Բարսելոնան այլևս այն չէ:

Մարզիչ.
Երբ Տատան նոր էր ստանձնել Բարսայի ղեկը, զգացնել տվեց, որ նա հրաժարվելու է տիկի-տակա կոչվող խաղաոճից, և դավանելու է ավելի արագ և ավելի սուր գրոհներով խաղի, և բոլորս մտածեցինք, որ էլ չենք տեսնի այն Բարսան, որը կարող էր 82% տիրեր գնդակին, սակայն հաշվի մեջ զիջեր մրցակցին: Այնինչ, դա այդպես չէ: Բարսան խաղում է տիկի-տակայով, բայց սա Պեպի տիկի-տական չի, սա ավելի անորակ ու անարդյունք ֆուտբոլ է: Տպավորություն է, որ Տատան թիմին խաղադաշտ է դուրս բերում առանց մրցակցի խաղը ուսումնասիրելու և առանց հստակ հրահանգների: Բոլոր մրցակիցների դեմ խաղերում Բարսան գործում է միևնույն տխուր ու անհրապույր ֆուտբոլը և նույն տակտիկայով: Ասածիս ապացույցն է նաև այն, որ Պեպի Բարսան խաղարկում էր գրեթե բոլոր անկյունայինները, քանզի գիտակցում էր, որ Բարսայում գրեթե չկան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հաղթող դուրս գալ երկրորդ հարկում, իսկ Մարտինոյի Բարսան անում է հակառակը` այն դեպքում, երբ նույնիսկ խաղադաշտում չեն Պույոլը և Պիկեն, ովքեր Բարսայի եզակի ֆուտբոլիստներից են, ովքեր կարողանում են գլխով խաղալ:
Եվ ընդհանրապես, ով էր Տատան մինչև Բարսա գալը, ով էր իրեն ճանաչում, ով է լսել էս մասնագետի անունը: Տատան անելիք չուներ Եվրոպայում, իսկ եթե ունի էլ, ապա հաստատ ոչ Բարսելոնայում կամ Բարսելոնայի կարգի ակումբում:

Մոտիվացիա.
Բարսայի կազմում գրեթե բոլորը նվաճել են հնարավոր բոլոր տիտղոսները: Եվ հիմա, երբ ՉԼ-ի ¼-ից ճանապարհը զիջում են Ատլետկոյին ու հաջորդ իսկ խաղում պարտվում համեստ Գռանադային, հասկանում ես, որ այս տղաների մոտ բացակայում է մոտիվացիան: Եվ պատահաբար չի, որ վերջին մի քանի խաղում Բարսայի կազմում լավագույնը Նեյմարն է (այլ բան է ստացվում է խաղը թե ոչ), որովհետև նա ունի մոտիվացիա, նա ցանկանում է տիտղոսներ նվաճել, ցանկանում է գլխի վերևում պահել բաղձալի գավաթները: Հաջորդ խաղում Բարսան կարող է արդեն ցանկանալ խաղալ ու հաղթել, իսկ մյուսին նորից չցանկանալ:

Տրանսֆերային քաղաքականություն.
Ինչո՞ւ նախորդ պատուհանի ընթացքում թիմը ձեռք չբերեց կենտրոնական պաշտպանի այն դեպքում, երբ Պույոլը վնասվածք ուներ և բացի դրանից պատրաստվում էր հեռանալ մեծ ֆուտբոլից: Ինչու չգնեցին նոր դարպասապահի, երբ գիտեյին, որ Վալդեսը չի երկարաձգելու պայմանագրի ժամկետը: Ինչու վաճառեցին Տիագոյին, երբ Չավին արդեն 34 տարեկան է: Իսկ այսօր թիմը կանգնած է վտանգի առջև և հնարավոր է, որ Պինտոն ևս 6 ամիս պաշտպանի Բարսելոնայի դարպասը և ինֆարկտի հասցնի Բարսայի բոլոր երկրպագուներին:
Բարսելոնա, սա դո՞ւ ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել