասին եւ հայտնաբերում է այն պատահական հետազոտության ժամանակ կամ երբ լյարդի հյուսվածքում անդարձելի փոփոխությունների արդյունքում ի հայտ են գալիս ֆունկցիոնալ խանգարման նշաններ: Հեպատիտ C-ն հաճախ քողարկվում է այլ հիվանդությունների «դիմակի» տակ եւ արտահայտվում է ընդհանուր ախտանիշներով` ընդհանուր թուլություն եւ հոգնածություն, ախորժակի բացակայություն, տրամադրության անկայունություն, մաշկի եւ լորձաթաղանթների տարբեր տեսակի ախտահարումներ, հոդացավեր եւ մկանացավեր, շաքարային դիաբետ, վահանագեղձի հիվանդություններ, արյան համակարգի հիվանդություններ, երիկամների ախտահարումներ եւ այլ:

Հեպատիտ C-ն ախտորոշվում է արյան լաբորատոր հատուկ քննության միջոցով` վիրուսային հակամարմինների որոշում (հակա-HCV) եւ վիրուսի հայտնաբերում (HCV PCR թեսթի միջոցով):

Բուժելի է արդյո՞ք քրոնիկ հեպատիտ C-ն:

Այո, այսօր արդեն այն բուժելի է: Բուժումն ուղղված է վիրուսի վերացմանը, ինչպես նաեւ լյարդի ցեռոզի, լյարդի անբավարարության եւ լյարդի քաղցկեղի առաջացման նվազեցմանը: Բուժման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս հասնել դրական արդյունքի 60-90% դեպքերում: Բուժման արդյունավետությունը կախված է  տարիքից, վարակվածության տեւողությունից, վիրուսի քանակից, նրա գենոտիպից, ավելորդ քաշից, ալկոհոլի չարաշահումից, լյարդի ֆունկցիոնալ վիճակից եւ այլն:

 Ի՞նչ կլինի, եթե չդիմել բժշկի:

Վարակվածենրի մեծամասնության մոտ զարգանում է լյարդի քրոնիկ բորբոքում, որը տարիների ընթացքում բերում է լյարդի քայքայման: 15-20 %-ի դեպքում լյարդի բորբոքումը վեր է ածվում լյարդի ցեռոզի կամ լյարդի քաղցկեղի:

Ինչպե՞ս կարելի է խուսափել վարակումից:

Պետք է օգտագործել միայն միանգամյա օգտագործման ասեղներ, ներարկիչներ եւ ճիշտ ախտահանված բժշկական գործիքներ ու պարագաներ: Խուսափել չախտազերծված բժշկական գործիքներով ականջները դակելուց եւ դաջվածքներ անելուց: Չօգտագործել ուրիշի անձնական հիգիենայի պարագաները (ածելի, ատամի խոզանակ, մկրատ եւ այլ): Խուսափել պատահական սեռական հարաբերություններից, հատկապես ռիսկային սեռական վարքագիծ ունեցող անձանց հետ, հետեւողականորեն օգտագործել պահպանակներ:

Եւ ամենակարեւորը, պետք չէ խուճապի մատնվել, պարզապես պետք է զգույշ լինել եւ պարբերաբար բուժզննում անցնել: Հայավարի չթողնել մինչեւ դանակը հասնի ոսկորին:

Եղեք առողջ եւ իրազեկված:

Ջեննի Կազումյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել