Մի տարօրինակ բան եմ նկատում Սիրիայի կառավարական զորքերի մարտավարության մեջ: Ինչպես գիտենք, սիրիական պատերազմում հիմնական մարտական գործողությունները ընթանում են քաղաքներում: Այլ կերպ ասած՝ բնակավայրերում: Երբ դիտում եմ մարտերի կադրերը, զարմանում եմ, թե ինչու են սիրիացի զինվորականները ահաբեկիչներից մաքրում տարածքներ այդքան երկար ժամանակահատվածներում: Երբ այդ թաղամասերում կան խաղաղ բնակիչներ կամ մշակութային հուշարձաններ, դեռ հասկանալի է, որ այնպես են ուզում անել, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չլինեն, իսկ մշակութային կոթողները չտուժեն: Բայց երբ տեսնում ես, որ շաբաթներով ռազմական գործողություններ են իրականացնում այն թաղամասերում, որտեղ չկան խաղաղ բնակիչներ կամ կոթողներ, զարմանում ես նրանց վրա: Նրանք մաքրում են տարածքը` տալով մարդկային և տեխնիկական կորուստներ. ճիշտ է` մարդկային մսաղացով չեն անում դա՝ խնայելով անձնակազմը, բայց դե, միևնույնն է, տալիս են կորուստներ: Չեմ հասկանում նրանց լոգիկան: Ինչու չեն համազարկային կայանքների միջոցով հողին հավասարեցնում այդ թաղամասերը՝ թաղելով ահաբեկիչներին ավերակների տակ: Կասեք, որ հետագայում հեշտ լինի վերականգնելը: Բայց ախր առանց այդ էլ այդ շենք շինությունները այնպես են ավերվում, որ հաստատ պետք է քանդել ու նորից կառուցել: Այնտեղ տները և բազմաբնակարան շենքերը հիմնականում քարից չեն, այլ էժան և հեշտ արտադրվող նյութերից: Կարող են ավելի արագ այդ թաղամասերը հողին հավասարեցնել, իսկ նրանց շուրջ ստեղծել անվտանգության գոտի՝ չթողնելով ահաբեկիչներին տարածվել այլ թաղամասեր: Բնականաբար, վերականգնվելը նույն ծախսն է լինելու՝ անկախ ավերածության մակարդակից, իսկ իրենք կխնայեն անձնակազմն ու տեխնիկան, ժամանակնել արագ կանցնի դեպի հաղթանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել