Tert.am-ը գրում է.

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով պաշտոնական այցով Մինսկում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ապրիլի 21-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ինչպես հգայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ ողջունելով նախարար Նալբանդյանին` նախագահ Լուկաշենկոն գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկայով, ինչպես նաև՝ ընդգծել նման հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ օրակարգում առկա արդիական հարցերի քննարկման, մտքերի փոխանակման համար:

Բելառուսի Նախագահը, ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների ջերմ, բարեկամական ու գործընկերային բնույթը, գոհունակությամբ նշել է, որ թեև երկու երկրների միջև առկա չէ հսկայական ապրանքաշրջանառություն, այնուամենայնիվ, զարգացման տեմպերը գոհացնող են, իրականացվել է մեծ աշխատանք տնտեսական կապերի ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է նաև, որ անհրաժեշտ է կանգ չառնել ձեռքբերվածի վրա և զարգացնել հաջողությունները:

«Մենք հսկայական ապրանքաշրջանառություն չունենք, բայց հաշվի առնելով, որ զրոյական ցուցանիշ ենք ունեցել, այսօր արդեն կարող ենք մեծ առաջընթացի մասին խոսել»,-ասել է Բելառուսի Նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Բելառուսի Նախագահին փոխանցել է ՀՀ Նախագահի ջերմ ողջույնները և նշեց, որ նախագահ Լուկաշենկոյի՝ անցյալ տարվա մայիսին Հայաստան կատարած այցելությունը և Նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր խթան հանդիսացան երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, որոնք իրապես շատ ակտիվ և դինամիկ են:

Նախարար Նալբանդյանն անդրադարձել է նաև միջկառավարական, միջխորհրդարանական, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովների աշխատանքներին՝ ընգծելով այդ ձևաչափերով փոխգործակցության կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման՝ շուրջ 23% աճի կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ բելառուս գործընկերների հետ միասին կշարունակվեն ակտիվ աշխատանքները՝ ուղղված այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:

Անդրադառնալով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցությանը` նախարար Նալբանդյանը նշել է, որ իրականացված են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված գրեթե բոլոր կետերը:

Նախագահ Լուկաշնեկոն խնդրել է իր ջերմ ողջյունները փոխանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ էր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել