լռությունից առաջ միշտ ինչ-որ ձայն ա լսվում, չես նկատե՞լ,
ինձ դրանից հետոն բացատրի,խնդրում եմ,
մարդիկ կարո՞ղ են ամբողջ կյանքում լուռ խոսել,
դու իմ լռությունը հասկանու՞մ ես, թե՞ ես խոսելուս պես բարդ եմ լռում ու անհասկանալի:

մի ժամանակ մենք ոչ պաշտոն ունեինք, ոչ էլ կոչում,
ես քո կյանքում տեղ չէի զբաղեցնում, դու էլ`իմ,
դրա համար էլ խանգարող հանգամանքներ չկային` 
խոսելու, 
կիսվելու,
բացահայտելու,
բացահայտվելու:
երկուսս էլ խոստովանում էինք,որ ճիշտը մենակ անծանոթների առաջ բացվելն ա,
դա մի տեսակ սկզբունք էր մեր համար,
երազում էինք ամեն օր հանդիպել մարդկանց,որոնց հաջորդ օրվանից սկսած էլ երբեք չէինք հանդիպելու,
երազում էինք գնացքով երկար ճանապարհ անցնելու, խցիկի ուղևորին սիրահարվելու ու էլ երբեք չտեսնելու մասին,
մեր երազանքները պուճուր էին, հասարակ ու ուրիշ,
ոնց որ էն ռետրո նկարները` պատված  դեղնավուն երանգով,
որ քեզ հարցնում էի ընկերներիդ մասին, ասում էիր, որ ես սխալ տպավորություն եմ ստացել, որ դու ընկերներ չունես,
որ հարցնում էիր,թե երբ եմ ես մենակ ինքս իմ հետ,
ասում էի` միշտ,
ու դու զարմանալու փոխարեն ժպտում էիր,
ես հասկանում էի, որ հասկանում ես, իսկ դա էնքան կարևոր էր:
ու մենք երջանիկ էինք, քանի դեռ մեր իմացած  ու երևակայած անծանոթների պես էինք շփվում,
ու էդ երջանկությունը պակասեց էն ժամանակ, երբ սկսեցինք հասկանալ ու մտածել.
երբ հայտնվեցին 'գիտեմ'-ները, 'իմ մոտ էլ ա տենց'-երը, 'լրիվ'-ներն ու 'ոնց եմ ես քեզ հասկանում'-ները,
վերացավ էն ժամանակ, երբ մենք սկսեցինք վատ խաղալ անծանոթների դերերը,
երբ հասկացանք, որ հասկանում ենք,
երբ սկսեցինք արժեվորել մեկս մյուսին, անհաննգստանալ,գնահատել,
հետո քո դեպքում ամեն ինչ փոխվեց, իսկ ես  նույն ակոսում մնացի,
գնացքի դռները փակվեցին,
ուղևորն էլ անհետացավ,
բայց շարժումը կանգ չի առնում:
 ու էն գրողի տարած բայը, որ չեմ սիրում բանաստեղծություններիս մեջ գրել,
ու հիմա չեմ կարողանում արմատներդ բութ մկրատովս կտրել,
բայց ուժ էլ չունեմ, որ քեզ ծիլերս ցույց տամ,
ու էն սիրուն երիցուկները,որ երևում են գնացքի պատուհանից:

ու մենք ազատ էինք ինչպես էն ճայերը,որոնց արդեն մի քանի ժամ է հետևում եմ երկնքում,
իսկ իրականում` մեր  շագանակագույն  փողոցի երկնքում ճայեր չկան:

ես...ես հիմա էլ եմ ճայ,
մինչև քեզ էլ եմ ճայ եղել ու առանց քեզ էլ կլինեմ,
բայց, ոնց երկինքը ճայի համար, էնպես էլ դու` իմ:

աշխարհում մի երկինք գոյություն ունի,
ուղղակի մեկը շատ կտորներից ա կարված,
ու մարդիկ, որ փախչում են երկնքի մանուշակագույն հատվածից,
չեն հասկանում,որ կարմիրն ու սրճագույնը նախորդի շարունակությունն են,
ու հարցն ընդամենը հեռավորության ու խաբկանքի մեջ ա:
երկինքը, որի գրկում թռչելով գրում եմ բանաստեղծությունս,
այտերիդ պես թեյագույն ա,
էն այտերիդ, որ մենակ տեսել եմ ու երբեք չեմ զգացել,
ու ամպերը աչքերիդ պես քաղցր են,
էն աչքերիդ, որոնց մեջ երբեք չեմ նայել:

երբ ճայերն իրենց փետուրները գցում են մարդյանց ափերի մեջ,
իրենց թվում ա ,թե քամին ա բերել,
ու միայն ճային տեսնելուց հետո էն սկսում հասկանալ բոլոր թափված փետուրների իմաստը,
ու ստեղծվում ա էն տխուր նկարը,
որտեղ ճայն առանց փետուրների ա,
իսկ քաղաքի փողոցներն ու բակերը` ճերմակ ու մաքուր:

ինչքան ամուր ա կապած քո ներքին լռությունն ու ազատությունը,
որ ծորում ա պարաններիդ ճեղքերից,
մինչև որ գիշերը, իր բարակ ու նուրբ ձեռքերով  արձակում ա կապերդ,
շոյում ներքևի շրթունքդ,որ ավազագծի ա նման,
ու վերևինը, որ ծովի ալիքի պես ծածկում ա մոխրագույն հատիկաշերտդ:

ես երազում եմ գիշերները հայտնվել քո կողքին,
որ տեսնեմ, թե ինչպես ես իրականում ժպտում,
ու ինչպես են թրթռում թարթիչներդ` մութ լույսերին նայելիս,
ու թմբլիկ մատներս սահեցնեմ երակներիդ վրայով,
ու կապույտ արահետներիդ մեջ հոսող աստղերը հաշվեմ:

ամեն օր աղոթում եմ Աստծուն,
որ գիշերները Լուսնի կերպարանք է ստանում,
որ գլխի չընկնես, թե ինչ տեսքով եմ քեզ այցելում,
թե չէ ձեր բակում ստվերաթակարդ կըդնես,
ու ամեն առավոտ կգաս, որ հանես մասունքներս մետաղյա բելորների տակից ու քեզ բավարարված զգաս,
բայց ամեն անգամ կհիասթափվես,
որովհետև չես կարողանա տեսնել իմ ստվերի գույնը,
ու քեզ կթվա, որ ես նորից փախել եմ:

մարդը, որ տեսնում ա իր նման մարդու`
ընտելացնում ա, կամ էլ սպանում,
որովհետև մարդիկ կամ սիրում են կամ ատում,
իսկ արհամարհանքը կամ սիրելու ծնունդ ա, կամ զզվանքի,
չբավարաված եսի անկատարելության:
որովհետև բոլորը չի,որ  կարող են չսիրել,
ու ասել,որ չեն սիրում` առանց վախենալու ու մի վայրկյան անգամ դողալու,
իսկ, եթե դողում ես, ուրեմն վախերդ ոչնչացնում են քեզ,
իսկ դու շարունակում ես երազել նրանց հաղթելու մասին:

ճայերն ամեն գիշեր լուռ նստում են տանիքներին` ագռավների ու աղավնիների պես,
իսկ մարդիկ շարունակում են նրանց փնտրել ծովի ափին,
մոխրագույն ու կապույտ ստվերները նստում են ճայերի վրա,
ու փախչում  աշխարհի բոլոր գորշ ու մռայլ քաղաքներից,
հետո ճայերը նետվում են ծովի մեջ,
որովհետև մի անգամ խեղդվածը, էլ երբեք ծովից չի վախենում:

լռությունից առաջ միշտ ինչ-որ ձայն ա լսվում,
իսկ հետո մարդիկ ճերմակում են,
ու ստվերները այդպես էլ չեն կարողանում հիշել այն ձայնը,
որ թվում էր, թե ինչ-որ ժամանակ լսել էին,
ու թվում է,թե ամբողջ կյանքում  ոչինչ չի եղել,
ոչինչ չեն ասել,
լսել,
բացատրել,
հասկացել,
զգացել,
տեսել,
ընկալել
....
որովհետև ստվերների միակ զգայարանը, կրոնն ու կարողությունը  լռությունն է,
որովհետև ճայերն էլ ստվերներ ունեն,
որովհետև լռությունն էլ ա մեկ-մեկ լռում:

լռությունից առաջ միշտ ինչ-որ ձայն ա լսվում, չես նկատե՞լ,
ինձ դրանից հետոն լուռ բացատրի,խնդրում եմ ~

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել