Սերժ Սարգսյանին որպես քաղաքական գործիչ չեմ համակրել և չեմ համակրում, իսկ իր ղեկավարած՝ Հանրապետական կուսակցության վերաբերյալ բազմաթիվ վերապահումներ ունեմ: Բայցևայնպես չեմ կարող դաշտը դիտարկելիս օբյեկտիվ չլինել: 
Այսպես ուրեմն. սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի այսօր կայացած նիստում Սարգսյանը ուղղակիորեն «ոչնչացրեց» իր հակառակորդներին: Եթե ուշադիր հետևենք ներկայումս մեր երկրի քաղաքական իրողություններին, ապա անհնար է չհամաձայնել այն փաստին, որ այսօր Սերժ Սարգսյանը լուծեց սպասվող «ազգային համաձայնության» կառավարության ամենաառանցքային հարցերից մեկը: 
Ինչպես հիշում ենք, «հրաշալի քառյակի» անքակտելի երկյակ համարվող ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հայտարարել էին, որ պատրաստ են ընդգրկվել կառավարությունում, եթե..... 
ԲՀԿ-ի «եթե»-կարծես լուծվում է Արգամիչի թեկնածությունով, իսկ ՀՅԴ-ի «Եթե»-ն լուծվեց այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից «բացահայտված» կետերով: 
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը կարելի է ասել բավարարում է նաև ՀՅԴ-ի պահանջը՝ խորհրդարանական հանրապետությանը անցման առաջարկով: 
Սպասենք իրադարձությունների զարգացմանը, որոնք, իմ կարծիքով, այսօրվա հանդիպումից հետո ավելի կանխատեսելի դարձան: 
Հ.Գ. Այսօրվա Սարգսյանի հանդիպման ընթացքը հատկանշական է նաև նրանով, որ նա պատմության մեջ է մտնում որպես ՀՀ այն նախագահը, ով, նախաձեռնելով Սահմանադրական բարեփոխումներ, համաձայն չէ (համենայն դեպս, այդպես է ասում) այդ բարեփոխումներից ամենակարևորի՝ հանրապետության կառավարման ձևի փոփոխության հետ, բայց, միևնույն է, «գնում» սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի: 
Հ.Գ.2 Իսկ «հրաշալի քառյակ»-ի կնքահոր կարգավիճակում հայտնված Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն քաղաքական դաշտը մեկընդմիշտ լքելու նախաշեմին է հայտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել