Միայն օրացույցն է ասում, որ գարուն է: Դրսում ցուրտ է, քամին տարուբերում է բարդիների ցանցառ ճյուղերը, լեռնալանջերին ձյան ծվեններ կան, իսկ թութակները՝ չէ, եղանակի փոփոխությունն զգում են: Բույնը, որին ամբողջ ձմեռ ոչ ոք մոտ չգնաց, դարձել է կռվախնձոր: Կապույտն ավելի աշխույժ է, ճարպիկ՝ վայրկյան չի կորցնում: Բավական է Գմփոն բնից դուրս գա կեր ժողվելու, կամ Ճերմակը լքիպահակակետը, ցատկում է թառին և գլուխն անվարան տանում կլորակից ներս: Բայց թե՝ Գմփոն էլ է փոխվել, դարձել անճանաչելի: Խաղաղ, հանդարտաբարո պահվածքում նոր գիծ է հայտնվել՝ չզիջող, չներող: Մտնում է բույնը, սակայն, ի տարբերություն Կապույտի, որը թեփն իրար է տալիս, պատերը կրծում, ելնում է թառին և հայացքն անքթիթ հառում հակառակորդին, կարծես ասելիս լինի՝ նայիր, քեզնից ուժեղ եմ, մարմնեղ, խորհուրդ կտամ բույնը զիջես՝ խաղաղությամբ, այլապես…
Կապույտի պոչն արդեն չկա, Գմփոյի քթարմատին քերծվածք է հայտնվել… Երկրորդ բույն է անհրաժեշտ՝ շտապ, հենց այսօր:
Նոր բույնը ևս չօգնեց: Կապույտը՝ կրակի կտոր, իսկ Գմփոն՝ ծույլ, ալարկոտ, առաջին բույնը սեփականելուց հետո կամենում է երկրորդը ևս իրենով անել: Դա դեռ ոչինչ, ուզում է բզկտել Կապույտին: Այդ կերպ էլ կվարվեր, եթե օրը կիրակի չլիներ, ու մենք էլ պատահաբար պատշգամբում չգտնվեինք: Թերթ էի կարդում, երեխաներն ինչ-որ խաղով էին տարված:
-Հայրիկ, էլի կռվում են:
Հոդվածը հետաքրքիր է, կտրվել չեմ ուզում.
-Ոչինչ, կռվեն էլ, հաշտվեն էլ:
Ծղրտոց է լսվում, խշրտյուն, թեփի հատիկներ են թռչում դուրս:
-Հա՛յր,-փոքրիկների ձայնում տագնապ կա,-խեղդու՜մ է,-Սաթենիկը վախեցած վրա է բերում բնի շարժական կափարիչը:
Լրագիրը շպրտելով՝ թռա: Իսկապես էլ անսովոր աղմուկ է: Բույն ինչու՞ է շարժվում: Ձեռքս ներս եմ տանում: Նման պահերի, սովորաբար, թութակները դուրս են ճողոպրում, իսկ հիմա…Մյուս ձեռքով լրիվ բացում եմ բնի շարժական կափարիչը: Կապույտը ոտքերը չռել, թպրտում է, իսկ Գմփոն շան պես բռնել կոկորդից, խեղդում է: Դժվարությամբ բաժանեցի. պոկ չէին գալիս: Ավելի ճշտիվ, Գմփոն զոհին դժկամությամբ զիջեց ինձ՝ ուժի զոռով:
Ստիպված՝ վանդակը միջնորմով բաժանեցի: Հիմա, ինչ խոսք, նեղվածք է, փոխարենը ծեծկռտուք չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել