Տատս, ի հեճուկս ժամանակի աթեիզմի, հեղափոխությունների ու ամեն տեսակ լենին-մենինի, հավատացյալ կին էր։ Սովետի արշալույսին հազիվ իր անունն էր գրել սովորել, բայց պատմություններ գիտեր, որ գիտուններն իրենց օրում լսած չկային։ Չեմ բացառում, տատս ստեղծագործ անհատ էր. գուցե և մի մասը հորինում էր։ 
Ուրեմն, երբ գյուղի նոր տունը կառուցում վերջացնում են, տատս երազ է տեսնում, թե մի սևավոր կին` գլուխը կախ, իր դուռն է թակում։ Տատս երազում բացում է դուռը ու կնոջը ներս հրավիրում, բայց կինը չի մտնում ներս. ասում է՝ էս աստիճաններիդ տակ տեղ տուր՝ ապրեմ։
Առավոտյան երազը պատմում է որդիներին ու ամուսնուն ու խնդրում-պահանջում, որ աստիճանների տակի ազատ տարածքն իրեն տան՝ սրբատեղի դարձնի։
Տղամարդիկ սվաղում-հարդարում են տարածքը, վրան դուռ դնում ու տալիս տատիս։ Տատս դուռը գիշերները ծածկում էր, որ, իր ասելով, հարամի չմտնի։ Իսկ տարածքը շատ կարճ ժամանակում դարձավ գյուղում հայտնի սրբատեղի։ Գյուղի ծայրերից էլ գալիս էին Նունիկի (Նունիկը տատս է) սրբի առաջ մոմ վառելու։
Զարմանալին մի ուրիշ բան է։ Հենց երազի առավոտյան նշածս տարածքի առջև մի տարօրինակ խոտ է բուսնում։ Տատս արգելում է հարսներին էդ խոտին ձեռք տալ, բայց հարսները չեն լսում, ամեն մաքրելիս խոտը պոկում-գցում են։ Խոտը հաջորդ առավոտյան էլի իր չափով աճած է լինում։ Տատս խնդրում է հարսներին՝ խոտը հանգիստ թողնեն, հարսներն անտեսում են, պոկում են, արմատախիլ են անում։ Բայց խոտն էլի առավոտյան աճած է լինում։
-Ես նրան էստեղ տեղ եմ տվել, որ ապրի,- տատս բացատրում է հարսներին,- դա ձեզ չի ենթարկվելու։
Հարսները ծիծաղում են, իրար աչքով անում, թե պառավը ցնդել է։ Ի վերջո ձանձրանում են ամեն օր էդ խոտը պոկելուց, տեղի են տալիս, վրայից անցնում են, էլ չեն էլ նկատում էդ խոտը։
Տատս մեռավ մոտ ութսուն տարեկանում։ Թոռով, ծոռով, հեռու ու մոտ հարևան-բարեկամով, ողջ գյուղով հավաքվեցին, թաղումն արեցին, գնացին։
Երբ էլ օտար մարդ չկար, նկատեցի, որ սրբատեղի մուտքի առաջի խոտն էլ չկա։ Ու հետո էլ երբեք չտեսա էդ խոտը։ Ասում են՝ էլ չի աճել։
Սրբատեղին էսօր էլ կա. մարդիկ չեն էլ հարցնում, լուռ գալիս, իրենց մոմը վառում, գնում են։ Երբեմն սրբերի նկարներ կամ գլխաշորեր են թողնում, մանր-մունր առարկաներ՝ չգիտեմ ումից ինչ խնդրելով։
Մի անգամ դուռը հրեցի՝ մանկությանս հետ հանդիպելու հույսով։ Ամեն ինչ տեղն էր. նույնիսկ ավելի կոկիկ էր, քան տատիս կենդանության օրոք։ Բայց սառն էր։ Դա ընդամենը աստիճանների տակ մի սառը տարածք էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել