Այրարատ՝ Մեծ Հայքի կենտրոնական նահանգը։
Այրարատ անվան ստուգաբանությամբ զբաղվել են մի շարք բանասերներ և պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը Այրարատ անունը կապում է Ուրարտուի անվան հետ:
Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։
Հյուսիսից սահմանակից էր Գուգարքին, արևմուտքից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքից՝ Սյունիքին և հարավից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ Այծպտունք գագաթից մինչև Շարիան լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և Ծաղկանց լեռներով դիմում է դեպի արևելք՝ Թոնդուրեկ, իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին Գեղամա լեռները. այս մասում նրա մեջ է մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ Փամբակ և Չլդըր կոչված լեռնաշղթաներով։ Այրարատը այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհ»-ների մեջ ամենաընդարձակներից է։
Սահմանային լեռնաշղթաներից բացի, Այրարատի հարավային մասում զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան, որի արևելյան ծայրին բարձրանում են Մեծ և Փոքր Արարատները։ Հյուսիսային մասում բարձրանում են Արագած և Արայի գագաթները, իսկ արևմտյան մասում ձգվում են մի շարք լեռնաճյուղեր, որոնք երկրի այդ շրջանին տալիս են լեռնային բնույթ։ Նշված լեռնաշղթաներն ու առանձին գագաթները Այրարատի հարթավայրային բնույթը քիչ են փոխում, որովհետև մեծ լեռնաշղթաները ձգվում են նրա սահմանային վայրերով, իսկ Հայկական Պարը, փոքր լեռնաճյուղերն ու առանձին գագաթները միայն առանձին «կղզիներ» են, որոնք վեր են բարձրանում ընդհանուր առմամբ դաշտային ռելիեֆ ունեցող այս նահանգի այս ու այն կողմում։
Այրարատի մի փոքր մասը, որն ընկած է Հայկական Պարից մի փոքր հարավ, ոռոգվում էր Արածանիով։ Այրարատի մյուս մեծ մասը պատկանում էր Արաքսի ավազանին։ Այրարատում կային մի շարք լճակներ, որոնցից նշանավոր էին Մեծամորի լիճը և Գայլատուն։ Այրարատում բավական մեծ տարածում են ունեցել ճահիճները՝ հատկապես Կոգովիտ գավառում։
Այրարատի կլիմայական պայմանները բազմազան են։ Կլիման ուղղահայաց ուղղությամբ կազմում է մի շարք գոտիներ՝ կիսաանապատներից (միջին Արաքսի հովիտ) մինչև լեռնային ցուրտ գոտին (Մեծ Մասսի և Արագածի բարձրադիր շրջանները)։ Ընդհանուր առմամբ կլիման խիստ ցամաքային է։ Տարեկամ միջին տեղումների քանակը 350-400 մմ-ից չի անցնում։ Ջերմության տատանումը շատ խիստ է արտահայտվում։
Այրարատը անտառներով շատ աղքատ է։ Անտառները շատ թե քիչ մեծ տարածում ունեն միայն այժմյան Սարիղամիշի շրջանում, որը հնում կազմում էր Վանանդ գավառի մի մասը, և Վարաժնունիք գավառում (այժմյան Ծաղկաձորն ու Հանքավանի ձորը)։ Այրարատում հնում տնկվել են նաև մի քանի պուրակ-անտառներ՝ Դվինի, Արմավիր քաղաքի մոտ և Բագարանի շրջանում։
Այրարատի ցածրադիր վայրերում բավական տարածված են աղուտները։ Այս գոտուն բնորոշ են փշաբույսերը։ Սրանից վեր տարածվում են տափաստանները, որոնց բնորոշ բույսերը փետրախոտերն են։ Ավելի վեր, ըստ կարգի, պետք է գար անտառային գոտին, սակայն Այրարատում այդ գոտին արտահայտվում է տեղ-տեղ, այն էլ ոչ թե կատարյալ անտառի ձևով, այլ՝ թփուտների։ Բարձրադիր գոտում ընկած են ալպյան մարգագետինները, որոնք մեծ տարածում ունեն հատկապես Արագածի և Հայկական պարի բարձրադիր շրջաններում։
Մշակաբույսերից Այրարատում հատկապես աչքի են ընկել հացահատիկները, բանջարեղենը, բամբակը և քնջութը, այգեգործական մշակաբույսերից՝ խաղողը, դեղձը, ծիրանը, տանձը, սալորը և այլն։
Այրարատյան աշխարհում, Հայկական լեռնաշխարհի մյուս շրջանների նման, տարածված են բարեխառն գոտու կենդանիները։ Տնտեսական խոշոր նշանակություն է ունեցել Արարատյան դաշտի ճահճուտներում ապրող որդի մի տեսակը, որից պատրաստել են ընտիր, չգունաթափվող «որդան կարմիր» ներկը։
Այրարատյան աշխարհը հնագույն ժամանակներից աչքի է ընկել բնական բազմատեսակ հարստություններով։ Ամենից առաջ այն նշանավոր էր սեղանի աղով (Կողբ և Կաղզվան)։ Ներկայումս էլ այդ աղահանքերը չեն կորցրել իրենց նշանակությունը։ Մետաղի հանքային հարստություններով Այրարատը աղքատ էր։ Այստեղ միայն հիշատակվում են ոսկի, պղինձ և երկաթ։ Ոսկին հանդես է եկել ոչ թե հանքերով, այլ ավազի հետ խառը։ Պղնձի հանքերով հայտնի է Վարաժնունիք գավառը։
Այրարատը շատ ավելի նշանավոր էր շինանյութերով ու հանքային ջրերով։ Այստեղ տարածված են տարբեր գույնի բազմատեսակ տուֆեր, մարմարներ, գրանիտներ, բազալտներ, ավազ, կավ, կրաքարեր։ Այրարատ աշխարհում էին գտնվում հնում մեծ հռչակ ստացած, Վարշակի ջերմուկները (այժմյան Դիադինի շրջանում), Արզնին և հանքային ջրերի այլ վայրեր։
Այրարատը հանդիսացել է հայ ժողովրդի քաղաքական միավորման, տնտեսական կյանքի և մշակույթի կենտրոնը։ Մեր մատենագիրները մեծ գովեստով են խոսում Այրարատի մասին։
Եւ արդ՝ զայսպիսի զըղձակերտ գաւառ, զչնաշխարիկ և զամենալի ըստ տուչուեթեան ամենախնամ արարչին Աստուծոյ, զԱյրարատեան գաւառ, որ է գլուխ աշխարհիս Հայոց, զգաւառն համբաւատենչ, զգաւառն ամենալի, որ բերէ յինքեան զօրինակ լիութեան...
— Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և թուղթ առ Վահան Մամիկոնեան (աշխատասիրությամբ՝ Գ. Տեր-Մկրտչյան և Ստ. Մալխասյանց, Տփղիս, 1904, էջ 23-24)
Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Արշակավանը, Դվինը, Բագարանը, Երազգավորսը, Կարսը, Անին, իսկ այժմ՝ Երևանը։
Այրարատը տարածքային այն մեծությամբ, որը նկարագրված է 7-րդ դարի «Աշխարհացոյցի» մեջ, անծանոթ չէ հնագույն մատենագիրներին։ Վերջիններիս ծանոթ են Բասեն, Շիրակ, Բագրևանդ գավառներին և Արաքսի հովտին, որի տակ նրանք հասկացել են Արարտյան հարթությունը՝ Ախուրյանի գետախառնուրդից մինչև Շարուրի դաշտը։ 5-րդ դարի մեր պատմիչները Այրարատ ասելով նկատի են ունեցել այն տարածքը, որը համապատասխանում է «Աշխարհացոյց»-ում նկարագրված Այրարատ աշխարհի արևելյան մասին։ Իսկ Այրարատն այդպիսի սահմաններով կազմում էր Արշակունիների ոստանը՝ արքունական սեփականությունը։ Նույն ժամանակաշրջանում Բագրևանդում իշխում էին Բագրատունիները, Արշարունիքում և Շիրակի մի մասում՝ Կամսարականները, Շիրակի մյուս մասում՝ Դիմաքսյանները, Վանանդում՝ Վանանդի իշխանները։
Հետագա շրջանում, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր քաղաքական անկախությունը, Այրարատի այն մասում, ուր նախկինում իշխում էին, հանդես եկան նոր նախարարական տներ՝ Ուրծի, Արածի իշխանները, Արագածոտնի մի մասը գրավում են Ամատունիները (Ամատունիները Արագածոտնում կալվածքներ ունեին դեռևս 4-րդ դարում՝ Խոսրով Կոտակի ժամանակներից), Կոգովիտ գավառն անցնում է Բագրատունիներին, Վարաժնունիքում հանդես են գալիս Վարաժնունիները և այլն։ Այսպիսով, Այրարատը փաստորեն մինչև Հայաստանի երկրորդ բաժանումը (591) մասնատված էր մի շարք վարչա-քաղաքական միավորների՝ նախարարությունների։ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո էլ Այրարատը մնաց մասնատված, սակայն այդ բաժանմամբ նա գրեթե ամբողջությամբ անցավ Բյուզանդական կայսրությանը (միայն արևելյան մի փոքր մասը մնաց պարսկական կողմում)։ Բյուզանիայի համար Այրարատը՝ Տուրուբերանի հետ միասին, ներկայացնում էր վարչական մի միավոր։ Այդ է պատճառը, որ «Աշխարհացոյց»-ում Այրարատի տակ հասկացվել են ոչ միայն նախկին Արշակունիների արքունական գավառները, այլև 591-ի բաժանմամբ Բյուզանդիայի անցած հսկայական տարածքի հյուսիսային մեծ մասը։
VII դ կեսերին Այրարատը գրավեցին արաբները։ 886–ին Այրարատը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Բագրատունիների թագավորության շրջանում Այրարատն ամբողջությամբ մտնում է նրա տարածքի մեջ։ Սակայն այստեղ, Բագրատունիների ընդարձակ իշխանություններից բացի, կային տեղական մի շարք իշխանություններ, որոնք զբաղեցնում էին երկրի այս կամ այն մասը։ Ամենից ուժեղը Պահլավունիների իշխանությունն էր, որի իշխանները Բագրատունիների թագավորության վերջին շրջանում կատարում էին սպարապետի պաշտոնը։
Սելջուկները իրենց արշավանքների ընթացքում մեծ հարված հասցրին Այրարատյան աշխարհին։ Սելջուկ-թուրքերի կողմից պարբերաբար կրկնվող արշավանքների հետևանքով Այրարատում ոչնչացան բազմահազար հայեր, ավերվեցին բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ։ Սելջուկների տիրապետությունը կարճատև եղավ։ Վրաց հզորացած պետության օգնությամբ, Զաքարյանների օրոք, հայերն աստիճանաբար հյուսիս-արևելյան Հայաստանից դուրս քշեցին սելջուկ-թուրքերին, որի կազմում էր և Այրարատը։ Սակայն քաղաքական իրադարձությունները շատ շուտով փոխվեց։ 13-րդ դարի 20-ական թվականներից ակսած Անդրկովկասի, այդ թվում և Հայաստանի վրա են արշավում մոնղոլ-թաթարները, որոնք ավերիչ ու կողոպտիչ մի քանի արշավանքներից հետո իրենց տիրապետությունն են հաստատում Հայաստանում։
XVդ Այրարատը նվաճեցին Կարա–Կոյունլուները, ապա՝ Ակ–Կոյունլուները։ 1502–ին Այրարատին տիրացավ Սեֆևյան Պարսկաստանը։ XVIIդ Թուրք–պարսկական պատերազմների հետևանքով Այրարատը ամայացավ։ 1639–ի հաշտության պայմանագրով Այրարատի մեծ մասն անցավ Պարսկաստանին։
Այրարատյան աշխարհի բնակչության խտությունը, Հայաստանի մյուս մասերի համեմատությամբ, մեծ էր։ Բնակիչների գերազանց մեծամասնությունը հայեր էին։ Հայերից բացի, Այրարատում՝ հատկապես քաղաքներում, բնակվել են նաև հրեաներ, ասորիներ, հույներ և պարսիկներ։ Արաբների տիրապետության շրջանում՝ 8-րդ դարի երկրորդ կեսից սկսած, Այրարատի որոշ քաղաքներում բնակություն են հաստատել զգալի թվով արաբներ, որոնք հիմնականում կատարում էին վարչական աշխատանք և կայազորային ծառայություն։ Ավելի ուշ շրջանում՝ 11-13-րդ դդ, Այրարատ են մուտք գործում նաև սելջուկ-թուրքեր, մոնղոլ-թաթարներ և այլ ցեղեր։
Հայաստանի ճանապարհների կենտրոնը Այրարատյան աշխարհն էր։ Երկրի ճանապարհների կարևորագույն հանգուցակետերը՝ Արմավիրը, Արտաշատը, Դվինը և Անին գտնվում էին Այրարատում։ Ուրարտական շրջանում Այրարատում ճանապարհների կարևորագույն հանգուցակետը Արգիշտիխինիլին էր, որն Ուրարտական պետության անկումից հետո իր տեղը զիգեց Երվանդաշատին (Ախուրյանի գետաբերանի մոտ)։ Հետագայում, երբ Հայաստանը ձեռք բերեց քաղաքական անկախություն, Այրարատում արագ կերպով բարձրացավ Արտաշեսյանների մայրաքաղաք Արտաշատը։ Մինչև 5-րդ դարի երկրորդ կեսը Արտաշատը Այրարատով անցնող ճանապարհների սիրտն էր։ Արտաշատից դուրս էին գալիս տարանցիկ առևտրի կարևոր մի քանի ճանապարհներ, որոնք ունեին նաև ռազնավարական խոշոր նշանակություն։ Դրանցից առանձնապես կարևոր էին երեքը. 
ա) Արտաշատ - Սատաղ
բ) Արտաշատ - Տիգրանակերտ 
գ) Արտաշատ - Թավրիզ
5-րդ դարի երկրորդ կեսից Այրարատի ճանապարհների գլխավոր հանգույցը դառնում է Դվինը։ Դվինից դուրս էին գալիս հինգ գլխավոր ճանապարհներ, որոնք նկարագրված են «Մղոնաչափք»-ում։ Այդ ճանապարհներն ունեին հետևյալ ուղղությունները՝ 
ա) Դվին - Կարին - Կողոնիա - Ամասիա - Բյուզանդիոն 
բ) Դվին - Խլաթ - Քղիմար - Ուռհա - Դամասկոս
գ) Դվին - Հրազդան գետ - Կոթ ավան (Սևանա լճի հարավային ափին) - Զոդի լեռանցք - Պարտավ
դ) Դվին - Նախիջևան - Թավրիզ 
ե) Դվին - Հրազդան գետ - Կուր - Տփղիս
Ավելի ուշ շրջանում՝ 10-րդ դարում, չնայած Դվինը մնում էր որպես տարանցիկ առևտրի ճանապարհների կենտրոն, Այրարատում բարձրանում է նաև Անին։ Վերջինս իր հերթին մի քանի ճանապարհներով կապված էր ինչպես Հայաստանի տարբեր մասերի, նույնպես և հարևան երկրների ու Սև ծովի նավահանգիստների հետ։ Անիից դուրս եկող տարանցիկ ճանապարհներից կարևոր են. 
ա) Անի - Տրապիզոն
բ) Անի - Թեոդոսուպոլիս - Ամասիա 
գ) Անի - Դվին 
դ) Անի - Տփղիս 
ե) Անի - Արտանուջ
Այրարատը բաղկացած էր 16-20 գավառներից (հաճախ Շարուրի դաշտը ևս դիտվում է որպես առանձին գավառ, սակայն որոշ կարծիքների համաձայն, այն մտել է Ոստան գավառի մեջ), որոնք հետևյալներն էին՝ 
Բասեն, Աբեղեանք, Գաբեղեանք, Հավնունիք, Արշարունիք, Բագրևանդ, Ծաղկոտն, Վանանդ, Շիրակ, Արագածոտն, Ճակատք, Մասյացոտն, Կոգովիտ, Նիգ, Կոտայք, Մազազ, Վարաժնունիք, Ոստան Հայոց, Ուրծ, Արած։
Արած, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում։
Ուրծ - գավառ պատմական Հայաստանի Այրարատ նահանգում։
Ոստան Հայոց՝ (Ոստան) գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, «ոստան» բառը նշանակում է՝ «իշխանանիստ» կամ «թագավորանիստ», իր անունը, հավանաբար, ստացել է, որ գավառում են գտնվում Արտաշատ և Դվին քաղաքները, որոնք Արտաշեսյանների և Արշակունիների թագավորությունների ժամանակաշրջանում եղել են Հայաստանի մայրաքաղաքներ։ Ոստանը գրավում էր Ազատ գետի միջին և ստորին հոսանքների հովիտը։ Ենթադրվում է, որ Ոստանի մեջ էր մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։
Վարաժնունիք (Ծաղկոցաձոր), գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։
Վաղ Միջնադարում Վարաժնունիք գավառն անջատվել է Նիգ գավառից, որի մասն է կազմել Մազազ գավառի հետ միասին։
Նիգ, Մազազ, Վարաժնունիք գավառների սկզբնական տերերն են եղել Գնթունիները` Մեծ Հայքի թագավորության իշխանական նշանավոր տներից մեկը։ Հետագայում Նիգի մի մասն անցել է Վարաժնունիներին կամ Վարաժնունի իշխանական տանը, որոնց անունով էլ կազմավորվել է նոր գավառ` Վարաժնունիք։ Վերջիններիս հարևան էր Մազազ գավառը, որտեղ իր իշխանութիւնն էր պահպանում Գնթունիների իշխանական տան մի ճյուղը։

Մազազ գավառը եղել է Մեծ Հայքի թագավորության Այրարատ նահանգի գավառներից մեկը։ Վաղ Միջնադարում Մազազ գավառն անջատվել է Նիգ գավառից, որի մասն է կազմել Վարաժնունիք գավառի հետ միասին։
Նիգ, Մազազ, Վարաժնունիք գավառների սկզբնական տերերն են եղել Գնթունիները` Մեծ Հայքի թագավորության իշխանական նշանավոր տներից մեկը։
Հետագայում Նիգի մի մասն անցել է Վարաժնունիներին կամ Վարաժնունի իշխանական տանը, որոնց անունով էլ կազմավորվել է նոր գավառ` Վարաժնունիք: Վերջիններիս հարևան էր Մազազ գավառը, որտեղ իր իշխանությունն էր պահպանում Գնթունիների իշխանական տան մի ճյուղը։
Կոտայք, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում։ Մոտավորապես համապատասխանում է ներկայիս Կոտայքի մարզի և Երևան քաղաքի տարածքներին։
Նիգ - Այրարատ նահանգի 15-րդ գավառը։ Կենտրոնն էր Քասախ ավանը (այժմ՝ քաղաք Ապարան)։ Տարածքով մոտավորապես համապատասխանում էր ՀԽՍՀ հետևյալ վարչական շրջաններին. 1. Ապարանի շրջան, 2. Սպիտակի շրջան, 3. Վանաձորի շրջան կամ Գուգարքի շրջան, 4. Հրազդանի շրջանի հյուսիսային և արևելյան մասերը, 5. Սևանի շրջանի լճափնյա մասերը, 6. Նաիրիի շրջան։
Մեծ Հայքի թագավորության ավատականացման (ֆեոդալականացման) գործընթացին զուգընթաց, Նիգ գավառից անջատվել են Մազազ և Վարաժնունիք գավառները։
Նիգ գավառի տերերն էին Գնթունիները։ Գնթունիներ, հայ նախարարական տոհմ։ Ըստ Մովսես Խորենացիու, Գնթունիների նախարարությունը հաստատվել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը՝ Հայաստանում բնակված քանակական ցեղի սերնդից Ձեռես իշխանին կարգելով արքունիքի զգեստավորման գործակալ։ Քանիդաս տոհմապետի գլխավորությամբ քանանացիների ներգաղթի և Հայաստանում բնակություն հաստատելու մասին տեղեկացնում են նաև Պրոկոպիոս Կեսարացին և Ստեփանես Տարոնեցին։ Ներսես Լամբրոնացին Գնթունիներին անվանում է քանանեդացիներ։ Սահակյան գահնամակում Գնթունիները դասվել են 21-րդ տեղում։ Հայոց բանակին տվել են 300 հեծյալ։ Մովսես Խորենացին հիշատակում է Գնթունիների նահապետ Զորային, Ղազար Փարպեցին՝ Վարդանանց պատերազմում նահատակված Տաճատ իշխանին Վահանանց կողմնակից Վառգոշին։ Գնթունիները հայ մատենագրության մեջ հետագա դարերում հիշվում են որպես հմուտ զինվորականներ։ Սմբատ Ա թագավորի ժամանակ (890-914) Հովհաննես Դրասխանակերտցին Գնթունիներից հիշատակում է Հասան իշխանին՝ որպես արքունի տան ամնրոցի՝ Կարսի պահակազորի հրամանատար, իսկ Աշոտ Բ թագավորի ժամանակ (914-929)՝ Աշոտ և Վասակ իշխաններին՝ որպես Գուգարք նահանգի վերակացուներ և նրա Շամշուլդե գլխավոր ամրոցի բերդապահներ։ Գնթունիների նախարարական տիրույթի մասին տեղեկությունները կցկտուր են։ Տրդատ Գ թագավորը իր հունական արձանագրության մեջ հիշատակել է Գնթունիների իշխաններից մեկին՝ Նիգ գավառում կալվածք պարգևելու առիթով։ Այս, ինչպես նաև Ապարանում, Քասաղ գետի ափին, մի հին եկեղեցու ավերակներում պահպանված Գնթունիների իշխան Գրիգորի արձանագրության հիման վրա էլ ենթադրվում է, որ Նիգ գավառը եղել է Գնթունիների կալվածքը։ Բնակվել են Գեղամա լճի հյուսիսային եզերքին։
Կոգովիտ` գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, իր տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Թուրքիայի Դոգու Բայազիդի (Բայազետի) շրջանին։ Նրա մեջ էին մտնում Գայլատու (այժմ` Բալըղ-գյոլ) լիճը և Կոգովիտ կոչված շամբը՝ ծանծաղ լճակը։ Արշակունիների թագավորության ժամանակ Կոգովիտը պատկանում էր արքունիքին, հետագայում անցավ Բագրատունիներին։ 9-րդ դարում Կոգովիտը միացվում է Վասպուրականին։ Կոգովիտում եղած պատմական վայրերից առավել նշանավոր են Արշակավան քաղաքը և Դարոյնք ու Արծափ բերդերը։
Մասյացոտն (գրաբար՝ Ոտն Մասեաց, թարգմանություն՝ «Մասիսների ստորոտ»)՝ գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, իր անունն ստացել է համանուն լեռնագագաթների անունից։ Տարածվում էր Մեծ և Փոքր Մասիսների հրաբխային զանգվածների շրջանում, ծիտս լեռնային գավառ է, ունի սուր կլիմա։ Մասյացոտնի պատմական վայրերից նշանավոր է Ակոռի գյուղը, որտեղ Սասանյան Պարսկաստանի դեմ ծավալված երկրորդ ապստամբության ժամանակ (481-484թթ.) Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական 400 հոգանոց զորագունդը ջախջախել է իրեն թվաքանակով մի քանի անգամ գերազանցող պարսկական զորքերին։
Ճակատք, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Տարածվում էր Հայկական պար լեռնաշղթայի և Երասխ գետի միջև, վերջինիս Վարդամարգ և Ագարակ վտակների ավազանում։ Հյուսիս արևմուտքից և հյուսիս արևելքից Երասխով սահմանակից էր Արշարունիք և Արագածոտն, հարավ արևմուտքից և հարավ արևելքից (Հայկական պարով)՝ Բագրևանդ և Կոգովիտ։ Ճակատքի հարավ և արևմտյան մասերը լեռնոտ են, կենտրոնական մասում բարձրանամ են Բարդող և Փարլու (Փերլու) լեռնագագաթները։ Հյուսիսը (Երասխի աջափնյակը) հարթավայրային է, հողը՝ բերրի և այգեվետ։ Կլիման ցամաքային է։ Ոռոգվում է Վարդամարգ, Ագարակ, Թանդուրեկ, Թեղեկճի և այլ գետերի, ինչպես նաև Հայկական պարի վրա գոյացած մանր լճակների ջրերով։ Ունի քարածխի և հատկապես աղի հարուստ պաշարներ։ Կողբի կերակրի բարձրորակ աղահանքը շահագործվել է հնագույն ժամանակներից և առ այսօր պահպանում է իր արդյունաբերական նշանակությունը։ Արշակունիների և Բագրատունիների թագավորության ժամանակներում Ճակատքը մտել է արքունի տիրույթների մեջ։ 13-րդ դարի սկզբին ազատագրվել է սելջուկյան թուրքերից և անցել Զաքարյաններին։ Ճակատքի բազմաթիվ բնակավայրեր կործանվել են Լենկթեմուրի արշավանքների (1387 և 1393 թվականներ) հետևանքով։ 15-րդ դարում Ճակատքը տրոհված էր երկու վիճակի՝ Կողբի և Աուրմառու (համանուն կենտրոնների անունով)։ 14-18դդ․՝ պարսկական տիրապետության ներքո, Սուրմառին կազմում էր Երևանի խանության Մոլրմալոլ մահալը, իսկ Կողբը մտնում էր նույն խանության Աառթլի մահալի մեջ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Ճակատքը Մասյացոտնի արևելյան մասի հետ կազմում էր Սուրմառի(Սուրմալու) գավառը և բաժանվում էր երկու վիճակի՝ Սուրմա֊ռու (50 գյուղով) և Զորագյուղ-Բարչենիս (54 գյուղով)։
Արագածոտն, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Կաչվել է նաև Ոտն Արագածո։ Այստեղ էին գտնվում Հայաստանի մայրաքաղաքներ Արմավիրը և Վաղարշապատը։ Արագածոտնում է Վարդագեսավան բնակավայրը, որը Վաղարշակ Ա թագավորի օրոք (117-140) վերանվանվել է Վաղարշապատ՝ դառնալով Մեծ Հայքի մայրաքաղաքը։ Միջին դարերում Արագածոտնի հյուսիսյան մասը կոչվել է Ամբերդ գավառ՝ համանուն ամրոցի անունով։ IX-XIդդ Պահլավունիների կալվածքն էր։ 1386-ին Արագածոտնը ասպատակեցին Լենկթեմուրի զորքերը։ XVդ գավառն ընկել է Կարա-Կոյունլուների, ապա Աղ-Կոյունլուների տիրապետության տակ, իսկ 1502-ից մտել է Սեֆևյան Իրանի կազմի մեջ։ 1639-ից Արագածոտնը Երևանի խանության մասերից էր, իսկ 1828-ին Արևելյան Հայաստանի մյուս շրջանների հետ միացվեց Ռուսաստանին։
Շիրակ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի 16 գավառներից ութերորդը։ Շիրակ գավառը զբաղեցնում է Ախուրյան գետի միջին և ստորին հոսանքի ավազանը։ Գավառի տարածքը կազմում է 3730 կմ²: Շիրակի սարահարթի միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1530 մետր։ Գավառով հոսող ամենամեծ գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից ու այդպիսով կիսում է Շիրակը սարահարթը երկու մասի ու հարավում միախառնվում է Արաքսին։ Գետն ունի մի քանի վտակներ, որոնք ոռոգում են դաշտավայրը։
Վանանդ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, տարածքով համընկնում է այժմյան Կարսի և Սարիղամիշի շրջաններին, ունի առողջարար օդ և զով կլիմա, ձմեռները սաստիկ ցուրտ են։ Հարուստ է լավ արոտավայրերով, խոտհարքերով և հացահատիկային կուլտուրաների համար լավագույն հողերով։ Վանանդում իշում էին նույնանուն իշխանները։ 8-րդ դարի վերջերից գավառին տեր են դառնում Բագրատունիները։ Աշոտ Գ-ի կողմից Կարսում կառավարիչ նշանակված նրա եղբայր՝ Մուշեղ Բագրատունին 961թ. իրեն հռչակում է թագավոր՝ հիմնադրելով Կարսի կամ Վանանդի թագավորությունը։ Վանանդի պատմական վայրերից նշանավոր է Կարս քաղաքը։
Ծաղկոտն (Ծաղկեոտն, Ծաղկոոտն, Ծաղկուտն), գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ «Աշխարհացոյց»-ում (VIIդ.) հիշատակված է որպես Այրարատ նահանգի յոթերորդ գավառ։ Տարածվում էր Ծաղկանց լեռների շրջանում։ Պատկանում էր Գնունիների նախարարական տանը, հետագայում, անցնում է Արշակունիների արքունիքին։ Լեռնային զով կլիմա ունենալու պատճառով ծառայում էր որպես հայկական զորքերի ճամբարային կայանատեղի։ Ծաղկոտնի պատմական հիշարժան վայրերն են՝ Զարեհավան քաղաքը, Շահապիվան բնակավայրը, Անգղ բերդն ու գյուղաքաղաքը։ Ծաղկոտնի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
Ծաղկոտնը հյուսիս-արևելքից սահմանակից էր Կոգովիտ, արևմուտքից՝ Բագրևանդ գավառներին, հարավից՝ Վասպուրական, հարավ-արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Տարածվում էր Արածանի գետի վերին ավազանում, Ծաղկանց (Ալադաղ) լեռների լանջերին, որտեղից սկիզբ է առնում Եփրատի ամենամեծ վտակը՝ Արածանին։ Ծաղկոտնի հարավային մասում ձգվում են Ծաղկանց, իսկ հյուսիսում՝ Դիադինի լեռները։
Ծաղկոտնում հայկական ցեղերը բնակվել են վաղ ժամանակներից։ Ենթադրվում է, որ ուրարտական շրջանում (մ.թ.ա. IX-VI դարեր) Ծաղկոտնը կոչվել է Lusa, որից մնացել է գավառի ուշ շրջանի իշխանական տոհմի ներկայացուցիչների «Ալուզ» անունը։ Արտաշեսյանների և Արշակունիների տիրապետության ժամանակ (մ.թ.ա. 189-մ.թ.428) Ծաղկոտնը հաճախ ենթարկվել է պարսիկների և հռոմեացիների հարձակումներին։ 368-369 թվականներին պարսից Շապուհ II ավերել է Զարեհավան քաղաքը և գերեվարել 13 000 ընտանիք, որից 5 000 հայ։ Ծաղկոտն սկզբում պատկանել է Գնունիների նախարարական տանը, հետո անցել է Արշակունիների արքունիքին։
Հայաստանի առաջին բաժանումով (387թ) Ծաղկոտն անցել է Պարսկաստանին, 591 թվականին՝ Բյուզանդիային, իսկ VII դարի 2-րդ կեսից՝ արաբներին։ X դարի 2-րդ կեսին Հայաստանի մեծ մասը, այդ թվում Ծաղկոտնը, անցավ Բագրատունիներին. XI դարի կեսին Ծաղկոտնը գրավել են սելջուկ-թուրքերը։ XII դարի սկզբին հայ-վրացական միացյալ զորքերը Զաքարե Զաքարյանի հրամանատարությամբ ազատագրել են Ծաղկոտնը։ 1236-1237 թվականներին Ծաղկոտնը գրավել են մոնղոլները, 1387 թվականին՝ Լենկթեմուրի զորքերը, XV դարում՝ ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքմեն ցեղերը, իսկ XV դարի սկզբին՝ օսմանյան թուրքերը։ XIX դ.-XX դ. սկզբին ռուսական զորքերը երեք անգամ՝ 1828թ, 1877թ, 1916թ գրավել են Ծաղկոտնը։
Ծաղկոտնը Հայաստանի մշակութային կենտրոններից էր։ Գավառի նշանավոր բնակավայրերից էր Զարեհավան քաղաքը, որտեղ, բացի հայերից, բնակվել են նաև հրեաներ (նրանց մ.թ.ա. I դարում գաղթեցրել էր Տիգրան Բ Մեծը)։ 450 թվականին Ծաղկոտնում ապստամբները կոտորել են պարսից մոգերին։ Ծաղկոտնում էին գտնվում Շահապիվան ավանը և վանքը, որի տեղադրությունը վերջնականապես չի ճշտված։ 443 թվականին (կամ 444թ) Շահապիվանում գումարվել է ժողով, որը հաստատել է մի շարք կրոնական-եկեղեցական օրենքներ և կանոններ՝ հիմնականում ուղղված մծղնեական աղանդավորական շարժման դեմ։ Ծաղկոտնում հիշատակվում են նաև Անգղ բերդը և գյուղաքաղաքը։
Բագրևանդ՝ գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, տարածվում էր Արածանիի վերնագավառում՝ Հայկական Պարի, Ծաղկանց և Դիադինի լեռների միջև։ Հնում Բագրևանդը գրավել է ավելի մեծ տարածք՝ նրա մեջ մտել է նաև Ծաղկոտն գավառը։ Բագրևանդի տարածքի մեծ մասը կազմում էր իր բերրիությամբ հայտնի Ալաշկերտի դաշտը։ Ըստ վարկածներից մեկի, Բագրևանդը եղել է Բագրատունիների տոհմական գավառը, և Բագրևանդ ու Բագրատունի անունները կապ ունեն իրար հետ։ Գավառի պատմական նշանավոր վայրերն են՝ Վաղարշակերտ բերդը, Բագավան քաղաքը, Ձիրավ դաշտը։
Արշարունիք` գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, հնում հայտնի էր նաև Երասխաձոր անունով։ Սկզբնապես պատկանում էր Արշակունիների արքունական տանը, սակայն հետագայում տրվում է Արշակունիների տան ճյուղերից մեկին` Կամսարական նախարարական տանը։ Ենթադրվում է, որ իր անունը ստացել է գավառի առաջին տիրակալ՝ Արշավիր Կամսարականի անունից։ Գավառը տարածվում էր Երասխ և Ախուրյան գետերի կազմած արևմտյան անկյունում։ Արշարունիքում էին գտնվում Կաղզվանի հայտնի աղահանքերը։
Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Հայաստանի բազմաթիվ այլ նախարարական տների հետ միասին աստիճանաբար իրենց քաղաքական ազդեցությունը կորցնում են և Կամսարականները։ 8-րդ դարի վերջին Կամսարականները Շիրակի և Արշարունիքի իրենց կալվածքները դրամով վաճառում են Բագրատունիներին։ Արշարունիքը առանձնապես կարևոր դեր է խաղացել Բագրատունիների թագավորության շրջանում։
Գավառի առավել նշանավոր պատմական վայրերն են՝ Երվանդաշատ, Երվանդակերտ, Բագարան քաղաքները և Արտագերս ամրոցը։
Հավնունիք, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ VIIդ. «Աշխարհացույց»-ում հիշատակվում է որպես Այրարատ նահանգի 4-րդ գավառ։ Տարածվում էր Արաքսի ձախ աձին, Բասենի և Արշարունիքի միջև, կենտրոնն էր Հավնիք կամ Ավնիկ բերդավանը։ Պատկանում էր Հավնունիների տոհմին, որն առաջացել է Կամսարականների նախարարական տոհմի ճյուղավորումից (Vդ.)։ Արաբական տիրապետության շրջանում (VII-IXդդ.) Հավնունիքում առաջացել էր արաբական փոքր ֆեոդալական իշխանություն, որը ենթակա էր Կարինի ամիրայությունը։ 949-ին Հայաստանի որոշ շրջանների հետ Հավնունիքը գրավեց Բյուզանդիան։ XIIդ. վերջին-XIIIդ. պատկանում էր Զաքարյաններին։
Գաբեղյանք, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Եղել է համանուն Գաբեղյանների ժառանգական հայրենիքը։
Աբեղյանք, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Ուրարտական Սարդուրի Բ թագավորի արձանագրության մեջ հիշատակվում է Աբիլիանիխի ձևով։ Տեղադրվում է Երասխ (Արաքս) գետի ձախ ափին՝ Մեծրաց լեռներից հարավ։ Աբեղյանքին ժառանգաբար տիրում էին Աբեղյանները։ Կենտրոնն էր Մժնկերտ բերդաքաղաքը, այստեղից էլ՝ Աբեղյանքի նաև Մժնկերտ անվանումը։
Բասեն՝ (Բասյանք) գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, անունը ծագում է հնում գավառի տարածքում բնակվող բասյաններ ժողովրդի անվան հետ (հիշատակվում է հույն պատմիչների, մասնավորապես՝ Քսենոֆոնի կողմից մթա 5-րդ դարում)։
Հնագույն ժամանակներում Բասենն ընդգրկել է մի լայնածավալ տարածություն։ Նրա կազմի մեջ են մտնում ոչ միայն «Աշխարհացոյց»-ում նկարագրված Բասենը, այլև ամբողջ Վանանդ գավառը (Կարսի և Սարիղամիշի շրջաները), որը կոչվել է Վերին Բասեն։ Հետագայում այս գավառը մասնատվել է երկու մասի՝ Բասենի և Վանանդի։ Ավելի ուշ՝ Բասենը բաժանվում է առանձին նախարարությունների՝ Բասենի, ուր իշխում էր Որդունի նախարարական տունը, և Աբեղյանքի, Գաբեղյանքի ու Հավնունիքի, ուր իշխում էին նույնանուն նախարարական տները։
Բասենը տարածվում էր Կարինից արևելք, Արաքսի ձախ կողմում, այժմյան Բասեն (Բասինլար) սանջակի տեղում։ Բասենը հարթավայրային է, երկրագործության համար ունի նպաստավոր հողակլիմայական պայմաններ։ 4-րդ դարում Բասենում իշխում էր Որդունի նախարարական տունը, որոնք Ապահունիք և Հարք գավառներում իշխող Մանավազյանների տան հետ ֆեոդալական կռիվներ մղելու պատճառով սրի են քաշվում Խոսրով Կոտակիհրամանով Վաչե Մամիկոնյան սպարապետի կողմից, իսկ նրանց կալվածքներն ամբողջությամբ տրվում են եկեղեցուն։ Բասենի հիշարժան վայրերից են՝ Որդորու և Դու բնակավայրերը, Վաղարշավան ավանը, Օկումի ավանը, Բողբերդը, Ավնիկ բերդը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել