Սովետական իշխանության տարիներին երեխաների մեծամասնությունը չուներ խաղալիքների տեսականի ունենալու հնարավորություն՝  ի տարբերություն այսօրվա սերունդի: Սահմանափակված լինելով դրա մեջ, երեխաները հնարամտորեն գտնում էին ելք, այդ պահանջը բավարարելու համար, օրինակ՝ լուցկու տուփերի տեսականի, կամ նամականիշներ հավաքելու զբաղմունք: Հիշում եմ, մեր բակի հարևանությամբ գործում էր գարեջրի գործարանը, որտեղից հնարամտորեն ձեռք էինք բերում գարեջրի շշին փակցվող տեսակ տեսակ պիտակներ, դրանք տեսակավորում էինք և բակից բակ գնալով փոխանակում կամ էլ դրանցով խաղ էինք խաղում:

Այո, անցնում են տարիները, փոխվում են ժամանակները, փոխվում են նաև զբաղմունքներն ու խաղերը, սակայն կա մի թերություն, որը մինչև այսօր մնացել է անփոփոխ՝ դա սովետական դաստիարակությունը ստացած մարդն է:

Նրանք, ում ես ի նկատի ունեմ, ունեն արմատացած, կարծրացած սովորություն իրենց բնավորության մեջ, նրանք չեն կարող հետ վարժվել պիտակներ հավաքելու իրենց մանկական սովորությունից: Դա հետապնդում է նրանց՝ իրենց ամբողջ կյանքում: Նրանք այլևս չեն խաղում մանկական խաղեր, այլ խաղերը դառնում են ավելի մեծական եւ վտանգավոր: Դրանից կամ շահում են, կամ կորցնում:

Ժամանակի հետ զուգընթաց փոխվեցին նաև պիտակները, դարձան ավելի գունեղ ավելի գրավիչ, բազմացավ նրանց տեսականին: Հները կարծես մղվեցին հետին պլան և միայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս՝ հիշեցնելով իրենց մասին՝ այն մեծացած սերունդին, նրանց մեջ արթնացնելով հիշողություններ: Հիշողություններ, որոնք անցանկալի են, քանի որ ներկայիս դիրքի ու պաշտոնի մեջ դրանք ամոթալի են թվում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում, միտումնավոր կերպով կատարվում է տեսակավորում: Գունագեղ պիտակները փոխարինվել են սև և սպիտակ գույներով, իսկ գովազդը  փոխարինվել է օտարամուտ PR հասկացողությամբ:

Հասարակությունը տեսակավորվում է անխնայաբար՝ մերոնցականների ու ձերոնցականների, Էսինչյանների կամ էնինչյանների, կուսակցականների-անկուսակցականների, հավատացյալների՝ անհավատների, առաքելականների կամ  աղանդավորականների, երկնագույնների կամ վարդագույնների, համասեռամոլների, աննամուսների ու նամուսովների, գողերի ու ազնիվ գողերի, հայաստանցիների ու ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ (չպետք է մոռանանք նրանց հարգանքի տուրք մատուցելը) , սփյուռքի կամ էլ բարերարի, եւ այս ցուցակը կարելի է շարունակել և դարձնել հումորային սցենար՝  32 ատամ ակումբի տղաների համար:

Դե իհարկե սա կարելի էր հեգնանք համարել, կամ էլ կատակ, եթե սրա տակ թաքնված չլիներ վտանգավոր մի պայթուցիկ, որը կարող է հօդս ցնդեցնել առանց այն էլ մի կերպ կարկատան արած Հայաստանը: Հաշվի առնելով, որ մեր երկիրը շրջապատված է մեր նկատմամբ  ագրեսիվ տրամադրված պետություններով, որոնցից մի քանիսը մեզ դարձրել են մաղարիչ՝ իրար հետ փոխհարաբերությունները կարգավորելու եւ իրենց շահերը պաշտպանելու հարցում, ապա տեսակավորման եւ պիտակավորման  սցենարը Հայաստանին դարձնում է ինքնաոչնչացման մեխանիզմ, որով ոչնչացվում է առկա խնդիրը: Չկա պետությունը, չկա նաև խնդիր: Առավել ևս, որ մենք պահանջներ ունենք գրեթե բոլոր հարևաններից՝ Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից:

Մեծերից մեկն ասել է. «Պատմությունը ունի մի թերություն՝ այն կրկնվում է»:

Դե, եթե անրադառնանք մեր պատմությանը, ապա կտեսնենք, որ մենք միշտ էլ ունեցել ենք համախմբվելու խնդիր: Այսօրվա խնդիրները մեզ կանգնեցնում են գոյատևելու փաստի առջև: Համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու բանալին միասնականության մեջ է և այստեղ հարկավոր է մեր պետական այրերին հասկանալ, որ իրենց շահերից չի բխում «բաժանիր որ տիրանաս » սկզբունքը, քանի որ կործանման դեպքում իրենք իսկ կլինեն առաջին տուժողները: Դե առնետները առաջինն են լքում խորտակվող նավը, սակայն ինձ միշտ էլ զարմացրել է դրա վերջը, քանի որ նավից փախնելով միևնույնն է նրանք հայտնվում են ջրում: Խեղդվելը միայն դառնում է ժամանակի խնդիր:

Ժողովուրդը իմաստուն է, և չպետք է կարծել, թե նրանց լռությունը համաձայնություն է կամ ավելին՝  հավանություն է ներկայիս օլիգարխիկ իշխանության երես առած մանկան կամակոր պահվածքին: Ինքնագոյատևման բնազդը կարող է նրան սթափեցնել, միաբանել: Ասում եք «Հայաստանը դու ես», դե եթե ես եմ և ինձ նմանները, ապա ես իմ վրայից քերում եմ ձեր տիզերին, արյուն ծծող, թույն ներարկող պարազիտներին:

Ասածս չի լինի նորություն, ուղղակի ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ ներքաղաքական, ինչպես նաև հոգևոր (կրոնական) մթնոլորտը շիկացած է և պայթունավտանգ: Ժողովրդին հասցնում էք պարանոյաի աստիճանի:

Ես չէի ցանկանա, որպեսզի այս լարվածության բեռնաթափումը իրագործվեր արյունահեղ սցենարով՝ քաղաքացիական պատերազմով կամ Բարդուղիմեոսյան գիշերվա՝ հայկական կրկնությամբ:

Ես ունեմ երազանք և ցանկանում եմ որ դա իրականանա, չեմ ուզում նմանվել իմ հայրենակիցներին, ովքեր հեռացան գլխիկոր, կոտրված, մերժված, հուսախաբված, օտար ափերում հայրենիք գտնելու երազանքով:

Մի կտոր հող է մնացել ու Կտոր մը երկինք, մի բուռ ժողովրդից մնաց կես բուռ: Էս կեսն էլ որ իրար կերավ ու սպառվեց՝  վերջ, վերջ մի կտորներին:

Շրջեք մեր հայրենիքի ավաններում, գյուղերում, քաղաքներում, նայեք մարդկանց դեմքերին: Նրանց հայացքում դուք կկարդաք հիասթափություն, հոգս, մտահոգություն: Անրադարձեք նրանց խնդիրներին, կարիքներին: Մտածեք, թե ինչպես նրանց օգնեք, աջակցեք, քաջալերեք, հետ վերադարձրեք նրանց հավատքը մեր երկրի նկատմամբ, դարձի եկեք ձեր ընթացքից, մտածեք թե ինչպես արժանանաք նրանց սիրուն, ինչպես նրանց հույս տաք ապագայի նկատմամբ, որ հավատան ձեզ, հավատան ապագային և հավատան Աստծուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել