Երկար տարիների ընթացքում մարդիկ նորանոր հնարներ են ստեղծում սեփական ներաշխարհը կողքից դիտելու, սեփական վարքի պատճառներն ու դրդապատճառնեը հասկանալու և վերլուծելու համար: Այս դեպքում մարդու գիտակցության համար առավել ընդունելին և ընկալելին՝ բնությունից զատ,  հանդիսանում է հասարակության գործունեության արդյունքում սաղմնավորված, հետագայում սնուցող և բնութագրող դեր ձեռք բերած մշակույթը` իր տարաբնույթ ճյուղերով հանդերձ: Մշակույթն ու արվեստը արժանի ալտերնատիվ են անհատի ինքնաճանաչմանն ու ինքնազարգացմանն ուղղված հոգեբանական  գործունեություններում: Այդ ճյուղերից մեկը ֆիլմն է:

Մեր օրերում կյանքը հեղեղված և պլանավորված է հեռուստատեսության  գոյությամբ: Այն ներկայացնում է տարբեր հաղորդումներ, ֆիլմեր, որոնք հանդիսանում են տիպիկ սոցիալական դերերի կլոններ և աղճատում նոր կյանք մտնող և դեռ չհասնունացած սոցիալական կողմնորոշման տեր դեռահասի պատկերացումները: Դրանք բթացնում են ինքնաբուխ ներքին բովանդակության  ներկայացման մեխանիզմները` հրամցնելով պատրաստի, սակայն կյանքի խորթ մոդելներ, որոնք դառնում են հետագայում ավելի հարազատ, քան ներքինը և սեփականը:

Ներկայիս  ժամանակահատվածը, լեցուն լինելով հեռուստատեսային և վիրտուալ աշխարհի կողմից մատուցվող տեղեկատվությամբ, բազմաբովանդակ ճանաչողական գործառույթներ և կենսափորձի հմտություններ  է հրամցնում հասարակությանը, որը հիմնականում հասարակական ինստիտուտների նորմերին և կանոններին համապատասխան դաստիարակությանը մեկտեղ, մարդուն նաև կրթում և  դարձնում է տեսողական տեղեկատվության կրողը, ինչի բաղկացուցիչ մասն է կազմում և տեղեկատվա-փոխանցիչ դեր է իրականացնում ֆիլմը: Հասարակության հիմնական խոցելի մասը, որի վրա մեծ արդյունավետությամբ ազդում է  տեսողական տեղեկատվության յուրաքանչյուր միջոց, հանդիսանում են 13-17 տարեկան երեխաները: Տարբեր գրական աղբյուրներում (Օ.Բ. Խուխլաևա, Գ.Ս Աբրահամովա, Վ.Ս Մուխինա) տարբեր կերպ են անվանում այս տարիքային սահմանը, սակայն հիմնական բնութագրական և գիտական  բովանդակությունը համալրվում է «ավագ դպրոցական» կամ «դեռահաս» անվանումներում:  Այս տարիքում հիմնականում ընկալունակությունը և նորի փնտրողականությունը շատ վառ արտահայտված է  և հանդիսանում է նրանց հիմնական հետաքրքրությունների դրսևորման դրդապատճառ: Այս ամենի հիմքում, ինչպես նաև գիտական մեկնաբանությունների հիմքում, ընկած է անձի սոցիալականացումը, որը սկսվում է ծննդյան պահից և իր մեջ ներառում է սոցիալական տարբեր փուլային համակարգեր` ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, տարիքային խմբակներ, համալսարան և այլ հասարակական  ու կրթական համալիրներ: Անձի հիմնական զարգացման բովանդակությունը և գիտակցումը իրականանում է դեռահասության տարքում, քանի որ այս տարիքը հանդիսանում է սահմանային` մանկություն՝ անհոգություն - դեպի հասունություն՝ պատասխանատվություն, ինքնուրույնություն:

Սիրելի ծնողներ, դեռահասների սոցիալականացման հիմքը հիմնականում, բացի ընտանեկան  դաստիարակությունից, տեսողական տեղեկատվական  համակարգն է: Եվ անժխտելի հանգամանք է  ֆիլմերի ազդեցության արդիականությունը դեռահասի սոցիալականացման  վրա: Քանի որ նման տեղեկատվությունը անհնար է կառավարել, քանի որ այն ունի համահասարակական բնույթ, փորձեք կիրառել ձեր կառավարման և իրավունքների սահմաններում ունեցած  ամենահզոր զենքը՝ ծնողական խոսքը, որը ամենալավ բալասանն է Ձեր երեխայի զարգացման և արժանի քաղաքացի դաստիարակելու համար: Բայց հիշեք մի կարևոր բան՝ յուրաքանչյուր խոսք պետք է երեխային ներշնչի հասկացվածության, լիարժեքության և ընտրության իրավունքի զգացողություն, դրանք են, որ խթանում են անհատի ինքնաիրականացումը և անձին դրդում ինքնահաստաատվել և տեսողական յուրաքանչյուր տեղեկատվություն ընդունել որպես գիտելիք, այլ ոչ թե կրկնօրինակելու նյութ: 

Կինոհոգեթերապևտ Կամիլա Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել