Ամբողջությամբ կիսում եմ այն քաղաքացիների մտահոգությունը, ովքեր այսօր ձայն էին բարձրացրել ընդդեմ իշխանության, ովքեր որոշեցին անվանակոչել «Մաշտոցի պուրակ»-ը Միսաք Մանուշյանի անունով ու այստեղ ընդհանրապես կապ չունի Մանուշյանի անունը, քանի որ նրա երանելի անունը զգաստության առիթ պետք է լինի ոչ միայն մեր սերնդի, այլև գալիքների համար: Սակայն ... արի ու տես՝ նույն այդ իշխանությունները ոչ վաղ անցյալում պուրակը ցանկանում էին վերածել առևտրի բաց կենտրոնի՝ կրպակաշարի ու իրապես ճիշտ է ասված. «Թող գային Օլանդի հետ Մանուշյանի անվան կրպակաշար բացեին» ...
Այս ամենի հետ միաժամանակ կար շատ խելամիտ լուծում: «Պայքարի ու քաղաքացիական հաղթանակի» անունով պսակված պուրակում մեծ դժվարություն չէր լինի նախագահի համար, եթե վերջինս շնորհակալություն հայտներ իր խոսքում քաղաքացիական պայքարի մասնակիցների, որոնց ջանքերի շնորհիվ էլ պուրակը մնաց անպիղծ ու արժանի կրելու Միսաք Մանուշյանի անունը: 
Լինելով միայն այդ պայքարը լուսաբանած լրագրող՝ անձամբ նրանց, բոլոր մասնակիցներին շնորհակալություն եմ հայտնում՝ հավելելով, որ իրենք են արժանացել Միսաք Մանուշյանի համար իր հայրենիքում կանաչ օթևան պահողների մեծապատիվ կոչմանը ու ոչ թե գործող իշխանությունները, ովքեր միայն այդ «հասած պտուղը» սկուտեղի վրա մատուցեցին Օլանդին՝ ի պատիվ նրա այցի ու հայ-ֆրանսիական բարեկամության: 
«Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը:

Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը և ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը:...» Միսաք Մանուշյանի վերջին նամակից իր կնոջը 21 փետրվարի 1944 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել