Կոնվերս Բանկը միանում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի դրամահավաքին՝ Քեսաբի հայրենակիցներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ երկու ամսով երկու ընտանիք Լաթաքիայում կապահովվեն վարձով բնակարանով և սննդամթերքով: Եթե նշյալ ժամանակահատվածում հակամարտության գոտում կրկին խաղաղություն չհաստատվի, Կոնվերս Բանկը կվերանայի ընտանիքների օժանդակության իր նախագիծը:

Ջինիշյան հիշատակի հիմնադրամի նախաձեռնությանը կմիանան նաև Կոնվերս Բանկի աշխատակիցները: Յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն կունենա փոխանցում կատարելու  բանկի հատուկ հաշվեհամարին՝ քեսաբահայ հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Ողջ գումարը կփոխանցվի Ջինիշյան հիշատակի հիմնադրամին:

«Կոնվերս Բանկն իր պարտքն է համարում աջակցություն ցուցաբերել ինչպես Լաթաքիայում ապաստան գտած քեսաբցի մեր հայրենակիցներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր այս ծանր օրերին կբռնի պատմական հայրենիքի ճանապարհը: Մարդասիրական այս նախաձեռնությունն անչափ կարևոր է Բանկի համար: Այդ իսկ պատճառով ողջունում ենք Ջինիշյան հիշատակի հիմնադրամի՝ քեսաբահայերի օժանդակությանն ուղղված բոլոր քայլերը: Չափազանց կարևոր է, որ կյանքի այս դժվար փուլում Սիրիայի հայերը զգան Հայաստանի աջակցությունը», - նշեց Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Բացի այդ, բոլոր մեր հայրենակիցների համար, ովքեր Սիրիայից կվերադառնան Հայաստան, Կոնվերս Բանկը մշակել է «Բարի գալուստ» բանկային հատուկ փաթեթ: Այս փաթեթի շնորհիվ մեր հայրենակիցները հնարավորություն կստանան օգտվելու Բանկի զանազան պրոդուկտներից՝ արտոնյալ պայմաններով: Մենք հավատում ենք, որ այս փաթեթի և մեր հմուտ անձնակազմի աշխատանքի շնորհիվ Հայաստանում հաստատվելու առաջին փուլերը կանցնեն ավելի հեշտ և հանգիստ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել