Բայց՝ առանց «խաղերի»
«...«Խաղի կանոններն» ու «հավասար դաշտը», իհարկե, լավ ու անհրաժեշտ բաներ են երկրի տնտեսության եւ երկրում ձեռնարկատիրական, տնտեսական գործունեության համար: Էլ չխոսենք «ստվերի կրճատման» մասին: Չխոսենք, որովհետեւ, որքան հիշում եմ, որպես երկու տասնամյակի աշխատանքային փորձ կուտակած լրագրող, Հայաստանի ամենատարբեր կառավարությունները մշտապես անդրադարձել են «ստվերի կրճատման անհրաժեշտությանը»: 
Ինչպես տեսնում ենք, կրճատելու տեղ դեռ շատ կա, ինչը որոշակիորեն հաստատում է նաեւ վարչապետի հայտարարությունը: Ամեն դեպքում, հարցեր ծագում են:
Նմանապես տարիներ շարունակ հիմնական հարցերից մեկը, ինչի վրա շեշտը դրել են հրապարակավ կամ թեկուզ կիսահրապարակավ իրենց ու երկրի տնտեսակարգի խնդիրները բարձրաձայնող գործարարները, եղել ու մնացել է «բոլորի համար խաղի նույնպիսի կանոններ» ասվածն ու հավասար մրցակցային միջավայրը (դաշտը, պայմանները): Բոլոր ժամանակներում էլ տարբեր իշխանություններն ու իշխանավորները հակադարձել են հավաստիացումներով: 
...Բուն հարցն այն է, որ ինչ էլ ասվի, Հայաստանում բազմաթիվ պաշտոնյաների մերձավոր ազգականներ անմիջականորեն ներգրավված են բիզնեսում, այս կամ այն ոլորտում նկատելի ձեռնարկատիրական գործունեություն են ծավալել: Գրվում է մամուլում դրա մասին, չի գրվում, էական չէ, քանզի Հայաստանը չափազանց փոքր տարածքով ու բավական ակտիվ եւ ազատ հաղորդակցվող հասարակությամբ երկիր է, ուստի ոչինչ անհայտ չի մնում: 
Ա՛յ, նրանց՝ «մերձավոր-մոտիկ» գործարարների ու տնտեսավարողների վրա «խաղի կանոնները» տարածվելո՞ւ են: Սա՛ է առանցքային հարցերից մեկը, որի հարկադիր պատասխանը ոչ թե խոսքով, այլ գործնական դրսեւորմամբ ու փաստերով, պետք է լինի՝ այո: Հակառակ պարագայում այդ «խաղի կանոնների» մասին հիշատակելու կարիքն անգամ չկա: 
Հարց է նաեւ այն, որ եթե «խաղի կանոնների», «հավասար դաշտի» նման ընդգծման կարիք է զգացվել, եւ օբյեկտիվորեն է զգացվել դա, ապա որքանո՞վ արդյունավետ են գործել եւ գործում հենց այդ պայմաններին հետեւելու գործառույթ եւ առաքելություն ունեցող պետական կառույցները: Օրինակ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Նմանապես ծագում է հարկային մարմինների, հարկային տեսուչների գործունեության արդյունավետությանն անդրադառնալու հարց՝ «ստվերի» ու դրա ծավալների առումով: 
Առհասարակ «խաղի կանոն» ասվածը երկրում մեկը պետք է լինի՝ օրենքը, իր պահանջներով ու դրանք կատարելու անհրաժեշտությամբ հանդերձ...»:
Ամբողջը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել