Այսօր դատարանը մերժեց իմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայցը, որով պահանջում էինք, որ կարճվի փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի հարուցած քրեական գործը:
Բողոքարկման հիմնական շարժառիթն այն էր, որ մեր դատաիրավական պատմությունում կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որում ասված է՝ եթե չկա նախորդող հանցագործություն, չի կարող գոյություն ունենալ փողերի լվացման հանցակազմ: 
Դժբախտաբար դատարանն արհամարհեց նախադեպային այս որոշումը և մերժեց գործի կարճման դիմումը: Մենք կշարունակենք ԱԱԾ-ի որոշումը բողոքարկել այլ ատյաններում՝ մինչև Վճռաբեկ դատարան, որը տրամաբանորեն չի կարող հակասել իր իսկ որոշմանը:
Դատարանի այսօրվա վճիռը կրկին ամրագրում է իմ համոզմունքը, որ հնարավոր չէ այլ եզրակացության հանգել, քան որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գործ է հարուցվել բավական ծանր հոդվածով, բայց առայսօր այդ կապակցությամբ որևէ իրավական հիմնավորում առնվազն ինձ հայտնի չէ:
Խոսելով դատական վճիռների մասին՝ չեմ կարող հիասթափությունս չհայտնել նաև մի քանի օր առաջ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ դատարանի որոշման կապակցությամբ: Չխորանալով դեպքի մանրամասների մեջ՝ զուտ ելնելով Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակից և հաշվի առնելով խտրական արդարադատությունը, քաղաքական հաշվեհարդարները, խեղված արժեհամակարգերը՝ կարծում եմ, որ դատարանը անընդունելի որոշում է կայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել