Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին կարևոր է վերստին գնահատական տալ դրա միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ջանքերին, քայլերին և գործընթացներին: Անցած այս 99 տարիների ընթացքում թե՛ սփյուռքահայությունը, որի զգալի մասը ցեղասպանությունից մազապուրծ եղածներն ու նրանց սերունդներն են, թե՛ անկախ Հայաստանի պետությունը որոշակի քայլեր գործադրել ու գործադրում են այդ ուղղությամբ: Պետք է փաստել, որ թեև կան ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրներ (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ-ի որոշ նահանգներ), այնուամենայնիվ, համաշխարհային հանրության լայն շրջանակներն այս խնդրի մասին շատ հաճախ կա՛մ ոչինչ չգիտեն, կա՛մ էլ շատ քիչ գիտեն, և վերջապես, որը որ ամենակարևորն է՝ այսօր էլ բուն Թուրքիան շարունակում է չընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Այսօր ևս Թուրքիան չի կարողանում կամք դրսևորել և կատարել միանգամայն տրամաբանված պատմա-քաղաքական նշանակության այն քայլը, որպիսին արեց Գերմանիան՝ ճանաչելով իր գործած ոճիրը հրեաների նկատմամբ: Բայց հենց սրա համար էլ գուցե Թուրքիան մնում է Թուրքիա: Ինչևէ…
Այդուհանդերձ, վերջին տարիներին ցեղասպանության խնդրում որոշակի դրական փոփոխություններ նկատվում են: Օրինակ՝ այսօր Թուրքիայում ցեղասպանությունը գիտական ուսումնասիրության առարկա է դարձել. վերջին տարիներին դրան վերաբերվող մի շարք կոնֆերանսներ և տարբեր ֆորմատներով քննարկումներ են անցկացվում, ինչը նախկինում պատկերացնելն անգամ դժվար էր: Այսօր նկատելի է, որ թուրք պատմաբան-գիտնականները ձգտում են վերականգնել պատմական եղելությունները և ցեղասպանության խնդրով առավել խորապես են սկսել զբաղվել նաև շատ իրավաբաններ ու արվեստագետներ: Կարծում եմ՝ սա արդեն խոսում է թուրքերի ցանկության մասին՝ իմանալու սեփական պատմությունը և խոսելու դրա մասին առավել բաց՝ չթաքցնելով ինչ-որ մութ փաստեր: Սա միանշանակ դրական է, բայց ասել, որ թուրքական պետությունն ու հասարակությունն ամբողջապես պատրաստ է ճանաչելու դարասկզբին հայերի նկատմամբ գործած իր մեղքը, առնվազն միամտություն կլինի: Դա էլ իր հերթին ունի իր բազմաթիվ պատճառները՝ սկսած հոգեբանական գործոնից և վերջացրած տնտեսական, ազգային-էթնիկական մի շարք խնդիրներով. մասնավորապես՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան միանգամից կարող է կանգնել հատուցման խնդրի առջև: Չէ՞ որ ամենևին բացառված չէ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է հավակնել իր պատմական հողերի հետ վերադարձմանը, իսկ խոսքը բավականին մեծ տարածքների մասին է, և թե որքանով Թուրքիան կարող է դրան պատրաստ լինել, դժվար է ասել: Մյուս կողմից էլ կա նաև քրդերի հարցը: Այսօր հայկական այդ հողերի մեծ մասը բնակեցված է քրդերով և, բնականաբար, խնդիր է լինելու այն, թե ինչպես պիտի վարվեն նրանց հետ: Թուրքիայի համար քրդերի հարցը ինչպես եղել, այնպես էլ կմնա մեծ գլխացավանք: Չպետք է մոռանալ նաև սիրիացի ներգաղթյալներին ու ազգային մյուս փոքրամասնություններին, որոնք ևս այդ տարածքներում են ապրում: Ինչևէ, Թուրքիան այս խնդիրներից փախչել չի կարող և Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում ստիպված կլինի այս կամ այն կերպ դրանց լուծում տալ: Ճիշտ է, առայժմ Թուրքիան ցեղասպանությունը ճանաչելուն պատրաստ չէ:
Բայց և այնպես, այն հանգամանքը, որ թուրքերի երիտասարդ նոր սերունդն ուզում է ավելի շատ իմանալ իր անցյալն ու պատմության մութ էջերը, արդեն ուրախալի է, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ անհրաժեշտ է ավելի մեծ ու լայնամասշտաբ քայլերի ձեռնարկում, որպիսզի գերտերությունները և հատկապես Եվրամիությունը, ուր այդքան փափագում է մտնել Թուրքիան, այս հարցում վճռական ճնշում գործադրեն Թուրքիայի վրա: Ի վերջո, մի օր պիտի բոլորը գիտակցեն, որ Հայոց ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի: 
Հույս ունեմ, որ ի վերջո պիտի հաղթանակի պատմական արդարությունը և ճշմարտությունը: Ես գտնում եմ, որ Հայոց ցեղասպանությունը հանցագործություն էր ոչ միայն հայերի, այլև բոլորի, նաև իմ դեմ, թեև իմ մեջ հայկական արյուն չկա, որովհետև երբ կանխամտածված փորձում են բնաջնջել մի ողջ ազգ, դա արդեն հանցագործություն է՝ ընդդեմ ողջ մարդկությանն ու աշխարհին: Ուստի Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը այլևս պետք է դարձնել անշրջելի ու անխուսափելի գործընթաց, իսկ 2015 թվականը այս առումով ամենանպաստավոր առիթը պիտի լինի, անգամ նույն Թուրքիայի համար…


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել