Tert.am-ը գրում է.

Հայ-թուրքական գործընթացը լայն քննարկումների թեմա դարձնելով՝ մենք նոր մշակույթի հիմք դրեցինք. այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ «Մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները»,-ասել է Նախագահը։ 

Պատասխանելով  խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հայտնի արձանագրությունների մասին հարցին, Նախագահը ասել է. «Կարծում եմ, որ բոլորդ էլ տեղյակ եք, որ հայ-թուրքական գործընթացը մենք սկսել ենք, իսկ ավելի ճիշտ՝ հրապարակայնացրել ենք ազնիվ մղումներով, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի, և եթե որևէ մեկին թվում է կամ այն ժամանակ թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, ապա նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել: Ընթացքում տեսաք, որ մեր բանակցող կողմը, որովհետև դժվար է իրենց գործընկերներ ասել, փորձեց նախապայմաններ առաջադրել, փորձեց յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետև նաև փաստաթղթի որոշակի կետեր, բայց այսօրվա դրությամբ կարող ենք փաստել հետևյալը, որ հենց այդ պատճառով գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է:

Այնուհանդերձ, մենք պետք է արձանագրենք արդյունքները և, առաջին հերթին, այստեղ էլ ասենք, որ գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր, և որևէ մեկը չի կարող ասել, որ մենք մտածում էինք, որ, անպայման, կհասնենք խնդրի լուծման վերջնակետին: Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչու՞ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել