Պապս՝ Համո Հովհաննիսյանը (1904-1937թթ) 
Պապս՝ Համո Հովհաննիսյանը ծնվել է 1904 թվականին Վանում: Հայրը՝ ազնվական մեծահարուստ Գրիգոր Հովհաննիսյանը ցեղասպանվեց 1915 թվականին, իսկ նրա երիտասարդ կինը երկու երեխաների ՝ Համոյի և նրա կրտսեր եղբոր՝ Համազասպի հետ բռնեցին գաղթի ճանապարհը: Այդ ճանապարհին Աղավնին հիվանդացավ տիֆով ու մահացավ: Պապս յոթամյա եղբոր հետ հայտնվեց Ալեկսանդրապոլիսում ամերիկացիների միջոցներով բացված հայտնի 3-րդ որբանոցում: Այնտեղ է, որ տասերկու տարեկան երեխայի մոտ արթնացավ գրելու և խմբագրելու ձիրքը. որբանոցում խմբագրում էր «Արծիվ Վասպուրականի» պատի թերթը: Քսան տարեկանում՝ 1924 թվականին ստանձնեց «Ավանգարդ» թերթի հիմնադիր խմբագրի պաշտոնը: 1928 թվականին քսանչորսամյա երիտասարդը կարճ ժամանակ որպես բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար աշխատելուց հետո նշանակվեց ՀԿԿ Կենտկոմի «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր: «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղարի պաշտոնը ստանձնեց հայտնի գրականագետ Ռաֆաել Աթայանը, իսկ բաժնի վարիչի պաշտոնը՝ նշանավոր գրող Վախթանգ Անանյանը: Ինքնուրույն ջանքերով տիրապետելով ռուսերենին 1931 թվականին ՀԿԿ Կենտկոմի որոշմամբ գործուղվեց Մոսկվա՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմա-փիլիսոփայական բաժանմունքում սովորելու նպատակով, սակայն սակայն երեք տարի անց նորից նշանակվեց «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր, միաժամանակ ստանձնելով ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի օգնականի պատասխանատու պաշտոնը: 
Երկու վանեցիների համար ճակատագրական դարձավ 1936 թվականը: Այդ թվականին էին Ստալինն ու Բերիան նախագծում մեկ տարի անց սանձազերծված Մեծ Տեռորի ծրագիրը: Մեծ Տեռորի առաջին թիրախը դարձան Ցեղասպանությունից մազապուրծ եղած և Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայերը, այդ թվում Աղասի Խանջյանը և Համո Հովհաննիսյանը: 1936 թվականի օգոստոսի 19-ին ԽՄԿԿ Կենտկոմի «Պրավդա» պաշտոնաթերթում հրապարակվեց Լավրենտի Բերիայի «Հողմացրիվ անենք սոցիալիզմի թշնամիներին» ամպագոռգոռ հոդվածը, որտեղ Ստալինի մերձավոր զինակիցը որպես «սոցիալիզմի թշնամիների» հատուկ մատնացույց է արել Աղասի Խանջյանին և ՀԿԿ-ի Կետկոմի «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրին: Մեղադրելով Աղասի Խանջյանին Փարիզում ապրող Արշակ Չոբանյանի հետ նամակագրության մեջ, Բերիան պնդում էր, որ «հակահեղափոխական բուրժուա-նացիոնալիստական Ռամկավար կուսակցության» այդ ականավոր գործիչի հորդորներին տեղի տալով Աղասի Խանջյանը ցուցում էր տվել ՀԿԿ Կենտկոմի «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի խմբագրին «նվազեղնել արտասահմանում գործող նացիանալիստական հայկական կուսակցությունների քննադատությունը և նոր խորհրդային Սահմանադրության քննարկման շրջանակներում բարձրացնել ոչ միայն Թուրքիային փոխանցված Անիի, Արդաղանի, Կարսի, Սուրմալուի, այլ նաև Ախալքալակի, Ղարաբաղի և Նախիջևանի՝ Հայաստանին վերադարձնելու հարցը»: Ստալինի դահիճը վրդովմունքով նշում էր, որ Խանջյանը ոչ միայն հնարավոր էր համարում «այդ խայտառակ» նամակներին պատասխանելն, այլ գործնականում հետևում էր «հակահեղափոխական խորհուրդներին», իր ելույթներում «դաշնակներին» չէր քննադատում, ուղղակի խրախուսում էր «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի շուրջ համախմբված «մոլի ազգայնական մտավորականներին», որոնք «բացահայտորեն հակադրվում են կուսակցական հայտնի բանաձևին. մշակույթը պետք է իր ձևի մեջ լինի ազգային, բայց բովանդակությամբ՝ սոցիալիստական»: Այդ բանաձևին, Բերիայի պնդմամբ, «Խանջյանական նացիոնալիստները հակադրում էին և ձևով, և բովանդակությամբ ազգային մշակույթի հակահեղափոխական բուրժուական բանաձևը»: 
Հասկանալի է, որ ԽՄԿԿ Կենտկոմի «Պրավդա» պաշտոնաթերթի էջերից հնչաց Բերիայի այս մեղադրանքներից հետո Աղասի Խանջյանի և Համո Հովհաննիսյանի ճակատագիրը որոշված էր: Հաշվի առնելով այն, որ որպես Աղասի Խանջյանի օգնական և մերձավոր զինակից պապս էր գրում նրա ելույթները, Խանջյանի «ինքնասպանությունից» հետո նրա օրերը հաշված էին: Այդպես էլ եղավ՝ պապս նահատակվեց Քրիստոսի տարիքում՝ 1937 թվականին: 
Կարկուտը ծեծած տեղը ծեծեց. եթե չլիներ 1915 թվականի Մեծ Եղեռնը տասնյակ հազարավոր արևմտահայեր չէին նահատակվի ստալինյան Մեծ Տեռորի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել