Tert.am-ը գրում է.

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ոչ թե պետք է դիմի Ռուսաստանի Դաշնությանը, թե՝ մերոնց լավ տեղավորեք, այլ միջոցառումների հստակ ծրագիր պետք է ներկայացնի, թե ի՞նչ անենք, որ մերոնք մնան, ի՞նչ անենք, որ մերոնց չտանեն: Tert.am-ի զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ներգաղթյալների ֆեդերացիայի տարածածհայտարարությանը, թե միլիոնավոր ներգաղթյալներ, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին քաղաքացիներ, որոնք այսօրվա դրությամբ ապրում են Ռուսաստանի տարածքում, պատրաստ են ծառայել Զինված ուժերում և մասնակցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանությանը: 

«Այս ամենը տեղավորվում է ավելի վաղ հայտնած իմ մտահոգությունների մեջ՝ ծաղկաքաղ անել, տանել մեր քաղաքացիներին: Նաև փորձում են այդ քաղաքացիների պատրվակով միջամտել տվյալ երկրների ներքին գործերին»,-ասաց Լևոն Շիրինյանն, ապա ավելացրեց, թե իշխանությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա, աշխատի պետականորեն: «Թե չէ ժողովուրդն ամբոխի ձևով է, ինչ ասես՝ կանի»,-ասաց նա:

Քաղաքագետի հաղորդմամբ՝ Ազգային անվտանգության խորհուրդն այդ հարցը պետք է քննի ամբողջ տարողությամբ. «Որովհետև, հնարավոր է, որ մեզ տեղեկատվության մի մասը չի հասնում, ու դրան համապատասխան միջոցներ ձեռք առնի՝ ազգաբնակչությանը երկրում պահելու, անվտանգությունն ուժեղացնելու, հատկապես եթե երիտասարդության մասին է խոսքը»,-ընդգծեց Լևոն Շիրինյանը։

«Պաշտոնական խոսակցությունների մեջ էլ պետք է այդ հարցը բարձրացնեն ու ասեն, թե սա ի՞նչ է նշանակում: Չպետք է մեր իշխանավորները գնան ու ասեն, թե հարմար պայմաններ ստեղծեք, որպեսզի մերոնք այդտեղ հարմարավետ տեղավորվեն, այլ հակառակը պետք է անել, պետք է քայլեր ձեռնարկել ազգաբնակչությանը երկրում պահելու համար»,-հավելեց նա։

Նշենք, որ վերոնշյալ ֆեդերացիայի ներկայացուցիչները հայտնել են, որ «չեն կարող այլևս գտնվել դիտորդի դերում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել