Հիշում եմ՝ մի 15 տարի առաջ՝ Զատկի օրը, թղթե օրագրումս գրել էի, թե ինչ անհեթեթ է ինձ համար էս տոնը՝ հաշվի առնելով, որ էս գունավոր զիզի–բիզի ձվերը կապ չունեն Քրիստոսի կամ նրա հարության հետ։ Շատ տոներ կան, որ ահագին հեռացել են իրենց բուն իմաստից, բայց էս մեկը երևի էդ առումով ամենաշատ հեռացածներից է։

Զատիկի՝ ինձ համար միակ հետաքրքիր բաղադրիչը հիմա այն է, որ տղաս մի քիչ զվարճանում է ներկած ձվիկներով` դրանք կռվեցնելով։ Բայց դե մենք առանց դրա էլ լիքը ուրիշ կրեատիվ բաներ ենք միասին անում, ձվեր ներկելն էդ ամենի մեջ առանձնապես մեծ բան չի, որ հանուն դրա ամեն տարի ձու ներկեմ։ Ես ոչ քրիստոնյա եմ, ոչ էլ ձու եմ ուտում (չհաշված, որ մեկ–մեկ կարող է ուտեմ բաներ, որոնք մի քիչ ձու են պարունակում), չնայած էս անգամ, երբ մայրս ու քրոջս ընտանիքն էլ մեզ մոտ են, տոնը նշեցինք՝ ձվերով ու մնացած բաներով։ Ես էլ խախտեցի համարյա երկու տարվա անձվակերությունս ու մի հատիկ ձու կերա, բայց հետո մտածեցի, որ չպիտի ուտեի։

Ինձ որ մնա՝ ո՛չ Զատիկ կնշեմ, ո՛չ Նոր տարի, ո՛չ էլ կերուխումի վրա հիմնված որևէ այլ տոն։ Ընդհանրապես ընդունված տոներն ինձ արդեն վաղուց սկսել են չհետաքրքրել։ Երևի պիտի տոնի խորհուրդն ինձ իսկապես իմաստալից ու կարևոր թվա, որ էդ տոնը նշելու ցանկություն ունենամ, իսկ էդպիսի տոնը դժվար թե սննդային կամ այլ առումներով հակասի իմ հայացքներին ու ապրելակերպին։ Նույնիսկ մտածում եմ՝ միգուցե ինքս ինչ–որ տոներ մոգոնեմ, որ ընտանիքով նշենք։ :))) Մյուս կողմից էլ դեռ վստահ չեմ, որ ընդհանրապես արժե ֆիքսված տոներ ունենալ։ Ծնունդներն ու մարտի ութը հերիք չե՞ն։ Կարելի է ուղղակի ինչ–որ բան տոնել` ըստ տրամադրության, իրավիճակի։ Կարծում եմ՝ ավելի իմաստալից ու հաճելի կլինի։ :))) Ի վերջո, տոնն ուրախության, հաճույքի հետ է ասոցիացվում, իսկ դրանք սովորաբար պատվերով չեն լինում։ Ինձ համար էս պարտադրված տոները նախ և առաջ հարկադիր աշխատանքի ու չհասցնելու տագնապների հետ են ասոցիացվում, իսկ որ իմաստն էլ չեմ տեսնում, ընդհանրապես որևէ մղիչ ուժ չկա նշելու։ Ու՞մ է պետք էդ ամբողջ իրարանցումը. մի փոր հացի համար արժե՞ էդքան տառապել։ Ես որ համարում եմ, որ չարժե։ Ես, իհարկե, միայն իմ մասին եմ ասում, իսկ թե ուրիշները ոնց են նշում կամ ոնց կնախընտրեին նշել՝ իրենց գործն է. ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ բողոքում, քանի դեռ ուրիշների ինչպես նշելն ինձ վրա անմիջականորեն չի անդրադառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել