Չեմ հավատացել հենց այն պահից, երբ հայտարարեց ՀՆԱ-ն երկու անգամ ավելացնելու մասին: Պարզ էր, որ դա պոպուլիստական, էժանագին խոստում է` մահածնունդ: Հենց այն րոպեին մտածեցի` ինչքան էլ սա կառավարի, դատապարված են նրա թատերական խարդախության: Կյանքը հաստատեց:
Չեմ հավատում, որ մի ամիս առաջ, նույնիսկ աշնանը իբրև փորձել է հրաժարվել պաշտոնից: Թերևս դա կարող էր ճիշտ լինել. աշնանը, երբ պարզ էր, որ գործը հասել է ՍԴ-ին, ու մեկ ամիս առաջ, երբ զգացվեց, որ ընթացքը կարծես դուրս է պրծնում կառավարելի հունից, ու պետք էր փախուստի դիմել: Բայց չեմ հավատում:
Սուտասանի տունը վառվեց, ոչ ոք չհավատած:
Մինչև վերջի վայրկյանը հույս ուներ, որ կպլստա: Չպլստաց:
Հիմա էլ կարծում եմ, որ այս նախկին հրաշամանուկին պետք է դատել` համոզված լինելով, որ չարաբաստիկ «պարտադիրը» անձամբ նրա նախաձեռնությունն է: Չգիտեմ, կա՞ հոդված բարձրաստիճան պաշտոնյաին մեղադրել սուտ ասելու համար, բայց բյուջետային գումարները վատնելու փաստն ակնհայտ է: Ըստ էության՝ հակասահմանադրական օրենք (կամ օրենքի դրույթներ, տարբերություն չկա) մշակելով, քամուն տվեց մեր փողերը, որոնք հույս ուներ անմիջապես ետ բերել ջահելների հաշվին՝ պատասխանատվության բեռը թողնելով ապագա իշխանություններին: Ինչպես ասում են` հարսի բարիքներով փեսուն լավություն անել: Միայն թե փեսու դերում նա` իր մանկական, այդպես էլ չհասունացած երևակայությամբ, իրեն էր պատկերացնում:
Այսպիսի վարչական աճպարարությունը` ամբողջ երկրի մասշտաբով, պետք է պատժվի!
Թեկուզ ապագա վարչապետին` որպես դաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել