(Այս գրությամբ ամբողջացնում եմ blogNEWS-ում հրատարակված նախորդ անդրադարձը)

Մեր ժամանակների քաղաքական բառարանում հաճախ է հնչում մի բառ` «էլիտա», ասել է՝ «վերնախավ»… Սրանք այն մարդիկ են, որոնք այդ պատմական պահին տնօրինում են որևէ ազգի ճակատագիրը, նրա պետականության ընթացքը, ձևավորում են սոցիալական արժեհամակարգերը…

Այնպես է ստացվել, որ Հայաստանում «էլիտա», «վերնախավ» ասելիս` բերանիդ մեջ մի քիչ դառնահամ ես զգում… Այս մի գրությամբ ուզում եմ քաղցրացնել այդ եզրույթըը: Գրում եմ մի գրառում` ԴՆ ֆորումից` Այսօրս» շարքից: Ոսկե Ծիրան փառատոնի օրերն էին:
Ոսկե Ծիրանը… Հարություն Խաչատրյանը: Ջավախքի կապույտ առավոտներից, կոշտ ու պինդ բարբառից, քարերի ոսկե քարաքոսից, հայասառն աղբյուրների պայթյուններից, Էրզրումի բարձր լեռներից է եկել է այս Աշխատավորը ու գերբնական ճիգով խոնարհեցնում է աշխարհը հայ սրտի ու մտքի առջև… Ահա թե ո~վ է մեր Վերնախավը:
Մշո շառավիղ է այս կինը, յոթ մանուկ է ծնել, պորտերը բաց` արևի դեմ – պահում, պահպանում են մեր Բարձրավանդակը, – ահա այս մայրը` Հայկական բարձրավանդակի Տիրուհին, սուրբ բարբառի պահպանողը… Ահա այս մյուս գեղջկուհին - ձեռքերի մաշկը մագաղաթե, հոգնած աչքերը` նեղ ու կապույտ – վանքի լուսամուտների պես, բարբառն անուշ – գարնանը հալվող ձյուների նման , –  ահա այս գեղջկուհին մեզ է բերել իր այգու արև-ծիրանները… Ահա թե ո~վ է մեր Վերնախավը …
Այս սպիտակավարս Հայուհին… – Ո՞վ է իմացել, որ մեր էպոսը երգվել է, – գալիս է այս զորավոր Ասացողը, մեր Ծռերի Էպոսը պատմում է մեզ, հազարամյակների շնչով հնչում են զորավոր օղորմիսները… Աշխարհի հայությու~ն, ուզում ե՞ս Նոր դպրոց ունենալ, ուզում ե՞ս Նոր կրթություն ստեղծել, –  այս սպիտակավարս առյուծակինը մեր հազարամյակների բանավոր դպրոցի կրողն է, հարցրու~ նրան … Ահա թե ո~վ է մեր Վերնախավը…
Մեր պա~րը … Ովքե՞ր են հավաքել մեր Պարի Շարժումները: Տեսնում եմ նշխար հավաքողների հավաքական կերպարը – Սրբուհի Լիսիցյանից մինչև այսօրյա աշխատավորները… Փնտրում են Շարժումը – գյուղական խաղտունների մեջ, գզրոցների հին գրառումներում, ամենուր, իրենց սրտի մեջ… Եվ մի օր գտնու~մ են` միակ, անկրկնելի, անհավատալի այն Շարժումը – հայ Ոգու և Մարմնի տիեզերական ռիթմի մեջ, –  այդպես գեղեցիկ կարող է ծնկածալել միայն Արարիչը: Խոնարհվենք մեր պարի Շարժումը փրկող-փայլացնողի առջև… Ահա թե ո~վ է մեր Վերնախավը:
Ահա այս Հայ Մարդը, անհոգնել ու անդադար – գտնում է, հանում, երգում, նոր կյանք տալիս, նոր շունչ պարգևում, վերաշնչավորում է հայ գուսանական երգը… Ահա թե ո~վ է մեր Վերնախավը:
Այն Մեկը, գիտնական այրը, որ արդեն հեռացել է մեր ֆիզիկական աշխարհից, ով տեսականորեն ապացուցել է արարչական դաշտերի գոյությունը, – մեծն Այնշթայնի հարաբերականության տեսությունը այս Հայ Մեծի տեսության մի հատվածն է ներկայանում… Ահա թե ո~վ է մեր Վերնախավը…
Ազնիվ աշխատավորներս մեր տան, որ ամեն օր` որպես հայրենի լեռների մեղվափեթակ, արթնանում եք, հավաքում ոգու և սիրո մեղրը` կաթի~լ առ կաթի~լ… Մեր գեղեցիկ ու պաշտելի մեղուներ, սիրու~մ եմ ձեզ… Դու~ք եք Հայաստանի Վերնախավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել