Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվում են ուսումնասիրություններ՝ պայմանավորված ապրանքի վերադարձի կամ փոխանակման խնդրով: Իրացման կետերում և տնային տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունները նպատակ էին հետապնդում ինչպես հայտնաբերելու օրենքի պահանջի խախտման դեպքերը, այնպես էլ պարզելու, թե որքանով են սպառողները և տնտեսվարողները տեղեկացված օրենքի պահանջին: Ավելի քան 250 իրացման կետերում և 200 տնային տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքացիները հիմնականում ցանկանում են վերադարձնել կամ փոխանակել ձեռք բերված կոշիկը, ընդ որում, ոչ պատշաճ որակի պատճառով: Սա յուրատեսակ մտահոգության առիթ է, քանզի պատշաճ որակի ապրանքի փոխանակման հարցում կոշիկի փոխանակման կամ վերադարձի դեպքերի քանակը զիջում է հագուստին, ինչն էլ ապացույց է, որ ընդհանուր ֆոնի վրա կա խնդիր Հայաստանի Հանրապետությունում իրացվող կոշիկի որակի հետ:
Քաղաքացիներն ավելի շատ դժգոհել են ներկրված կոշիկների որակից, իսկ տեղի մի քանի կոշկակարների հետ զրույցում, վերջիններս մեկնաբանելով հնարավոր պատճառները, փաստեցին, որ շատ հաճախ ներկրված կոշիկները կարված են սխալ՝ ետնամասի չափը համապատասխանեցված չէ կոշիկի չափսի հետ, որն էլ պատճառ է հանդիսանում անհարմարության զգացողության և կոշտուկների առաջացման: 
Եվս մեկ անգամ կոչ ենք անում ակտիվ համագործակցության, և ինչպես պատշաճ, այնպես էլ ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձի կամ փոխանակման գործընթացում խոչընդոտների հանդիպելիս խնդրում ենք ահազանգել Կազմակերպությանը 430 930 հեռախոսահամարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել