Այսօր, երբ համացանցի տարածման ու մատչելիության հետ հեռուստատեսությունը որպես տեղեկատվության միջոց աստիճանաբար զիջում է իր գերիշխող դիրքը և վերածվում է զվարճանքի ու ժամանցի միջոցի, արժե հետահայաց քննության ենթարկել հայկական հետխորհրդային հեռուստատեսության անցած ճանապարհը՝ մատնանշելով այն հիմնական կանգառները, որ եղել են այդ ճանապարհին։
Ամենամեծ փոփոխությունը հայկական հեռուստատեսության մեջ կապված է ԱԼՄ-ի հետ՝ այն հեռուստաալիքի, որ տասը տարի էկրանների մոտ գամված պահեց հայ հեռուստադիտող հասարակության ամենատարբեր շերտերին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ անկախ Հայաստանի հեռուստատեսության պատմությունը բաժանված է երկու մասի՝ ԱԼՄ-ից առաջ և ԱԼՄ-ից հետո։

1 ԱՐ կամ իրոնիայի քնքշանքը

ԱԼՄ-ից առաջ մենք ունեինք հեռուստատեսություն, որը փորձում էր հաղթահարել խորհրդային հեռուստատեսության ժառանգությունը, բայց դեռ բազմաթիվ թելերով կապված էր դրան։ Շուկայի ազատականացմամբ, ժողովրդավարական պլյուրալիզմով, ապագաղափարականացմամբ պայմանավորված՝ ստեղծվել էր նոր իրավիճակ, որում խորհրդային հեռուստատեսության նախկին գործառույթներից շատերն այլևս ժամանակավրեպ էին, սակայն շարունակում էին կիրառվել ամբողջությամբ կամ մասնակի։ Հանրայնացման ու կոմերցիոնալիզացիայի անխուսափելի գործընթացների արանքում հայտնված հեռուստատեսությունը փորձում էր ազատվել գաղափարաբանական պրոպագանդայի և կրթական գործառույթներից։ Հանրայնացման գործընթացը ենթադրում էր, որ հեռուստաարտադրանքը պետք է բավարարեր հանրության տարբեր ու հնարավորինս շատ շերտերի պահանջները, իսկ կոմերցիոնալիզացիան ենթադրում էր հեռուստաարտադրանքի պատրաստում համաձայն շուկայի պահանջների։ Սակայն եթերում շարունակում էր գերակշռել բարձր մշակույթը, որը  չէր կարող մեծ լսարան ունենալ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա։ Միևնույն ժամանակ եթերը բոլորովին փակ էր ռաբիզի ենթամշակույթի համար, որն ուներ հետևորդների ոչ փոքրաթիվ զանգված։ Այսինքն՝ տեղի էր ունենում ճաշակի թելադրում ուղղահայաց ձևով, ինչպես խորհրդային ժամանակներում։ Կրթական գործառույթը առայժմ հաղթահարված չէր, սակայն հեռուստատեսությունն ավելի բաց էր, և եթեր էին թափանցում խորհրդային տարիներին լուսանցքային համարվող տարրեր, ինչպես, ասենք, պոռնոգրաֆիան էր և «ավանգարդը»։

Հետխորհրադային հայկական հեռուստատեսության կվինտէսենցիան 90-ականների ԱՐ հեռուստաընկերությունն էր, որի օրինակով կարելի է ուսումնասիրել ժամանակի գլխավոր միտումները։ Ար-ը էլիտար հեռուստաընկերության նմուշ էր, որքան էլ որ անհեթեթ հնչի նման  ձևակերպումը հեռուստատեսության վերաբերյալ։ Հեղինակային ֆիլմեր, օրիգինալ մտահղացմամբ հաղորդումներ, որոնց մի զգալի մասը կարող էր ցուցադրվել ոչ միայն հեռուստահաղորդման տեսքով և եթերում, այլև ցուցասրահում՝ կոնցեպտուալ արվեստի նմուշի ձևով («Դիվադաթար» , «Անուշադրության կենտրոն», «Չֆիլմ»  և այլն)։ ԱՐ-ում էր գործում խորհրդահայ անդերգրաունդը, դիսիդենտությունը, որը տասնամյակներ շարունակ սպասել էր իր գաղափարները տիրաժավորելու պատմական պահին։ Նրանք պրոֆեսիոնալ հեռուստամասնագետներ չէին, նկարիչներ էին, գրողներ, մտածողներ։ ԱՐ-ի հաղորդումներում գլխավորը ստեղծագործական մոտեցումն էր, օրիգինալությունը, եզակիությունը։ էմոցիոնալ ֆոնը քնքույշ իրոնիան էր՝ ինտելեկտուալի իրոնիան զանգվածային մշակույթի հանդեպ, որում ինքը գործում էր՝ դեռևս լավ չգիտակցելով այդ մշակույթի բնույթը, բայց կռահելով, որ գաղափարախոսությունն այլևս չի գործում և հղում անելով մեկ այլ, գաղափարախոսությունից վեր կանգնած ճշմարտության ատյանի։
ԱՐ-ի շնորհիվ հեռուստատեսության մեջ տեղի ունեցավ այն, ինչը կարծես թե ընդհանրապես հակասում է հեռուստատեսության էությանը՝ որպես զանգվածային մշակույթի օրրանի։ Այն մշակույթը, որ ծվարում է լուանցքային տարածքում, որը հանդիսանում է մարգինալացված փոքրամասնության մենաշնորհը,  հեռուստատեսային խողովակի միջոցով դարձավ ամենալայն ժողովրդական զանգվածների սեփականությունը։
Դա պայմանավորված էր նրանով, որ խորհրդային միության փլուզումից հետո իշխանության եկավ այլախոհ մտավորական էլիտան, որը հեռուստատեսության միջոցով թելադրում էր հանրությանն իր ճաշակը։ Ճոճանակի սկզբունքով՝ այդ էլիտային իշխանության մեջ շուտով փոխարինեց միլիտարիզացված, քրեական տարրը, որն իր հերթին հեռուստատեսություն բերեց իր ենթամշակույթը, իր ճաշակը՝ շարունակելով պարտադրել այն հանրությանը ուղղահայաց կերպով։ Ըստ էության շատ բան չփոխվեց՝ մեկ լուսանցքային երևույթին եկավ փոխարինելու մի այլ լուսանցքային երևույթ։ Հանրային հեռուստատեսության գաղափարը, որը պիտի սպասարկեր  հանրության բոլոր շերտերի պահանջները, մնաց անկատար։ Դրա իրականացմանն ամենից ավելի մոտեցավ ոչ թե Հանրային վերանվանված և պետության բյուջեից սնվող Ազգային հեռուստատեսությունը, այլ մասնավոր ԱԼՄ-ն։ Սակայն ԱԼՄ-ն դա արեց իսկապես այլընտրանքային ճանապարհով։

2 ԱԼՄ կամ ցինիզմի հաղթարշավը

ԱԼՄ-ի անվանումը՝ Այլընտրանքային լրատվամիջոց, արդեն իսկ հուշում է, որ ԱԼՄ-ն հղացված էր որպես այլընտրանք հայկական հեռուստատեսության տիրապետող տեսակին, որի իդեալական նմուշը ԱՐ հեռուստաընկերությունն էր։ Նախաձեռնողները մտադիր էին «այլընտրանք» ապահովել քաղաքական հարթության մեջ, սակայն ԱԼՄ-ի՝ հանրությանն առաջարկած այլընտրանքը գլխավորապես մշակութային եղավ։  ԱԼՄ-ի կատարած «մշակութային հեղափոխությունը»  վերաբերում է բարձր ու ցածր մշակույթների փոխատեղման ու միաձուլման, տոտալ ճաշակի վերացման գործնթացներին, որ տեղի ունեցան զանգվածային մշակույթի տիրապետության արդյունքում և այդ մշակույթի ներսում։  
Զանգվածային մշակույթը մինչև 20-րդ դարի կեսը նույնացվում էր ցածր մշակույթի հետ և ենթարկվում էր քննադատության եվրոպական ինտելեկտուալների կողմից՝ չնայած որ ԱՄՆ-ում այն արդեն ուներ պաշտոնական մշակույթի կարգավիճակ, ԽՍՀՄ-ն էլ թեպետ քննադատում էր այն բուրժուականության և հեդոնիզմի համար, բայց ուներ նույնի իր տարբերակը։ 20-րդ դարի կեսից վերաբերմունքը զանգվածային մշակույթի հանդեպ փոխվում է, դառնում է հանդուրժող և հակված առավել վերլուծության, քան քննադատության։ Դա վերաբերում է  արևմտյան աշխարհին, որը թևակոխում էր հետարդիության դարաշրջան։ Բացի այն, որ հետարդիությունը վերացրեց բարձր ու ցածր մշակույթների հակադրությունը, նաև այդ հակադրությունից հանեց զանգվածային մշակույթը։ Ի դեմս զանգվածային մշակույթի այլևս գործ ունենք  մշակույթի նոր տեսակի հետ, որը չի հակադրվում ոչ էլիտար, ոչ ժողովրդական, ոչ քաղաքային մշակույթներին։ Այստեղ խաչվում ու խաղաղ համագոյակցում են էլիտարն ու ժողովրդականը, բարձրն ու ցածրը։ Ճաշակի այս դեմոկրատացումը հասարակության դեմոկրատացմանն ուղեկցող գործընթաց է (պատահական չէ, որ այն Հայաստանում հնարավոր եղավ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո)։ Արվեստում առաջանում է հանրայնացման խնդիր, որը լուծում է ստանում ստեղծագործության բազմաշերտությամբ. ալյուզիաների, մեջբերումների ու հղումների առատությամբ՝ հետարդիական ստեղծագործությունը ինտելեկտուալ, տեղյակ «սպառողի» համար է, բայց անտեղյակին էլ չի ճնշում գիտունությամբ։ Յուրաքանչյուրն ստանում է  ըստ իր իմացածի, և ոչ ոք իրեն նվաստացած չի զգում։
ԱԼՄ-ի արտադրանքը ստեղծվում էր երևակայական «տգետի» համար, բայց այն դիտում ու հասկանում էր նաև ինտելեկտուալը՝ իրեն նսեմացած չզգալով։ Այսինքն ԱԼՄ-ն ընդհուպ մոտեցավ հանրայնացմանը, սակայն ոչ այնպես, ինչպես դա արվում է հեռուստատեսությունում (եթերաժամը տրոհելու և հանրության տարբեր շերտերի համար տարբեր արտադրանք ցուցադրելու ճանապարհով), այլ այնպես, ինչպես դա կաներ անհատ ստեղծագործողը՝ բազմաշերտությունն ապահովելով յուրաքանչյուր հաղորդման մեջ։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ ԱԼՄ-ն պրոֆեսիոնալների կոլեկտիվ չէր, այլ սիրող անհատ, մարդ-հեռուստաընկերություն։
Իհարկե, գոյություն չունի հեռուստատեսություն զանգվածային մշակույթից դուրս, մեր առօրյա կյանքն առհասարակ ընթանում է զանգվածային մշակույթի ներսում, և հեռուստատեսությունը մեր կյանքի այն մասը չէ, որ կարողանա դուրս սպրդել այդ մշակույթից։ Սակայն ինչպես ԱՐ-ը, այնպես էլ ԱԼՄ-ն գործում էին  զանգվածային մշակույթի օրինաչափություններին հակառակ։ Զանգվածային մշակույթը անանուն է, իսկ այստեղ առկա էր հեղինակային դրոշմով ստեղծագործական միտք։ Զանգվածային մշակույթում սիրողականությունն ու իմպրովիզացիան տեղ չունեն, սա նեղ մասնագիտացմամբ պրոֆեսիոնալների կոլեկտիվ ստեղծագործություն է։ ԱԼՄ-ում չկային պրոֆեսիոնալներ, բոլորը՝ հաղորդավարից մինչև քաղաքական գործիչ (որ հիմնականում ներկայացված էր միևնույն անձով), սիրողներ էին։ Զանգվածային մշակույթի արտադրանքը կոմերցիոն է, ԱԼՄ-ինը կոմերցիոն չէր, այն կարող էր վաճառվել միայն հեղինակի վրա (երգի ձայնագրությունը՝ կատարողի, քաղաքական հաղորդման տեսագրությունը՝ հյուրընկալված քաղաքական գործչի)։
Զանգվածային մշակույթի ամենակարևոր գործառույթներից մեկը ինկուլտուրիզացիան է, ինչի շնորհիվ անհատը հարմարվում է տվյալ մշակութային իրադրությանը։ Ինկուլտուրիզացիոն մեխանիզմը գործում է  հանրակրթության մեխանիզմի նման, սակայն զանգվածային մշակույթը ներկայանում է որպես զվարճանքի մշակույթ և առերևույթ հրաժարվում է իր վրա վերցնել կրթական պատասխանատվություն։ Այն «կրթում» է առանց կրթելու՝ միջինացնելով հանրության տարբեր շերտերում շրջանառվող գիտելիքը։ ԱԼՄ-ի հիմնադիր և տնօրեն Տիգրան Կարապետյանը առաջին հեռուստագործիչն էր, որը համարձակություն ունեցավ բացեիբաց հայտարարելու, թե կրթելը հեռուստատեսության առաքելությունը չէ։  Այս իրողության գիտակցումն էր, որ խթանեց հայկական հեռուստատեսության սրընթաց կոմերցիոնալիզացիան։
ԱՐ-ը և ԱԼՄ-ն այն ճանապարհն էին, որը պիտի անցներ խորհրդային հեռուստատեսությունը զանգվածային մշակույթի խողովակը դառնալու համար։ Պատահական չէ, որ ԱՐ-ն ու ԱԼՄ-ն գոյություն ունեցան ոչ միաժամանակ, այլ փոխարինելով իրար որպես մեկը մյուսի հակազդեցություն։ Եթե ԱՐ-ը իրոնիկ էր, ԱԼՄ-ն հանդես եկավ ցինիզմի դիրքերից։ Այն հերքեց որևէ «վերին ատյանի» գոյությունը և հենվեց ավելի ցածր շերտերի վրա։ Արժեքային համակարգի փլուզման դեպքում դա կողմնորոշման ճանապարհներից մեկն է։
ԱԼՄ-ին զուգահեռ հայկական հեռուստատեսությունը սկսեց փոխվել և ընդունել այն տեսքը, որն ունի այսօր։ Այն դարձավ հայկական զանգվածային մշակույթի անտարբեր հաղորդիչը, ինչպիսին և վիճակված է լինել հեռուստատեսությանը ժամանակակից աշխարհում։ 

2011 թիվ 

աղբյուրը՝

http://media.am/AR-and-ALM
http://media.am/alm-tv-past

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել