Վաղը վերջին զանգ է...
բազմաբովանդակ տոն, որը տերբեր նշանակություններ ունի տոնի անմիջական ու ոչ անմիջական մասնակիցների համար: 
Շրջանավարտների համար` հրաժեշտ դպրոցին և մուտք նոր կյանք: 
Շրջանավարտների ծնողների համար` հերթական պարտքը վերցնելու և պարտքերի ցուցակը ևս մի քանի հարյուր դոլարով ծանրաբեռնելու տհաճ առիթ:
Դպրոցների տնօրենների գերակշիռ մասի համար ... թերևս ամենաշահեկան վիճակում այս տոնի շրջանակներում հայտնվում են իրենք: 
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դեռևս պահպանվում է խորհրդային տարիների` դասղեկներին ու տնօրեններին թանկարժեք /ոսկյա/ նվերներ մատուցելու ավանդույթը, դրան էլ ավելացնենք անկախ Հայաստանում ձևավորված «դպրոցի ֆոնդի համար» 30.-50.000 դրամ հավաքելու ժամակակից ավանդույթը, էլ չեմ ասում վերջին զանգի օրվա համար համապատասխան հագուստ գնելու և այդ օրվա խնջույքի համար «տակից» հավաքվող գումարները, ստացվում է, որ շրջանավարտ ունեցող յուրաքանչյուր ընտանիքի գլխին առկախված է միջինը 500 դոլար հայթայթելու ու ամիսներ շարունակ դրա դարդ ու ցավով տառապելու հրամայականը: 
Օրվա հացի գումար հայթայթելու խնդիր ունեցող խեղճ հայ ընտանիք, երկընտրանքի առաջ ես կանգնած: Չանես` երեխայիդ տհաճ իրավիճակի մեջ կգցես. դասընկերները կհեգնեն քիչ չի, առաջիկա ավարտական քննությունների ժամանակ էլ «հատուկ հրահանգով» դասատուներն իրենց «սիրալիր» մոտեցումը ցույց չեն տա ու չեն օգնի երեխայիդ: 
Ստիպված` գլուխդ կախ, լուռ ու մունջ, ճարահատյալ պետք է անես՝ ակամայից ազդելով նոր կյանք մտնող քո երիտասարդ սերնդի հոգեբանության ու աշխարհայացքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել