Եթե մարդը, մարդ սպանելով, ցուըց է տալիս իր կենդանական էությունը, ապա ինքնասպանությամբ ցույց է տալիս թուլությունը, թե՞…

«Ինձ չփնտրեք»: Ավելին ասել չէր կարող. չէ՞ր կարող, թե՞ չէր ուզում: Միգուցե փորձեր բացատրություններ տալ, պարզաբանել, թե  ինչն է նրան մղում այդ քայլին, արդյոք չկան այլ լուծումներ, թերևս սա կօգներ  թափանցել ինքն իր հոգու մեջ և գտնել ապրելու  պատճառներ, որոնց թիվը կտրուկ տարբերբում էր մեկից: Բայց չարեց, միգուցե չգտավ իր մեջ բավարար ուժ ու կամք: Չգիտե՛մ:

Քայլ: Եվս մեկը: Հաջորդը:

Նրա քայլերը տանում էին դեպի վեր` տանիք. բարձրանում էր, բարձրանու՞մ, թե ՞ իջնում էր մարդկային թուլությունների ու մեղքերի անդունդը, իջնու՞մ էր, թե ՞ընկնում: Յուրաքանչյուր քայլ` կատարված դեպի տանիքը, նրան ավելի ու ավելի էր մխրճում ճահճի մեջ:

Գիտակցությունը վաղուց մթագնել էր, սիրտը` դադարել բաբախելուց, զգում էր ոսկորների ողջ ծանրությունը, որ ճնշում էր և հիմք հանդիսանում նրա`  կյանքը որպես բեռ ընկալելու համար:

Կյանքը բեռ չէ, այն մեծագույն պարգև է, որ տրվում է մարդուն ապրելու համար, ո՛չ ոչնչացնելու: Կյանքն ու նրա հնարավորությունները ճիշտ օգտագործելը, սխալվելն  ու յուրաքանչյուր սխալից դաս քաղելը, ունեցածդ գնահատելը, ավելիին ձգտելու հակումը, ձեռք բերածով չբավարավելը, անընդհատ ժպիտով ու պարզ մտքով ապագային նայելը. այս ամենը ամբողջանում է  մեկ բառի մեջ` ապրել, ապրել և ո՛չ գոյատևել, կամ քարշ տալ չնչին գոյությունը:

Ցավոք, նա ընտրեց երրորդ` ամենաանդունելի և դատապարտելի տարբերակը` ամենահեշտը:

Երբևէ լսե՞լ եք` ինչպես է մեխը ճռռում, երբ այն հանում են  փայտից, թերևս այս ձայնին կարող էր նմանվել նրա` այս երկրի վրա ապրել ձգտող հոգու ոռնոցը, ճիչ, որ ներառում է հիասթափություն, վախ, ատելություն և այլ` չարիքից ծնված զգացմունքներ, որ սպանում էին կյանքը նրա մեջ:

Իր ապրած կյանքի  տրամաբանական  շարունակություն որպես,  անում էր հերթական անմիտ ու աններելի, աններելի ու  անհասկանալի, «ան Աստված»  քայլը:

Հասավ տանիք` իր կյանքում հաղթահարած միակ «բարձունքը»: Եթե մի պահ մտածեր, որ հերոսություն է անում. գոնե կյանքի վերջին վարկյաններին իրեն ինչ-որ բան կզգար, լոկ ինքն իրեն համար որևէ արժեք կներկայացներ, ո՞վ իմանա:

Մեկ քայլ և նրա բոլոր խնդիրներին վերջ կդրվեր, մտահոգվելու առիթ այլևս չէր ունենա, ոչ ոք  նրան էր  անհանգստացնի, նոր էր հասկանում «ազատությունը» ինչ է:

Ազատությու՞ն, ազատվել կյանքի՞ց, ազատվել ազատությունից, որ Աստված է մեզ տվել:

Նայեց վերև, կապույտ, անբիծ լազուրում տեսավ իրեն` ոչինչը: Ներշնչեց իր թոքերի ողջ տարողությամբ և նետվեց առաջ` դեպի մոռացում: Եվ… և վերջ: Աշխարհն ազատվեց հերթական բեռից, որ հազիվ էր  պահում իր վրա, եթե մի օր Աշխարհը շուռ գա, ապա համոզված եմ, որ հենց  մարդկային բեռի ծանրությունից է շուռ գալու, այլ ոչ բնական աղետներից կամ այլ բաներից:

Իսկ ի՞նչն էր նրան  մղում այդ քայլին. դժվար է ասել: Միջավա՞յրը, հարազատնե՞րը, կյանքի անարդարությո՞ւնը, թե՞… հենց  ի՛նքը, որ  թույլ էր բոլոր նրանցից, ովքեր իրենից հետո շարունակելու էին ապրել:

Շատ լուսավոր ու խաղաղ մանկություն էր ունեցել` ծնողների, հարազատների սիրով շրջապատված: Բարեկեցիկ պայմաններում անցել էր  պատանեկությունը: Եերևի մարդը պետք է անմիջականորեն շփվի դժվարությունների հետ, իմանա` ինչպիսին է իրական կյանքը, որ չշեղվի ճիշտ ուղղուց:

Թերևս հենց  բարեկեցությունը մղեց նրան կյանքի այլ վայելքներ փնտրելուն. «նորու~յթ» էր ուզում, ստացա՛վ: Ծանոթացավ շա~տ «առաջադեմ» մի խմբի անդամների հետ, ովքեր կարողանում էին կյանքից «լիարժեք» օգտվել. բոլոր վայելքները նրանց համար էին: Դարձավ նրանցից մեկը և մխրճվեց ճահճի մեջ, որ այսօր նրան դեպի բարձրունքն Էր տանում: Դարձավ իր հիմարության և հասարակության  «հյուրնկալության» զոհը:

Մեղադրելը հեշտ է, հասկանալն է դժվար: Երբևէ փորձե՞լ եք հասկանալ անհասկանալին, արդարացնել դատապարտելին, պաշպանել թույլին, թո՞ւյլ, թե՞…

Հիվանդասենյակ: Հիվանդանոցային ճնշող մթնոլորտ, հազիվ շնչող  մի մարդ:

Դժվար է ասել`  նրա մեջ թուլությունն էր խոսում, թե` ուժն ու կամքը, երբ քսան րոպե ապարդյուն փորձելուց հետո, ցավերից տանջալլուկ ու դալկացած ձեռքը, ասես հաղթելով ինքն իր ավարայրը, հասցրեց սնուցող սարքին: Ցավն այնքան սաստիկ էր, իսկ ինքը` անզոր:

Դեղերը վաղուց չէին օգնում նրան, օրգանիզմը դադարել էր պայքարել, բժիշկները բոլոր հնարավոր եղանակներով փորձում էին մահը դանդաղեցնել: Դանդաղեցնել մահը, երկարացնել տանջանքը: Ոչ  իր, այլ հարազատների, որ երկու տարի է նրա հետ հավասար տառապում էին, տանջվում, գումարած ամենի անընդհատ հետապնդող մեղքի զգացումը, որ նրանց կյանքը դժոխքի էր վերածել: Նա շատ լավ տեսնում ու գիտակցում էր այս ամենը:

Ընդանրապես, մարդու ծնունդը մահից վերցված արձակուրդ է, իսկ ամեն օրը, լինի ուրախ թե տխուր` քայլ դեպի մահը. այն անխուսափելի է ,և հաղթող է այն մարդը, որ պարզ ճակատով, առանց վախի ու խուճապի կընդունի իր մահը:

Նրա ձեռքը մի վայրկյան չդողաց, ծանր ցավերից մռնչալով` ձեռքը  մեկնեց  դեպի անջատման կարմիր կոճակին, որ պայծառ փարոսի պես վառվում էր և փրկության, ցավից ազատվելու հույս էր տալիս:

Հավաքեց վերջին ուժերը: Ձգվեց դեպի սարքը:

Վերջին, խորը հանգիստ հոգոցը, որ մի ամբողջ կյանքի արժեք ուներ, դուրս հորդաց` իր հետ տանելով ողջ ցավը, տառապանքն ու կյանքը:

Հռիփսիմե Պապիկյան, Վանաձոր, «էվրիկա» հատուկ դպրոց, 12 դասարան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել