1. Վերջին 25 տարում ռազմական կոնֆլիկտների թիվը (միջպետական և ներպետական) կրճատվել է ավելի քան 50%-ով: Եթե վերջին 600 տարում միջինում Արևմտյան Եվրոպայում տարեկան 2 միջպետական նոր ռազմական կոնֆլիկտ էր սկսվում, ապա 1945-ից հետո նման ոչ մի կոնֆլիկտ չի եղել:

Նույն ժամանակահատվածում ամենահարուստ 40 պետությունները միմյանց հետ ռազմական կոնֆլիկտի մեջ չեն մտել:

2. Վերջին մի քանի հարյուր տարիներին մարդկությունը հսկայական նյութական ու հոգևոր արժեքներ է ստեղծել` շնորհիվ մարդկանց ստեղծագործական ունակությունների զարգացման ու համագործակցության համար բարենպաստ խաղի կանոնների (դեմոկրատիայի ու ազատ շուկաների) հաստատման: Քանի գնում, տաղանդավոր մարդու համար ինքնազարգացման, կատարելագործման, իր ու շրջապատի, աշխարհի մարդկանց կյանքը բարելավելու հնարավորությունները մեծանում են: Այսօրվա երեխան կարող է անհամամետ ավելի մեծ ծավալի ու որակի ինֆորմացիա ստանալ, սովորել` միավոր ժամանակահատվածում, քան ես (ու իմ հասկակիցները)` 90-ականների սկզբին, իսկ ես ավելի լայն հնարավորություններ ունեմ, քան ունեին իմ ծնողները:

3. Շնորհիվ ազատ շուկայական կանոնների հաստատման` հարյուրավոր միլիոնների հասնող մարդիկ Չինաստանում ու Հնդկաստանում վերջին 20-25 տարում դուրս եկան ծայրահեղ աղքատությունից ու դարձան միջին խավ:

4. Ժամանակակից ազատ շուկայական հարաբերություններում ապրող միջին անհատը ամենաբարձր բարոյական որակներով է օժտված, քան երբևէ եղել է աշխարհում: Օրինակ` սեփականության իրավունքի պաշտպանությունից բացի, շուկայական հարաբերությունների հիմքը պայմանագրային պարտավորությունների կատարումն է, իսկ Արևմուտքում պայմանագրերի 90 տոկոսը բանավոր է կնքվում (եթե բոլորը գրավոր կնքվեին, ոչ միայն ժամանակի, ռեսուրսների հսկայական վատնում կլիներ, այլև դատական համակարգն ուղղակի կխցանվեր): Այլ կերպ ասած` այսօրվա մարդը գիտի իր խոսքի արժեքն ու իր խոսքի տերն է, չի քցում, ազնիվ է, կատարում է իր պարտավորությունները, հակառակ դեպքում ժամանակակից աշխարհում առաջ չի գնա: Մեկ այլ օրինակ` զարգացած աշխարհը երբեք այսքան հոգատարությամբ չի վերաբերվել իր ծերերին ու հաշմանդամներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել