Իսկ դուք ատո՞ւմ եք Արևմուտքը

Շատ կարեւոր ա հասկանալ`որտեղից են սնվում հակաարեւմտյան տրամադրությունները Հայաստանում: Պատմությանը որ նայես` նոր բան չեն դրանք, դեռ Խորենացու ժամանակներից կան: Խորենացու ժամանակ Արեւմուտքը Բյուզանդիան էր, իսկ Արեւելքը` Ասորիքն ու Պարսկաստանն էին, եւ պայքարը հունասերների ու ասորասերների/պարսկասերների միջեւ սուր էր շատ, գուցե ավելի սուր քան էսօր: Խորենացին հունասեր էր, էսօրվա բառով ասած` արեւմտական եւ դրա համար կյանքի որոշակի մի շրջանում հալածվել ա` մինչեւ մեռնելն ու հայոց պանթեոն մտնելը: Մենակ Խորենացին չի, հայոց պանթեոնի մեջ մտած անունների համարյա 90 տոկոսը, եթե ոչ ավելին, արեւմտականներ են եղել, բայց արի ու տես, որ հակաարեւմտականությունը մեզանում միշտ կա, ընդ որումոչ թե 10 տոկոսի, այլ շատ ավելի մեծ չափերով: Սա առաջին հայացքից պարադոքս ա թվում, բայց իրականում հստակ պատճառ ունի, եւ պատճառը քաղաքական ա: Հայ գրողների գերակշիռ մեծամասնությունը արեւմտական էին, որովհետեւ ակնհայտ էր Արեւմուտքի (նախ Բյունզանդիայի, հետո արդեն Եվրոպայի) քաղաքակրթական առավելությունը Արեւելքի նկատմամբ, բայց Հայաստանը քաղաքականապես Արեւմուտքի մաս դարձնել մեր պետական ու քաղաքական գործիչներին ոչ մի անգամ վերջնականորեն չհաջողվեց, Արեւելքը միշտ ներկա էր ու էսօր էլ ներկա ա Հայաստանում` որպես քաղաքական առայժմ անհաղթահարելի գործոն: Էսօր Ասորիքը չկա, Իրանը կա, բայց Հայաստանի քաղաքական կյանքում շատ էական ազդեցություն չունի, էսօրվա մեր Արեւելքը նախ եւ առաջ Ռուսաստանն ա եւ Հայաստանում եղած հակաարեւմտականությունն էսօր հենց ռուսական աղբյուներից ա սնվում հիմնականում: Ռուս դասականներից շատ-շատերն են հակաարեւմտական եղել (հենց մենակ Դոստոեւսկու մոլեգին հակաարեւմտականությունն ինչ ասես արժի): Իսկ սովետական շրջանումհակաարեւմտականությունն արդեն երկրի պաշտոնական գաղափարախոսությունն էր եւ հանդես էր գալիս որպես «պայքար իմպերիալիստների դեմ»: Էսօր Սովետական Միությունը չկա, բայց հակաարեւմտականությունը Ռուսաստանում առաջվա պես ուժեղ ա եւ դրսեւորվում ա որպես արեւմտյան քաղաքակրթությանը հակադրվող ռուսական/եվրասիական նոր քաղաքակրթություն/քաղաքական ալյանս ստեղծելու հավակնություն: Ու քանի որ էտ քաղաքական ալյանսի` Եվրասիական միության մեջ ռուսները ցանկանում են տեսնել նաեւ Հայաստանը, Ռուսաստանից եկող հակաարեւմտյան նպատակաուղղված քարոզչությունը Հայաստանում գնալով կուժեղանա, եթե չհանդիպի գիտակցված եւ կազմակերպված դիմադրության: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել