Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը կայցելի Բելառուս: Նրան Բելառուսն է հրավիրել, համենայն դեպս՝ ըստ պաշտոնական հաղորդագրության: Դժվար է ասել՝ հայ-բելառուսական հարաբերություն ասվածի համար Նալբանդյանի այցերն են նշանակություն ունենում, թե, օրինակ, Գագիկ Ծառուկյանի՝ Լուկաշենկոյի ընկերոջ: Այս դեպքում, սակայն, խնդիրն ամենայն հավանականությամբ, հայ-բելառուսական հարաբերությունը չէ, այլ Մաքսային կամ Եվրասիական միությունը: Հերթական անգամ Հայաստանի վերաբերյալ տարածվել են իրարամերժ տեղեկություններ: Նախ տարածվեց, որ Մինսկում ապրիլի 29-ին տեղի ունենալիք հավաքին Սերժ Սարգսյանը կստորագրի Մաքսային միությանն անդամագրվելու մասին պայմանագիրը, հետո հայտարարվեց, թե թյուրիմացություն է եղել: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, որի անունով էին եղել երկու իրարամերժ տեղեկությունները, ասել էր, որ թյուրիմացությունը եղել է իր մեղքով: Ու հետագա թյուրիմացություններից խուսափելու համար էլ նա նոր ամսաթիվ չէր նշել, ասել էր միայն, որ Հայաստանը կստորագրի մայիսի վերջին կամ հունիսին: Ընդ որում, նա հայտարարել էր նաեւ, որ գուցե միանգամից ստորագրվի Եվրասիական միություն մտնելու պայմանագիրը: Ակնհայտ է, որ Հայաստանի անդամակցության մասով ինչ-որ բան այնպես չէ: Հավանաբար Բելառուսում Նալբանդյանի հետ խոսելու են հենց այդ մասին: Մինսկն ու Աստանան իրենց խնդիրներն ունեն Ռուսաստանի հետ: Ռուսաստանին անընդհատ պահանջներ են ներկայացնում: Հայաստանի հարցը, ըստ ամենայնի, կախված է հենց այդ իրավիճակից: Այսինքն՝ միությունը չի որոշակիանում եռյակի միջեւ, որպեսզի հետո որոշակիանա դրանում Հայաստանի տեղը: Կարծեք նկատելի է, սակայն, որ եռյակն այնքան էլ շահագրգռված չէ Հայաստանին հիմնադիր անդամի կարգավիճակ տալու հարցում: Հավանաբար ցանկություն չկա «կարգավիճակ» բաժին հանել նաեւ Երեւանի համար: Օրինակ՝ կարծես թե պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Աստանան կլինի նոր ստեղծվելիք միության ֆինանսական մայրաքաղաքը, Մինսկը՝ դատական, իսկ Մոսկվան՝ քաղաքական: Եթե Երեւանը դառնա հիմնադիր, ապա ինչ-որ բան էլ Երեւանին պետք է թողնեն: Իսկ ի՞նչ թողնեն, կամ ինչո՞ւ: Թվում է, որ այս իրավիճակը չարյաց փոքրագույնն է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը չի մտնում այդ չարաբաստիկ Մաքսային միություն: Սակայն դա երեւի թե խաբկանք է: Հայաստանի համար իրավիճակը ամենավատն է այժմ, երբ, այսպես ասած, «արգելանքը» դրված է, իսկ հարցը չի լուծվում: Այսինքն՝ Հայաստանին խցանել են խողովակի մեջ: Հայաստանն այս վիճակում փաստացի որեւէ իրավունք չունի ՄՄ-ից դուրս, միեւնույն ժամանակ, որեւէ, գոնե ձեւական իրավունք չունի ՄՄ ներսում եւ կարծես թե չի ստանում Եվրասիական միության ձեւավորման գործընթացի գոնե ձեւական իրավունք: Ընդ որում, այս ամենը հազիվ թե լինի Երեւանի կամքով: Այսինքն՝ Երեւանի կամքով չէ, որ ձգձգվում է անդամակցությունը: Երեւանն այդքան կամք չունի, այստեղ պատրանքներն ավելորդ են: Անդամակցությունը ձգձգվում է, որովհետեւ ձգումներ կան եռյակի հարաբերություններում, գուցե նաեւ Մոսկվան է փորձում գտնել ամենահարմար պահը՝ միության ձեւավորումը ներկայացնելով որպես Արեւմուտքի հանդեպ շռնդալից հաղթանակ: Խնդիրը պարզ է՝ Մոսկվայի համար այս փուլում կարեւոր է լինելու թուղթը, ոչ թե բուն միությունն իր օրգանականությամբ: Աստանան ու Մինսկը դա հասկանալով, փորձելու են Մոսկվայից այդ թղթով պոկել առավելագույնը՝ հետագայի համար: Իսկ Հայաստանը դրա գոնե տեսական հնարավորությունից է զրկված: Ավելին, չի բացառվում, որ Հայաստանին փորձեն օգտագործել միմյանց հետ հարաբերություններ պարզելիս: Վերջում ընդամենը Երեւանի փոխարեն որոշելու են եւ ասեն, թե երբ գնան Մոսկվա, Մինսկ կամ Աստանա ստորագրելու: Չի բացառվում, որ Հայաստանին ստորագրելու համար կանչեն, օրինակ, Ռոստով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել