100 տարի էլ անցնի, 200 էլ՝ Չելենտանոյի, Մոդեռն Թոքինգի, Բոնի էմիի, Ժո դա Սենի, Դեմիս Ռուսոսի, Տոտո Կուտունյոյի  երգերը կմնան մարդկանց հիշողության մեջ: Բայց վերջին տարիների Եվրատեսիլների երգերից որեւէ մեկը կարո՞ղ է հիշել. դրանք հպանցիկ, չհիշվող, հոգու ճիչ չարթնացնող երգեր են: Նույնն էլ այս տարվա Եվրատեսիլի պարագայում է: Ճիշտ է, հավանաբար ոչ ոք չի կասկածում  երգիչ-դերասան Արամ MP3-ի կամ  հակաէսթետիկական արտաքինով Կոնչիտայի տաղանդին կամ ձայնային հրաշալի տվյալներին, բայց հազիվ թե նրանց կատարումները մնան մարդկանց հիշողության մեջ որպես սիրված երգ: Փորձեցի վերհիշել նախորդ տարիների Եվրատեսիլներից ինչ-որ բաներ. Անդրեի երգի մեղեդին լավից-վատից մի կերպ  տեղը բերի (ինչը նույնպես սիրված երգ չեմ կարող համարել, այնպես, ինչպես վերը նշված աշխարհահռչակ երգիչների երգերը, թեպետ, երբեմն ոչ աշխարհահռչակներն էլ են ընդամենը մեկ երգով հայտնի դառնում ու դրանով վերջակետ դնում իրենց կարիերային, բայց գոնե մի սիրված երգ ստեղծում են): Սիրուշոյի երգից «ունքելե-մունքելե»-ն մնաց, Եվա Ռիվասից էլ երգի վերնագիրը՝ «Ծիրանի կորիզ»: Ինգայից ու Անուշից՝ «Ջափնա հեյ» անգլոհայկական ձայնարկությունը...: Չես հասկանում, թե էս Եվրատեսիլը էս ի՞նչ պայմաններ է ներկայացնում երգիչներին, որ մի կարգին սիրված երգ չի ծնվում Եվրատեսիլներում, ինչպես երբեմնի Սան-Ռեմոներում...Այնքան ուրախ կլինեի, եթե Արամ MP3-ն իր նախանցած տարվա ամանորյա հանդեսի «Վիրավոր լորիկ» անգլոհայերեն երգը ներկայացներ...ափսո՜ս... ամեն դեպքում լավ է, որ պատվով դուրս եկավ Հայաստանը եվրատեսիլյան փորձությունից...Իսկ երգիծաբան Արամ MP3-ի բացակայությունը խիստ զգացվում է «Վիտամին» ակումբում (որի շնորհիվ էլ ի հայտ եկան նրա երաժշտական ընդունակությունները). նոր ռեպորտաժներ չկան, եւ հներն են առավելապես կրկնում եթերում, սրամտություններն էլ պակասել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել