Tert.am-ը գրում է.

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, գործադիրը ի թիվս այլ հարցերի քննության է առել օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնցով հանդես են եկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածում փոփոխություն և լրացումներ կատարելու առաջարկությամբ հանդես եկած խորհրդարանականների նպատակն է սահմանել տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակ վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջը չկատարելու հարուցած պատասխանատվությունը: Օրենքի փոփոխությամբ, ըստ հեղինակների, կապահովվի նվազ վտանգավորություն ունեցող խախտման համար համարժեք պատասխանատվության կիրառումը: ՀՀ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ ներկայացված նախագծի ընդունմանը, սակայն, նկատի առնելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վիճակագրությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեությունը, նախագծի հեղինակներին առաջարկում է խնդրին անդրադառնալ խմբի աշխատանքի ավարտից հետո:

ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը միտված է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությանը, որի անհրաժեշտությունը, ըստ հեղինակների, բխում է այն հանգամանքից, որ օրենքը պարտադրում է աուդիտ անցկացնել այն կուսակցություններին, ում ակտիվների չափը գերազանցում է սահմանված շեմը. այսպիսով ֆինանսական բարդ վիճակում են հայտնվում աուդիտ անցկացնելու միջոց չունեցող կուսակցությունները: Պատգամավորներն առաջարկում են աուդիտի պահանջը գործի դնել տարեկան շրջանառու միջոցների սահմանված շեմից բարձր լինելու դեպքում: Կառավարությունն իր հերթին կողմ է օրենքի նախագծի այնպիսի խմբագրման, երբ աուդիտ չի անցկացվի այն դեպքում, երբ կուսակցության լիազոր մարմին հայտարարություն ներկայացվի, որ հաշվետու տարում կուսակցության ակտիվների փոփոխություն չի եղել: Այս առաջարկությունն ընդունելու դեպքում գործադիրն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել