Մուսա լեռան հերոսամարտ, Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանություն թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը կանխազգալով մոտալուտ վտանգը բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը, որ տևեց 1915թ-ի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը։ Վերջիվերջո ֆրանսիական և անգլիական նավերը տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան և տեղափոխեցին ինքնապաշտպանվող 4,231 հայերին Եգիպտոս, որտեղ հետագայում շատերը մտան Ֆրանսիական հայկական լեգեոնի կազմի մեջ։ Ոգեշնչված և տպավորված այս իրադարձություններով ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933թ-ին գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը։

Սկզբնական դեպքեր

Լեռան մոտ կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսինե, Վաքըֆ, Խդրբեկ, Յողունօլուկ, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, որոնց ավելի քան 6 հազար բնակիչներ զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները։ Սվեդիայի այդ գյուղախմբի հայ բնակչությունը շրջապատված էր մահմեդականներով։ Այստեղի բնակչությունը անձնվիրաբար է տարել թուրքական լուծը, բայց երբեք չի խոնարհվել դրա առաջ։ 1985 թվականին Սվեդիայի հայությունը խիզախաբար մարտնչեց հարձակվող թուրքերի դեմ և նունիսկ ժամանակավորապես՝ 3 տարով, ձեռք բերեց ինքնավարություն։ Սվեդիահայության մյուս խոշոր ելույթը տեղի ունեցավ 1909 թվականին՝ Ադանայի կոտորածի ժամանակ, երբ թուրք խուժանը փորձեց ջարդեր կազմակերպել Մուսա լեռան մոտ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկվելուց մեծ թվով Սվեդահայեր ենթարկվեցին Օսմանյան զորահավաքին։ Դրությունն ավելի լարվեց, երբ սկսվեց արևմտահայության տեղահանությունն ու բռնագաղթը, և սվեդիահայերը ականատես եղան Զեյթունի ծանր վիճակին։ Զեյթունի կաթոլիկ եկեղեցու քարոզիչ Տիգրան Անդրեասյանը, որը ի ծնե յողունօլուկցի էր և հազիվ էր փրկվել բռնագաղթից ու 1915 թվականի հուլիսին վերադարձել իր գյուղը, մանրամասն պատմել էր Զեյթունում կատարվածի մասին։
Հերոսամարտը
Հուլիսի 26-ն տրվեց Քեսապի հայության տեղահանման հրամանը, որը տագնապալից ազդանշան էր սվիդեահայության համար և նրանցից պահանջվեց փրկության ելք գտնել։ Հուլիսի 29-ն Յողունօլուկում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որը մեծամասնությամբ որոշեց դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա։ Թեև զենքը քիչ էր, բայց սվեդիահայերը, առանց կուսակցական խտրության, գերադասեցին դիմել անձնազոհ պայքարի, քան հանձնվել թշնամու ողորմածությանը։ Դժբախտաբար ոչ բոլորը ենթարկվեցին խորհրդակցության որոշմանը։ Մի խումբ հոգևորականներ և հարուստներ փորձում էին համոզել, թե իբր փրկությունը միայն հպատակության մեջ է, թե մեկուսացված սվեդիահայությունը հավանաբար չգաղթեցվի և այլն։ Բայց արդեն հուլիսի 30-ին Անտիոքի գայմագամ Մարուֆը հրամայել էր բոլոր հայերին թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել։ Դրանից հետո էլ հայ «խոնարհյալները» ուշքի չեկան և, կառչելով Մարուֆի հրամանատար եղած մի քանի կեղծ խոստումներին (թե իբր գաղթը կլինի ապահով ու խաղաղ, պետությունը երաշխավորում է աքսորյալների կյանքն ու կայքը և այլն), գերադասեցին բռնել գաղթի ուղին։ Այդ գիծն էին վարում հատկապես Բիթիաս գյուղի քարոզիչ Նոխուդյանը, Քեբուսեի քահանաներ Մարկոսն ու Մաթևոսը, Սամսոն աղան և ուրիշներ։ Այդպիսի պառակտչական վարքագծի հետևանքով ծայր առան անորոշությունն ու տատանումները, և ստացվեց այն, որ Սվեդիայի հայկական 6 գյուղերի բնակիչների մի մասը բռնեց կործանարար գաղթի ուղին, բայց մնացած մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը և մղեց անօրինակ հերոսամարտեր։ Հայրենասեր Տ. Անդրեասյանի և այլ քաջորդիների գլխավորությամբ, սվեդիահայերը ունեցած զենքով, պարենով, աննասուններով գիշերը բարձրացան Մուսա լեռը։ Շուտով այն վերածվեց հայկական ռազմական ճամբարի։ Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին, որի ճանաչված ղեկավարը դարձավ Ե. Յաղուբյանը։ Կարևոր դեր էին կատարում նաև Պետրոս Տմաքյանը, պետրոս Թութագլյանը և ուրիշներ։ Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին։ Եղանակը խոնավ էր ու անձրևային, և պահանջվեց շտապ կերպով վրաններ խփել, հյուղակներ, խրճիթներ շինել և տեղավորել բնակչությանը։ Գործը որոշ չափով հեշտացավ նրանով, որ լեռան վրա անտառներ կային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել