Երբ որ խոսում ենք իշխանափոխությունից, շատ է առաջ գալիս էն թեման, թե արդյո՞ք էդ նոր կառավարող կազմը որակական լուրջ տարբերություն ունենալու է գործողից, թե՝ ոչ։

Ի՞նչ եմ ես ակնկալում իշխանափոխությունից

Ես չեմ ակնկալում, որ իշխանափոխությունից հետո պայքարելու պատճառ չեմ ունենալու։ Չեմ ակնկալում, որ ամեն ինչ լավ է լինելու, ու որ միայն լավ մարդիկ են լինելու իշխանավորների մեջ։

Ակնկալում եմ, որ

1. Իշխանությունը ձեւավորված է լինելու արդար ընտրությունների միջոցով, ու ուրեմն ընտրողի ձայնը կարեւոր է լինելու ընտրվողների համար։ Ուրեմն՝ իմ բարձրացրած խնդիրները կարող են լուծում ունենալ։ Ընդհանրապես, իմհօ, ժողովրդավարությունը հենց էդպես է աշխատում, որ քաղաքացիական հասարակությունը անհրաժեշտության դեպքում ճնշում է քաղաքական իշխանությանը ու, նրանք շահագրգռված լինելով, ընտրողներ, ազդեցություն կորցնելով, կատարում են քո պահանջները.

2. Կունենանք անկախ դատական համակարգ, (ու եթե 1-ին կետով չլուծվեն խնդիրները, ապա հնարավոր կլինի գոնե/նաեւ դատարանով կարգավորել):

Մնացած ամեն ինչը համարում եմ էսօր երկրորդական։ Չեմ մտածում «մշակութային իշխանափոխության» մասին, որովհետեւ մշակութայինը երեք օրում չի տեղի ունենում, իսկ ես ուզում եմ՝ հնարավորինս արագ կարողանամ ազդեցություն ունենամ իշխանության վրա։ Երբ ունենամ ազդեցությունը, իմ ձայնը կարեւոր լինի եւ հասանելի, դրանից հետո, ժամանակի ընթացքում կլինի նաեւ մշակութային իշխանափոխությունը։

Իսկ էսօր, եթե մենք մտածենք մշակութային փոփոխության հասնելու մասին, ու մտածենք Սերժին փոխել միայն ավելի «սիրուն», «լավ պահվածքով» մարդկանցով, կարող է հասնենք էն վիճակին, որ ոչ Հայաստան ունենանք, ոչ էլ նույնիսկ Սերժ։

Ու վերջիվերջո, լավ իշխանությունը ոչ թե էն իշխանությունն է, որը բաղկացած է «լավ» մարդկանցից ու «լավ» մտքեր ունի, այլ էն իշխանությունը, որը ուզում է ու ունի հնարավորություն լսելու ակտիվ քաղաքացիներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել