«Տարաս Բուլբան» և հայ ժողովուրդը.

Ռուս հայտնի գրող Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբա» վիպակի մեջ մի հետաքրքիր դրվագ կա: Երբ կազակները այլևս չեն կարողանում համբերել, սպասելով պատերազմին, սկսում են կարծել, որ իրենց Կաշևոյը (ղեկավարը) վախկոտ է: Երբ Կաշևոյը գալիս է հրապարակ՝ հանդիպելու կազակներ հետ, վերջիններս սկսում են պահանջել ղեկավարի հրաժարականը: Կաշևոյը, իհարկե, ժամանակ չկորցնելով, միանգամից հանձնում է ղեկավարական ատրիբուտները՝ դրանով իսկ հրաժարվելուվ պաշտոնից: Հարց է առաջանում, ինչո՞ւ նա չփորձեց մի քիչ էլ ժամանակ ձգել, փորձել ելք գտնել պաշտոնը պահելու համար, քանի որ այդ պաշտոնում գտնվելը մեծ պատիվ էր յուրաքանչյուր կազակի համար: Պատասխանը մեկն է. եթե Կաշևոյը չենթարկվեր ամբոխի պահանջներին, ապա այդ վայրի ամբոխը կարող էր ուղղակի պատառ-պատառ անել չենթարկվողին: Այդպես էր դրվածքը, ղեկավարը պարտավոր էր ենթարկվել ու կատարել իրեն ընտրողների պահանջները, այլապես կոչնչանար: Կաշևոյը վախենում էր ժողովրդից:

Մեր իշխանություններին այդ վախն է պակասում: Մեր իշխանությունները արդեն երկար տարիներ է վստահ են, որ իրենց դեմ չկա ուժեղ ժողովուրդ, չկա ռեալ ուժ, որը իր սխալի համար կարող է «պատառ-պատառ» անել «վատ» պաշտոնյային: Անկախությունից ի վեր հայ ժողովուրդը կորցրել է իր պայքարելու ունակությունը, դրանով իսկ իշխանություններին թույլատրելով թալանել իրեն: «Պայքար-պայքար» գոռում են բոլորը, սակայն նրանց մի չնչին մասն է գնում իրական քայլերի:
Համենայն դեպս, վերջին տարիներին կարող ենք ասել, որ ձևավորվում է մի ռեալ ուժ, այն է՝ հայ գիտակից երիտասարդությունը: Եթե մի քանի տարի առաջ գնանք և հասնենք այն ժամանակները, երբ որոշ փոքր խմբեր նոր էին սկսել իրենց բողոքի բարձրաձայնումը, ապա կտեսնենք իրական քանակական և որակական տարբերություն ակտիվիստների միջև: Ամեն մի՝ թեկուզ չնչին հաղթանակից հետո, մեծանում է անհնազանդ մարդկանց քանակը:
Երբ իշխանությունը իր առաջ տեսնի մի ժողովուրդ, ամբոխ, որը պատրաստ է պայքարել իր իրավունքների համար, թեկուզ ծայրահեղ միջոցների շնորհիվ, ապա վստահ ենք, որ ղեկավարները կսկսեն ավելի լավ կատարել իրենց հանձարարված խնդիրը, չի խաբի, կկատարի իր խոստումները: Հավանաբար չեն լինի Սերժ Սարգսյանի նման մարդիկ, որոնք առանց մի բառ ասելու, առանց հաշվի առնելու մնացածի կարծիքը, գնան և որոշեն, որ Հայաստանը պետք է դառնա ՄՄ անդամ:
Եթե նույնիսկ ժողովուրդը ձերբազատվի երկրի ղեկավարությանը սաստելու կոպիտ միջոցներից (խոշոր անկարգություններ, հրաժարականի պահանջում և այլն) ու սխալ կատարած մարդկանց չընտրի հաջորդ ընտրություններին, հավանաբար այս դեպքում էլ իշխանությունները հաշվի կառնեն քաղաքացիների պահանջմունքները, քանի որ իշխանությունների համար առաջին խնդիրը իշխանության պահպանումն է երկար ժամանակ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել